1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը 25 տարվա դադարից հետո հայրենիքում կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախումբը

Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը 25 տարվա դադարից հետո հայրենիքում 
կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախումբը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանհինգ տարվա դադարից հետո հանրահայտ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը ժամանել է Հայաստան: Նա կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ համերգներով ներկայանալով Երևանում և Գյումրիում:

Երևանյան համերգը տեղի կունենա հունիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ Գյումրիի համերգը՝ հունիսի 18-ին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես մենակատար հանդես կգա ԱՄՆ-ից ժամանած ջութակահար Ռոբերտ Մքդաֆին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն Ունջյանն ասաց՝ Մքդաֆիի հետ վաղեմի բարեկամներ են. սովորել են միասին և բազմիցս հանդես են եկել համատեղ համերգներով՝ նվագելով բազմաբովանդակ երաժշտություն, իսկ Հայաստանի համերգներին հնչեցնելու են սիմֆոնիկ երկացանկի ամենագեղեցիկ և նշանակալից ստեղծագործությունները՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը:

«Բրամսի Ջութակի կոնցերտը շատ եմ ցանկացել ներկայացնել Մքդաֆիի հետ, սակայն առիթ չի եղել: Վերջապես հնարավորություն է ընձեռվել: Դա հրաշալի ստեղծագործություն է: Հիասքանչ է նաև Դվորժակի գործը: Երկար տարիներ ապրել եմ Նյու Յորքում: Դվորժակը 9-րդ սիմֆոնիան գրել է Նյու Յորքում ու այդ ստեղծագործությամբ իր հիացմունքն է արտահայտել Ամերիկայի նկատմամբ: Այս երաժշտությունը դասական է համարվում, այն ինտելեկտուալ է, բայց հասանելի է նաև լայն լսարանին»,-շեշտեց դիրիժորը:

Ռոբերտ Մքդաֆին իր հերթին ընդգծեց Բրամսի ստեղծագործության հանճարեղությունն ու ասաց, որ այն կատարել է  40 տարի առաջ, երբ դեռ երիտասարդ էր: Խոստովանում է՝ այդ ժամանակ հավանաբար այնքան հասուն չի եղել և լուրջ չի մոտեցել Ջութակի կոնցերտին: Կարծում է՝ հիմա այն յուրովի մեկնաբանելու ճիշտ ժամանակն է: «Փիթերի հետ Բրամսի Ջութակի կոնցերտի գաղտնիքները բացահայտեցի: Փորձերը լավ են ընթացել և  հետաքրքիր երկխոսություն է ստացվել»,-նշեց ջութակահարը:

Իսկ Ունջյանը, խոսելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին, ընդգծեց, որ այն հոյակապ է: «25 տարի առաջ եմ ղեկավարել նվագախումբը: Այն առատաձեռն է և սիրով է երաժշտություն նվիրում հանդիսատեսին: Մեծ հպարտություն եմ զգում՝ տեսնելով, որ այս նվագախումբն ունի բարձր մակարդակ»,-նշեց Փիթեր Ունջյանը:

Ըստ նրա՝ հայերը հյուրընկալ են, ջերմ են, իսկ Հայաստան կատարած այցն այս անգամ առանձնահատուկ է, քանի որ ժամանել է իր քույրերի, եղբայրների, կնոջ և որդու հետ:

Նա չմոռացավ խոսել նաև հայ կոմպոզիտորների մասին՝ շեշտելով, որ շատ է սիրում Խաչատրյանի գործերը, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությունը:

Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով վարպետությամբ՝ Ունջյանը հանդես է եկել նաև որպես ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու:

Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին որպես մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, որի յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է: Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, ներկայումս՝ Պատվավոր դիրիժորը՝ Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտո քաղաքի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է:

Հայաստանյան համերգները կազմակերպվել են «Քոնթուր գլոբալ» կազմակերպության հիմնադրման 7-ամյակի շրջանակում, կազմակերպություն, որը գրասենյակ ունի նաև Հայաստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]