Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել է դատավորների իրազեկվածության բարձրացմանը միտված հայ-շվեդական համատեղ ծրագիրը

Մեկնարկել է դատավորների իրազեկվածության բարձրացմանը միտված հայ-շվեդական 
համատեղ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման միջոցառումների շրջանակում արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել Շվեդիայի ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի հետ համագործակցության ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որին ներկա են եղել Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի դատավորներին՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու գործընթացներում: Ծրագիրը ֆինանսավորվելու է Շվեդիայի կառավարության կողմից և բաղկացած է լինելու երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրը կտևի մոտ 2 տարի:

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, դատավարության կողմերի և այլոց հետ դատավորների հաղորդակցության կարողությունների զարգացումը, ԶԼՄ-ների հետ հաղորդակցության համար դատավորների կարողությունների զարգացումն, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ դատավորների հաղորդակցության վերաբերյալ իրավական շրջանակի բարելավումը:

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով Հայաստանի դատարանների գործունեության մեթոդները բարեփոխելու համակարգային մոտեցման անհրաժեշտությունը` ծրագիրը համագործակցում է երկու պիլոտային դատարանների հետ (Վանաձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Էրեբունու նստավայր)՝ ներկայիս իրավիճակի խոր ուսումնասիրության և կոնկրետ ոլորտների զարգացման վերաբերյալ բաց քննարկումների համար:

«Իր ելույթի շրջանակում, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ծրագրի հետապնդած նպատակները համընկնում են ՀՀ ԱՆ գործունեության ռազմավարական նպատակներին, որոնք ամրագրված են ինչպես Դատաիրավական, այնպես էլ Հակակոռուպցիոն ռազմավարություններում:

Փոխնախարարը նշել է, որ Շվեդիայի դատարանները վերջին տասնամյակներում անցել են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված մի շարք բարեփոխումների շղթայով: Այս բարեփոխումներն իրենց մեջ ներառել են դատավորների կարողությունների զարգացում ԶԼՄ-ների հետ պրոակտիվ հաղորդակցության համար, դատավորների կողմից ընկալելի որոշումների և վճիռների կայացում, կողմերի հետ դատավորների հաղորդակցության բարելավում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ ծրագիրը հարթակ կհանդիսանա լավագույն փորձի փոխանակման համար և կտա իր շոշափելի արդյունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]