Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Արցունքներ դրախտում» գիրքը` առաջատար. թարգմանական. մայիս, 2022  

«Երևանյան բեսթսելեր». «Արցունքներ դրախտում» գիրքը` առաջատար. 
թարգմանական. մայիս, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է ապրիլի վաճառքների հիման վրա:

Առաջին տեղում է Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը։ 44-օրյա պատերազմը փոխեց հայկական իրականությունը։ Պարզ էր, որ 2020-ից հետո ամեն ինչ նախկինի պես չէր լինելու։ Բայց մի բան է, երբ մենք ենք դրա մասին խոսում, գրքեր գրում՝ մեկ այլ բան, երբ այսքան կարևոր թեմայի անդրադառնում են այլազգի գրողները։ Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որի առանցքում 44-օրյա պատերազմն է։ Վեպ, որտեղ կգտնեք հուզիչ սիրային պատմություն, ջերմ մարդկային հարաբերություններ, բայց նաև  պատերազմի դաժան իրականություն, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի։ Գրքում պատմվում է Մոսկվայում բնակվող ընկերների մասին։ Նրանցից երկուսը հայ են, մեկը վրացի, մյուսն՝  ադրբեջանցի։ Ընկերներից մեկը Մարատը 44-օրյա պատերազմի օրերին հայտնվում է Արցախում։ Թարգմանությունը՝ Նորայր Ենգիբարյանի։

Երկրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի
կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական
մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Ագաթա Քրիստիի «Մեծ քառյակը» երրորդ տեղում է։ Նշանավոր գրողի հերթական դետեկտիվ պատմություն առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։

Չորրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել է Մարկ Արենը՝ հինգ երիտասարդների մասնակցությամբ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք: Թարգմանիչ՝ Ֆարիդա Մալխասյան։

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը հինգերորդ տեղում է։ Ամերիկյան գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող այս գիրքը կանացի ուխտագնացության մասին է, Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուքի մասին։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, և առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Վեցերորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և, վերջապես, նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Յոթերորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին՝ ոչ մի բառ չարտասանելով: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը ութերորդ հորիզոնականում է։ է. Մ. Ռեմարկի այս վեպն առաջին անգամ 1959 թ. հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում Geborges Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ. լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 50-ական թթ. սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որը երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր։ Թարգմանությունը գերմաներենից՝ Վանուհի Բաղմանյանի։

Շառլ Ազնավուրի «Նոր երկիր. Պոեզիա» գիրքը իններորդ տեղում է։ Պոեզիայի ժողովածուում Շառլ Ազնավուրը ներկայացրել է 1940-2010 թվականներին գրած 500 երգերի տեքստերը, որոնց մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները՝ մեծ աղմուկ բարձրացրել, որոշներն էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, Աստծո հետ զրույց. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։ Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։  Հատուկ ֆրանկոֆոնների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է։ Թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի։

Տասներորդ տեղում է Ֆրեդրիկ Բաքմանի «Ուվե անունով մարդը»։ Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջը միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա նրան չի հաջողվում, քանի որ նրա նոր հարևաններն իր օգնության կարիքն ունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։ Թարգմանությունը՝ Աշխեն Բախչինյանի։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Գամիդ Ամիրով

«Արցունքներ դրախտում»

Բուկինիստ 153
2 -1

Ագաթա Քրիստի

«Մահ Նեղոսի վրա»

Էդիթ Պրինտ 89
3 Նոր

Ագաթա Քրիստի

«Մեծ քառյակը»

Էդիթ Պրինտ 67
4 +1

Մարկ Արեն

«Բարի գործերի քաղաքը»

Բուկինիստ 59
5 -3

Էլիզաբեթ Գիլբերթ

«Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 54
6 +1

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 48
7 -4

Ալեքս Մայքլիդիս

«Լռակյաց հիվանդը»

Newmag 46
8 *

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երկինքն ընտրյալներ չունի»

Էդիթ Պրինտ 22
9 Նոր

Շառլ Ազնավուր

«Նոր երկիր. Պոեզիա»

Newmag 20
10 Նոր

Ֆրեդրիկ Բաքման

«Ուվե անունով մարդը»

Newmag 19

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակին ավելի վաղ արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74),  «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]