Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկն»՝ առաջատարների շարքում. մանկական, մայիս, 2022

«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկն»՝ առաջատարների շարքում. մանկական, մայիս, 
2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերից:

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ:

Երրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Չորրորդ հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեն հանդիպում է սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ ժողովուրդների հեքիաթներում:

Հինգերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը տկտկացնում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:

Յոթերորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Ութերորդ տեղում է «365 հեքիաթ. ամեն օր մի պատմություն» գիրքը։ «Դիսնեյի» բոլոր սիրված հեքիաթները մեկտեղված են այս գրքում: «365 հեքիաթ. ամեն օր մի պատմություն» ժողովածուում հանդիպում ենք Մոխրոտիկին ու Սպիտակաձյունիկին, Ռապունցելին ու Զընգ-զընգին, Միքի Մաուսին ու Ռոբին Հուդին և նույնիսկ Մայքին ու Սալիին՝ Մոնստրների կորպորացիայից: «Դիսնեյի» սիրված հեքիաթներն ու պատմությունները շարադրված են այնպես, որ փոքրիկները չկորցնեն հետաքրքրությունն ու ամեն օր սպասեն նոր հեքիաթի՝ իմանալու, թե ինչ եղան իրենց սիրած հերոսները:

Իններորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Տասներորդ հորիզոնականում կրկին «Բոքոնիկը» գիրքն է, որը ներկայացված է մեկ այլ հրատարակչության լույս ընծայած տարբերակով։

Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 «Շունն ու կատուն» Բուկինիստ 67
2 +2 «Բոքոնիկը» Բուկինիստ 64
3 -1 «Շաղգամը» Բուկինիստ 61
4 * «Բոքոնիկը» GSM 50
5 +1 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 49
6 +1

Հովհաննես Թումանյանի

«Փիսիկի գանգատը»

Բուկինիստ 46
7 * «Երեք խոզուկները» GSM 45
8 *

«365 հեքիաթ․

ամեն օր մի պատմություն»

Դավինչի 45
9 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

GSM 39
10 * «Բոքոնիկը» Բուկինիստ 39



Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]