Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը յուրովի կներկայացնի Հայոց ցեղասպանությունն ու Ավրորա Մարտիկանյանի կյանքը

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը յուրովի կներկայացնի 
Հայոց ցեղասպանությունն ու Ավրորա Մարտիկանյանի կյանքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոչ միայն հանգամանքները, այլև ապրելու համար պայքարելու մեծ կամքն են Արշալույս Մարտիկյանին (Ավրորա Մարտիկանյան) 1915 թվականին փրկել Հայոց ցեղասպանությունից, հնարավորություն տվել հաստատվել օտար երկրում և առաջ գնալ՝ հաղթահարելով բոլոր փորձությունները:

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Ավրորայի մասին՝ լսարանին հորդորելով չհանձնվել ոչ մի պարագայում և փորձել ճիշտ կողմնորոշվել անգամ ամենադաժան իրավիճակներում:

Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Ֆրանսիայում՝ Անսի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում, ցուցադրվելու է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որը կանցկացվի հուլիսի 10-17-ը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր Իննա Սահակյանն ասում է՝ կինոնկարի ստեղծման գաղափարն առաջացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թեմային վերաբերող նախագիծ մշակելու ընթացքում, որի շրջանակում ստեղծագործական կազմը նպատակ է ունեցել անդրադառնալու տասը պատմության: Բայց երբ Զորյան ինստիտուտից ռեժիսորին ուղարկել են Ավրորայի հարցազրույցը, որն՝ իր բնորոշմամբ, յուրահատուկ է եղել, նախագիծն այլ ընթացք է ստացել ու ծնվել է «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը ստեղծելու միտքը:

««Բարս մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հովհաննիսյանը ծանոթ է եղել Կանադայում գործող Զորյան ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուի հարցազրույցներին: 1970-ական թվականներից սկսած ինստիտուտը վավերագրել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները: Նրանց տրվել է հարցաշար, որի միջոցով հավաքել են պատմական փաստերը: Այդ արխիվը շատ կարևոր է, քանի որ վերապրածները տեսախցիկի առաջ նստած պատմում են իրենց պատմությունները: Սակայն նյութերը, վիզուալ առումով, անորակ էին։ Մտածեցինք, որ գեղեցիկ ու հետաքրքիր կլինի, եթե հարցազրույցները վերապատմվեն անիմացիայի միջոցով»,-պատմում է Սահակյանը:

Ավրորային տվել են այն նույն մշակված հարցաշարը, որը տվել են այլ վերապրածների, բայց հարցերին պատասխանելիս Ավրորան անընդհատ խոսել է հոլիվուդյան ֆիլմի մասին, որում նկարահանվել է: Նրա պատասխանների արդյունքում հարցերը փոխվել են, իսկ զրույցն այլ ընթացք է ստացել: Պարզվել է, որ Ավրորան Հայոց ցեղասպանությունից փրկվելուց հետո ԱՄՆ-ում նկարահանվել է  «Հոգիների աճուրդ» կինոնկարում: Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրությունն է:

«Զարմանալի է, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունը վերապրած աղջիկը կարողացել նկարահանվել իր կյանքի մասին պատմող ֆիլմում: Այլ հարցազրույցների ևս ծանոթացա, ամերիկյան մամուլի անդրադարձներին, ֆիլմի մասին հոդվածներին: Հասկացանք, որ լիամետրաժ ֆիլմ ենք ստեղծելու, և այն չի կարող դառնալ տասը փոքրիկ պատմություններից մեկը»,-նշում է Սահակյանը:

«Արշալույսի լուսաբացը» կինոնկարի հիմքում Զորյան ինստիտուտի և Armenian Film Foundation-ի հարցազրույցներն են, Սահակյանն օգտվել է նաև «Հոշոտված Հայաստան» գրքից, մասնագիտական գրականությունից, ամերիկյան մամուլի նյութերից և այլն:

Ռեժիսորի խոսքով՝ վիզուալ առումով անիմացիան ֆիլմի ամենակարևոր տարրն է, պատմող գործիքը: «Հոգիների աճուրդ» ֆիլմի ամբողջական տարբերակը չի պահպանվել. Հայաստանի ազգային արխիվում կինոնկարից պահվում է միայն 18 րոպե տևողությամբ հատված։ Այն վերականգնվել է և նույնպես օգտագործվել ֆիլմի վիզուալ շարքում:

