Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տոլմայի փառատոնի ընթացքում 150 մետրանոց տոլմա կպատրաստվի

Տոլմայի փառատոնի ընթացքում 150 մետրանոց տոլմա կպատրաստվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում հունիսի 19-ին տեղի կունենա տոլմայի 11-րդ փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, տաղավարների թիվը տարեցտարի ավելանում է, փառատոն-մրցույթին այս տարի մասնակցում է 27 թիմ: Թիմերից մեկը որոշել է 150 մետրանոց տոլմա պատրաստել: Տաղավարներում տոլմայի մոտ 70 տեսականի է ցուցադրվելու:

Թիմերը կպայքարեն «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն գաղափար» անվանակարգերում հաղթելու համար: Գրան պրին կստանա առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը։ Միմյանց դեմ կմրցեն ռեստորանատերեր, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ, խոհարարներ եւ անհատներ Գյումրիից ու Ծաղկաձորից: Մասնակիցները կներկայացնեն ձկով, կարտոֆիլով, կանեփով տոլմաներ և սիրված ուտեստի այլ տեսակներ: Թիմեր էլ կան, որոնք կպատրաստեն փախլավա, այլ քաղցրավենիքներ:

Մամուլյանն ասում է՝ այս տարին յուրահատուկ է նաեւ նրանով, որ լավաշի թխման, փախլավայի պատրաստման, կավագործության եւ այլ վարպետաց դասեր են լինելու:

Տոլմայի փառատոնը արդեն երրորդ տարին է՝ Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի  տարածքում է անցկացվում: Պատմամշակութայի վայրերում նման միջոցառումներ անցկացնելու նպատակն, ըստ Մամուլյանի՝ զուգահեռաբար հայկական մշակութային հուշակոթողները զբոսաշրջիկներին ներկայացնելն է:

Մամուլյանը փառատոնի անցկացման կարեւորության մասին է խոսում: Ասում է՝ 2011 թվականին  է որոշվել անցկացնել տոլմայի փառատոն, ինչի համար հիմք է հանդիսացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը:

«Նա, անդրադառնալով իրենց երկրի մշակութային առանձնահատկություններն, ասաց, որ հայերը գողանում են իրենց պատմությունը, նաեւ խոհանոցը, ապա անդրադարձավ տոլմային: Այս հայտարարություններից հետո մինչ Հայաստանում նրան ծաղրում էին, այդ մարդը 2011 թվականին հանձնարարական իջեցրեց պետական մակարդակով, որից հետո տոլմայի տեսակներից մեկի իրավունքն ամրագրեցին: Մենք սկսեցինք այդ տարվանից իրականացնել տոլմայի համահայկական փառատոն, նախ ավանդական, տոնական, տոնածիսական կերակրատեսակը փրկելու համար: Բացի այդ, աշխարհում ընդունված երեւույթ են խոհարարական փառատոները, որոնք նպաստում են տվյալ երկրի զբոսաշրջության զարգացմանը: Մենք էլ նպատակ ունենք մեր երկրի գրավչությունը բարձրացնել, զբոսաշրջային միջավայր ստեղծել»,-ասաց նա:

Մամուլյանն ասում է՝ հասել են իրանց նպատակին, տոլմայի փառատոնին զբոսաշրջիկները շատ են սպասում: Մասնակիցների թիվը  հիմնականում 3-5 հազարի սահմաններում է, բայց տարի է եղել, որ ռեկորդ են սահմանել՝ մինչեւ 30 հազար մասնակից է եղել. «2017 թվականին, երբ Հնաբերդում էինք անում փառատոնը, այցելուների առումով մեր բոլոր սպասելիքները գերազանցվեցին»:

Տրանսիլվանիա շրջանի հայերը դեռեւս 19-րդ դարում Անիի խոհանոցին վերաբերող հետազոտություններ են իրականացրել: Այդ հետազոտությունները ցույց են տալիս, տոլման շատ հին արմատներ ունեցող կերակրատեսակ է: Մամուլյանը դժվարանում է հստակ նշել, թե տոլմայի քանի տարատեսակ կա հայկական մշակույթում:

«Հիմնականը՝ ավանդականը, խաղողի տերեւով գառի կամ ուլի մսով տոլման է: Սա համարվում է տոնածիսական կերակրատեսակ եւ մատուցվել է Խաչվերաց տոնի ժամանակ: Ավանդույթը կապված է խաղողի հետ, ինչպես գիտենք եւ՛ գինին է խաղողածին, եւ տոլման: Ուլին այդ տոնին պատժել են՝ որպես միակ կենդանի, որը փչացնում է խաղողի վազը»,-եզրափակեց Մամուլյանը:

Լիանա Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]