Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Կամերային սիմֆոնիաների արարիչը...

Կամերային սիմֆոնիաների արարիչը...

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցը աղաղակում է ցավից, Սեւակը՝ նվվում, ներս գցում՝ դառնալով առավել ողբերգական ու մենակ... Չարենցին ինչպես փրկում, այնպես էլ կործանում է նրա հեղափոխականությունը, հեղափոխական ոգին, Սեւակը հեղափոխական չէ. նա մտածող է ու արձանագրող... Չարենցը բուռն է, հախուռն՝ նման լեռնային գետի, սրընթաց ու աղմկոտ, անհանգիստ ու չհանդուրժող: Սեւակը՝ որպես վարարուն գետը, կարող է ելնել ափերից ու տարածվել ամենուր, գրավել, իր մեջ առնել ամենքին ու ամեն բան...

Սեւակը բնույթով կամերային է, հախուռն տեմպերամենտը՝ ինքնազսպման տիրույթում, բանաստեղծություններից լսվում է ջութակի ձայնը, պոեմներում դառնում բազում ջութակների հեկեկոց... Կամերայնությամբ հանդերձ՝ նույնքան ժողովրդական է, որքան Թումանյանն ու Շիրազը. նրան անգիր գիտեն. «Մարդը ափի մեջ» ժողովածուն դարձավ ժողովրդի սրտի ճանապարհը, զրույց ընթերցողի հետ. այստեղ բանաստեղծը «մերկանում» է, դառնում խոցելի ու դրանով էլ գրավում ընթերցողին, քանզի ընթերցողը այդ մերկության առջեւ ոչ միայն տեսնում է զինաթափված մարդուն, ինչը բարձրացնում է սեփական նիշը, այլեւ տեսնում է ինքն իրեն, գտնում, բացահայտում իր ես-ը, հավասարվում հեղինակին.

Մարդկանց առաջ եւ քո առաջ

Ահավասիկ ինքս եմ բացում

Ինչ որ ունեմ - ինչ որ չունեմ

Իմ հոգո՛ւ մեջ.

Մարդկանց առաջ եւ քո առաջ

Ահավասիկ ինքս եմ բացվում,

Ինչպես մանուկն օրորոցում`

Երբ շոգում է...

Սեւակի յուրաքանչյուր պատկեր ուսումնասիրման առանձին թեմա է, որքան էլ շուտասելուկի պես թեթեւ ընթերցվի, ինչպես հիշյալ օրինակում վերջին երեք տողը՝ բոլորիս ծանոթ, բայց չիմաստավորած պատկեր. սա է, որ Սեւակը մատուցում է ընթերցողին՝ իմաստավորելով, նրա ուշադրությունը կենտրոնացնելով ինքն իր վրա, սեփական ես-ի... Թվում է՝ ամոթալի պատկեր, անկախ նրանից՝ մարմի՞նն է մերկ, թե՞ հոգին՝ որպես մարմինը, սակայն, տվյալ դեպքում մերկությունն ամոթալի չէ, քանզի մանուկն է օրորոցում, որ մեղք չի գործել, այլ սոսկ բացվել է անգիտակցորեն, ըստ պահանջի... Եվ, ինչպես մանուկն անմեղ ու անօգնական՝ գրավում է դիտողին, այնպես էլ «մերկացած» բանաստեղծն է գրավում ընթերցողին. նրանք հավասարապես հասկացվելու ու գուրգուրանքի կարիքն ունեն... Եթե «Անմահները հրամայում են» առաջին ժողովածուով Սեւակը գրականություն մտավ որպես բանաստեղծ, «Մարդը ափի մեջ» ժողովածուով մտավ որպես մարդ, եւ հենց մարդն է գրավում ընթերցողին, ավելի ստույգ՝ զանգվածներին, նրանց, ովքեր սիրում են կարդալ մարդուն եւ ոչ նրա ստեղծագործությունը, ու Սեւակը հենց այս գիտակցությամբ էլ՝ ինչ-որ չափով վիրավորված եւ որպես մարտահրավեր ձեռնոց է նետում թե՛ սիրածին, թե՛ հասարակությանը.

