Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված երկու միջազգային սեմինարներ մեկնարկեցին

Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված երկու միջազգային սեմինարներ 
մեկնարկեցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային ժառանգության վերականգնման, արխիվացման, թվայնացման ոլորտներում տարբեր երկրների մասնագետների գիտելիքների, փորձի փոխանակման հարթակ ստեղծելու նպատակով հունիսի 22-26-ը Երևանում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, կանցկացվեն «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» և «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեմինարներին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի մասնագետներ: Նախատեսվում են զեկույցներ, քննարկումներ, կլոր սեղաններ:

Մեկնարկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց՝ հպարտ է, որ Հայաստանն իրականացնում է միջազգային այնպիսի նախագծեր, որոնք շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանում:

«Հիշողության կերպարանքներ» սեմինարն անցկացվում է 11-րդ տարին, ինչը խոսում է այն մասին, որ սեմինարի կենսունակությունն ապացուցած է, այն կայացած ու հաստատված նախագիծ է, համախմբում է տարբեր երկրների կազմակերպությունների՝ գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների և լայն հարթակ է ձևավորում մասնագիտական քննարկման, խնդիրների արծարծման համար: Այս նախագծի հիմքերում նաև ես եմ կանգնած: Այն հիմնադրվել էր Մատենադարանում աշխատելուս տարիներին:  Մատենադարանը ձեռագրերի վերականգնման երկարամյա փորձ ունի: Մենք տեսանք, որ այս իմաստով աշխարհին շատ բան ունենք ասելու, փորձ ունենք փոխանցելու, և այն փորձը, որը մեր գործընկերներն են բերում, մեզ պակասում է: Փորձի փոխանակման միջոցով կատարելագործում ենք մեր մասնագետների գիտելիքները»,- շեշտեց փոխնախարարը:

Անդրադառնալով «ՍոլիդԱրտ» սեմինարին՝ նա ասաց, որ այն համախմբում է կինոոլորտի ներկայացուցիչներին: Խզմալյանի խոսքով՝ խնդիրները, որոնք կազմակերպիչներն են դրել իրենց առջև, չափազանց կարևոր են կինոքաղաքականության մշակման տեսանկյունից: «Ինչպե՞ս ենք սինխրոնիզացնում օրենսդրական դաշտը, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր խթանել համատեղ կինոարտադրությունը: Սեմինարի կարևորագույն բաղադրիչը կինոժառանգության պահպանման խնդիրն է, որը սուր կերպով դրված է նաև այլ երկրների առջև: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև թվային վերականգնման մասին է»,- նշեց փոխնախարարն ու հիշեցրեց, որ 2023-ին լրանում է հայ կինոյի 100-ամյակը: Չի բացառվում, որ սեմինարը 2023-ին հոբելյանական ծրագրի մաս դառնա:

«Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը տեղեկացրեց, որ տարիների ընթացքում Հայաստանը հյուրընկալել է ավելի քան 130 կառույց տարբեր պետություններից: Սեմինարին մասնակցել են վերականգնողներ, թանգարանների աշխատակիցներ և այլք: «Նախաձեռնությունը միտված է ԱՊՀ տարածքում մասնագետների փորձի փոխանակմանը: Եղել են մասնակիցներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որտեղ մի շարք պետությունների մասնագետներ կիսում են իրենց հաջողությունները»,- ասաց նա:

Մուրադյանը հավաստիացրեց, որ ամեն սեմինարի ավարտից հետո դրական արձագանքներ են ստանում, և մասնակիցները հույս են հայտնում, որ նախաձեռնությունը շարունակական կլինի:

«ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն էլ ընդգծեց, որ սեմինարն ուղղված է կինոոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

«Խորհրդային Միության փլուզումից հետո միության անդամ երկրները կինոարվեստում գնացին իրենց ճանապարհով: Հիմա հետահայաց նայում ու տեսնում են, որ համատեղ արտադրությունները, միասին ստեղծագործական աշխատանք տանելն ավելի արդյունավետ են: Նախորդ տարի անցկացրինք առաջին սեմինարը: Այս տարի կան հյուրեր 26 երկրից՝ Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից և այլն»,- հայտնեց նա:

Կարապետյանի խոսքով՝ Խորհրդային Միության երկրներից մի քանիսը ԵԽ պետությունների հետ համատեղ կինոարտադրության մասին համաձայնագրի մի մասն են, իսկ Միջին Ասիայի հետ նման հարաբերություններ չկան: «Նման սեմինարները լավ առիթ են պետականորեն մտածելու, թե ինչ է պետք փոխել և ինչպես ընդլայնել դաշտը»,- ընդգծեց նա:

«Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» և «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարներն իրականացվում են ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչներ՝ «Օրացույց» գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում ՀԿ և «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]