Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը Ֆինլանդիային և Շվեդիային կրկին 
մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Ֆինլանդիային և Շվեդիային կրկին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և նրա սիրիական թևին (YPG) օժանդակելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ահաբեկիչներին տրամադրված քաղաքական և ֆինանսական աջակցությունը (YPG-ն  PKK-ի սիրիական թևն է համարվում.-խմբ.), ինչպես նաև զենքի մատակարարումը զինյալներին, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, այս սկանդինավյան երկրները վերածել են իրական սպառնալիքի ՆԱՏՕ-ի համար նույնպես»,- հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում։

Աքարն ընդգծել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատժամիջոցների կիրառման անթույլատրելիությունը։

«Նման սահմանափակումները վնասում են ՆԱՏՕ-ին որպես ամբողջություն՝ հակադրվելով ռազմաքաղաքական բլոկի շրջանակում դաշինքի ոգուն։ Թուրքիան Դաշինքի շրջանակում բոլոր պարտավորությունները կատարում է 70 տարի և կշարունակի կատարել։ Միաժամանակ մենք պաշտպանում ենք մեր սեփական ազգային շահերը»,- ասել է Աքարը։

Թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան երբեք դեմ չի եղել Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը` միանգամայն իրավացիորեն ակնկալելով հարգանք դաշնակիցներից և հաշվի առնելով Թուրքիայի շահերը։

«ՆԱՏՕ-ն անվտանգության կառույց է, որի ջանքերի կարևոր ուղղություններից է ահաբեկչության դրսևորումների դեմ պայքարը։ Դա պահանջում են դաշինքի սկզբունքներն ու գաղափարները։ Թուրքիան միակ երկիրն է, որը պայքարում է միանգամից մի քանի ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Մեր երկիրը պատնեշ է դեպի Եվրոպա ահաբեկչության ճանապարհին: Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ մեր պայքարը նաև հնարավորություն է տալիս կանխել գրոհայինների ներթափանցումը եվրոպական երկրներ»,- ասել է Աքարը։

Նա սպառնալիք է անվանել Հելսինկիի և Ստոկհոլմի վերաբերմունքը ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ։

«Անտեսելով ահաբեկիչներին, ովքեր սպանում են ՆԱՏՕ-ի դաշնակցի քաղաքացիներին, դուք հակասում եք բարեկամության սկզբունքներին և ընդհանուր ռազմաքաղաքական բլոկի ոգուն։ Թուրքիայի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնող ահաբեկիչների մի մասը հետագայում փախել է սկանդինավյան երկրներ՝ այնտեղ ապաստան ստանալով։ Սա ակնհայտորեն անընդունելի քայլ է։ Կարո՞ղ է լինել նման դաշինք»,- ասել է Աքարը։

Նա հիշեցրել է, որ թուրքական բանակը հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ առգրավել է շվեդական արտադրության AT-4 հակատանկային նռնականետեր։

 «Մենք բանակցությունների ընթացքում ցույց տվեցինք AT-4-ի նկարները և սերիական համարները»,- հայտարարել է  նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են փարատել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեն աջակցել PKK-ին, ինչից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ-ի դաշինք մտնելուն։

Թուրքական պետության ղեկավարն օրեր առաջ վերահաստատել էր Անկարայի դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ փարատելու Թուրքիայի՝ անվտանգության վերաբերյալ ունեցած մտահոգությունները։

«Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում առաջընթացն անհնար է առանց Անկարայի մտահոգություններին անդրադառնալու գործնական քայլերի և գրավոր պարտավորությունների՝ վերանայելու սկանդինավյան երկրների՝ ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական-արդյունաբերական համագործակցության մոտեցումների պարադիգմը»,-ասել էր Էրդողանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]