Ինքըդ գիտես, որ մի ափը

Մինչեւ անգամ ծա՛փ չի տալիս:

Ախար ի՞նչ կա այդ ափի մեջ:

Կուզե՞ս

         դառնամ

                  մարդ՝ ափի մեջ...

«Անմահները հրամայում են» ժողովածուն զուտ բանաստեղծական է, կամերային, թվում է՝ հեղինակը գրել է ինքն իր համար, թեեւ խնդիրը համամարդկային է, սակայն ձեւը կաղապարում է բովանդակությունը, ընթերցողին պահում հեղինակ-ընթերցող սահմանի վրա, եւ ընթերցողը զգուշանում է խախտել սահմանը. այն, ինչ ծանոթ ու ապրված է, ընթերցողի համար դրված է անհասանելի տիրույթում՝ չափածոյի մեջ, որ չի երգվում, չի գրավում թեթեւությամբ, չի մերձենում նրան, այլ ստիպում է ծանրանալ իրականության վրա, պատասխան տալ դրա համար... Այստեղ տառապողը բանաստեղծն է, միայնակ՝ ցավի տակ կքած, քանզի անմահները, ասես, հենց իր հասցեն գիտեն.

Նրանք ներս են գալիս առանց բախմա՛ն, անձա՛յն,

Երբ հյուրընկալ, ծանոթ իմ սենյակում

Լռությունը, իբրեւ անձեռակերտ արձան,

Կիսաբաց գրքերի նիրհն է հսկում:

Բայց եւ միայնակ պայքարելն է անհեռանկար, ու բանաստեղծը փնտրում է ընթերցողի հասցեն, գտնում նրա սրտի բանալին, փորձում ցավակից դարձնել նրան՝ մերկանալով ու մերկացնելով՝ սեփական ամոթի գնով, ցավակից, ինչպես Թումանյանը՝ «Անուշի» դեպքում, ինչպես Շիրազը՝ Մասիսների... Մեծ ցավը, սակայն, նաեւ մեծ դիմադրություն է բերում հետը, ու թեեւ զանգվածները ըմբռնեցին Սեւակի մեծությունը, նրա մեծ խոհերը չապրվեցին ու դաս չեղան նրանց համար... Սեւակը պիտի «հագնվեր» ի վերջո, օրորոցից դուրս գար, որպես բնությունն է պահանջում, պոկվեր ես-ից ու նաեւ ընթերցողին պոկեր ես-ից, հաղորդակից լիներ ու հաղորդակից դարձներ, բարձրացներ նրան մինչեւ բանաստեղծական գրականության գագաթ՝ կամերայինից անցում կատարելով սիմֆոնիայի, սակայն նրա մեծ կտավի գործերը, որպիսին են  «Անլռելի զանգակատուն», «Այր մի Մաշտոց անուն», «Եռաձայն պատարագ» եւ այլն, ընթերցողական տեսանկյունից մնացին սիմֆոնիայի՝ կամերային ընկալման սահմաններում... Գրականությունը, ցավոք, մեծ հաշվով՝ վատ ուսուցիչ է. այն կրթում, բայց չի ազդում անհատի բնույթի վրա՝ ինչ կա՝ կա... Ու ինչպես Նարեկացու, Չարենցի, այնպես էլ Սեւակի դեպքում հասարակությունն ըմբռնեց նրանց մեծությունը, սակայն չհասավ այն բարձունքին, որից բանաստեղծները ձեռք մեկնեցին իրեն... Սա այն ողբերգությունն է, որ բանաստեղծն ապրում է ողջ կյանքի ընթացքում՝ անկախ սեփական վախճանից...

Ու, այնուամենայնիվ, ժողովուրդը երբեք չի մոռանում իր մեծություններին, հիշում ու խնկարկում է նրանց հիշատակը, ովքեր սիրելի ու անհասանելի են, ինչպես զույգ Մասիսները, որ վկայում են նրա փառքի ու հավերժության մասին...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]