1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ են անհրաժեշտ. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը

Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ 
են անհրաժեշտ. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ կտա այն Հայաստանին,  ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի համար կարող է հանդիսանալ լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլընտրանքային ինտերնետ կապի տեսակ։ Starlink արբանյակային ինտերնետ կապը թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետ կապի ծառայությունները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբանյակային ինտերնետի տրամադրումը կատարվում է ռադիոհաճախականությունների միջոցով, անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում և մի շարք իրավական ակտերում՝ արբանյակային ինտերնետից օգտվողներին ապահովելով այդ հաճախականությունների առանց թույլտվության շահագործման պայմաններ»,-հայտնել են նախարարությունից:

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկին պատկանող Starlink-ի համացանցն այսօր հասանելի է ավելի քան 30 երկրում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Իտալիայում և այլն:

Starlink-ն այս պահի դրությամբ SpaceX ընկերության Falcon 9 կրող հրթիռի միջոցով մերձմոլորակային ուղեծիր է դուրս բերել ավելի քան 2500 արբանյակ: Մասկի ղեկավարած ընկերությունը մտադիր է ուղեծիր դուրս բերել ավելի քան 40 հազար արբանյակ: Ներկայում, սակայն, SpaceX-ը ԱՄՆ Կապի դաշնային ծառայության կողմից թույլտվություն է ստացել ուղեծիր դուրս բերել 12 հազար արբանյակ:

Starlink-ի բաժանորդները սարքավորումը կարող են ձեռք բերել 499 ԱՄՆ դոլարով, իսկ ծառայության ամսական վճարը կկազմի 99 դոլար:

                                                                                   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]