«Շատ ուրախ եմ, որ ֆիլմն ավարտել ենք: Ավրորան իր ոդիսականում հաճախ ճակատագրի բերումով է ողջ մնացել, սակայն եղել են իրավիճակներ, երբ հենց իր կայացրած որոշման արդյունքում է շարունակել առաջ գնալ: Հետաքրքիր էր նրա պատմությանը հետևելը: Կարծում եմ՝ ֆիլմն այդ հույզերը փոխանցում է հանդիսատեսին»,-ընդգծում է Սահակյանն ու հավելում՝ «Արշալույսի լուսաբացը» ժապավենով ցանկանում են ասել, որ անգամ ամենադաժան պայմաններում հնարավոր է չկոտրվել, պահպանել մարդասիրությունն ու չհանձնվել, ինչպես և արել է Ավրորան:

Իննա Սահակյանը վստահ է՝ հասուն տարիքի հանդիսատեսը ֆիլմը հետաքրքրությամբ կդիտի, սակայն իրենց թիրախը նաև երիտասարդներն են, և ոչ միայն հայ:

Ըստ նրա՝ աշխարհը դաժան պատմական ժամանակաշրջանում է. կոտրվելն ու հանձնվելը, երիտասարդության շրջանում՝ դեպրեսիան, տարածված երևույթներ են, իսկ ֆիլմում ասվում է, որ արհավիրքի միջով անցնելուց հետո էլ հնարավոր է մարդ մնալ:

«Հայ հանդիսատեսի համար կարևոր ֆիլմ է, սակայն և՛ վիզուալ, և՛ սցենարային կառուցվածքի առումով փորձել ենք անել հնարավորը, որ այն նաև միջազգային հանրությանը հետաքրքրի: Ավրորային համեմատում եմ Աննա Ֆրանկի հետ:  Աննան ևս երիտասարդ աղջիկ էր, որի մասին ամբողջ աշխարհը գիտի, իսկ Ավրորայի մասին շատերը չգիտեն»,-եզրափակում է Իննա Սահակյանը:

Արշալույս Մարտիկյանը՝ 14-ամյա դեռատի աղջիկը, հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։ Կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917-ին Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում,  իսկ 1919-ին  Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի, որ աշխարհը իմանա հայերի կոտորածների մասին, իսկ ֆիլմի եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին։ «Հոգիների աճուրդ»-ը իր ժամանակի ամենամեծածավալ և հայտնի կինոստեղծագործություններից մեկն է դառնում. առաջին ցուցադրությունների տոմսերը վաճառվում են 10 դոլար, այն ցուցադրվում է ոչ միայն Ամերիկայի բոլոր նահանգներում, այլ նաև Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում և հասնում անգամ Ավստրալիա։ Ֆիլմ դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի բարեգործական արշավի հիմնաքարը, որն, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում 132 հազարից ավելի հայ որբեր են խնամք ստանում։ 

«Արշալույսի լուսաբացը» կինոնկարը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ և ֆիլմի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։

«Արշալույսի արևադարձը» Ֆիլմն արտադրել է «Բարս մեդիա»-ն, համարտադրողներն են Gebrueder Beetz Filmproduktion (Գերմանիա), Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա), սցենարի հեղինակներն են Իննա Սահակյանը, Կերստին Մեյեր-Բիցը, Պիտեր Լյախովը, մոնտաժի և խաղարկային կտորների ռեժիսորը Ռուբեն Ղազարյանն է, բեմադրող նկարիչը՝ Տիգրան Առաքելյան, իլյուստրատորը Գեդիմինաս Սկիրիուսն է, գլխավոր պրոդյուսերը Վարդան Հովհաննիսյանն է, պրոդյուսերներն են են Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն, Կեստուտիս Դռազգաուստասը, Էրիկ Իսրայելյանը, Իննա Սահակյանը, կոմպոզիտորներն են Քրիստինե Աֆդերհարը, Անդրանիկ Բերբերյանը, Գարեգին Առաքելյանը:

Հեղինակ՝ Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Իննա Սահակյանը

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]