Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ. Մարիա Զախարովա

Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի 
համանախագահի հետ. Մարիա Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու մասին Վաշինգտոնի հայտարարության անկեղծությանը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հարցին ի պատասխան մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի խոսքերը:

«Եթե Վաշինգտոնը և Փարիզը իսկապես կարևոր համարեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը և փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության, չէին խզի կապերը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռանախագահների աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել: Իսկ հիմա նրանք նման բաներ են հայտարարում», - ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովայի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան մինչ օրս չեն տվել որևէ հստակ բացատրություն տվյալ «վրդովեցուցիչ քայլի» վերաբերյալ, և նմանապես չկա որևէ երաշխիք, որ նմանատիպ «անպատասխանատու» գործողությունները չեն կրկնվի:

«Հնարավոր չէ ձևացնել, թե ոչինչ չի եղել, այլ պետք է հաշվի առնել նոր իրողությունները: Ես կարծում եմ, որ նպատակը մեզ մեկուսացման մեջ դնելն էր, բայց հաշվարկը կրկին սխալ էր: Ռուսաստանը ամենից շատն է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված՝ առանց այդ էլ բարդ ջանքերը», - հավելել է Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլին հայտարարել էր, թե ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվելու Ռուսաստանի հետ այդ ձևաչափով: Սակայն Վաշինգտոնը և Փարիզը իրենց հետագա հայտարարություններով չէին հաստատել Լավրովի խոսքերը:

Հունիսի 18-19-ը տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և շարունակում է հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում: Ճշտող հարցին՝ համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ, փոխպետքարտուղարը պատասխանել էր. «Այո՛, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ՝ այո՛: Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]