1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողները չեն կարող շրջիկ արկղով քվեարկել. նոր փոփոխությունների փաթեթ

Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողները չեն կարող շրջիկ արկղով քվեարկել. նոր 
փոփոխությունների փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է հրաժարվել ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, նաև օրենքի մակարդակով նախատեսվում է ամրագրել, որ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասից պետք է ապահովվի ուղիղ հեռարձակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ հրավիրված խորհրդարանական լսումներում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Նա նախ վստահեցրեց, որ փաթեթը միտված է լուծվելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները: «ՏԻՄ ընտրությունների համամասնական ընտրակարգը, երբ ներդրվում էր, առաջարկվեց, որ առանձին քվեաթերթիկներով քվեարկությունը, այսինքն՝ նույն ԱԺ-ի մոդելը, կիրառվի միայն 70 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքներում, իսկ դրանից քիչ ընտրող ունեցող համայնքներում պահպանվի հին մոդելը՝ երբ թեկնածուների անունները մեկ քվեաթերթիկով են, ընտրությունը կատարվում է գրիչով: Անցյալ ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ այն համայնքներում, որտեղ տարբեր քվեաթերթիկներով էր քվեարկությունը, ավելի քիչ էին լինում անվավեր քվեաթերթիկներ, քան այն համայնքներում, որտեղ քվեարկությունը գրիչով էր: Առաջարկվում է, որ ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ամբողջությամբ անցում կատարվի տարբեր քվեաթերթիկներին, այսինքն՝ ներդրվի այն մոդելը, որն գործում է ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց Հովակիմյանը:

Փոփոխություններով առաջարկվում է նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից հրաժարվել: Ըստ պատգամավորի՝ այդ ինստիտուտը պարունակում է չարաշահման մեծ ռիսկեր: «Ըստ այդմ առաջարկվում է հրաժավել այս ինստիտուտից, որ շրջիկ արկղը կիրառվի բացառապես ձերբակալման վայրում գտնվող անձանց դեպքում»,- ասաց պատգամավորը:

Ներկայում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին թեկնածու առաջադրվածները կարող են ինքնաբացարկ ներկայացնել քվեարկությունից 10 օր առաջ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունները և կուսակցության ցուցակի առաջին 3 համարները ինքնաբացարկի հնարավորություն ունենան քվեարկությունից մինչև 5 օր ավելի ժամանակ՝ քվեաթերթիկների տպագրությունն ապահովելու համար:

Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության օրը քվեարկության գործընթացի առցանց հեռարձակումն ապահովել: Գործող օրենսդրությամբ առցանց հեռարձակում ապահովվում է միայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Փորձը ցույց տվեց, որ, երբ վատ մտադրություն ունեցող մարդը գիտի, որ ամեն ինչ տեսագրվում է, հետագայում պատասխանատվության խնդրի առաջ կարող է կանգնել, դա զսպում է նրան: Այսպիսով, առաջարկվում է, որ ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ ևս պետությունը քվեարկության օրը ապահովի ուղիղ հեռարձակումը տեղամասերից»,-նշեց պատգամավորը:

Առաջարկվում է նաև, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամները բացվեն Կենտրոնական բանկում:

«Հաջորդ խնդիրը, որը ՏԻՄ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ, վերաբերում է ավագանիների առաջին նիստերին: Մասնավորապես, հիմնական խնդիրները ծագում էին այն դեպքում, երբ տվյալ ավագանիում մեծամասնություն չկար, և առաջին նիստի հետ կապված օրենքի բացերն օգտագործելու դեպքեր էին լինում: Եվ մենք փորձել ենք ԱԺ-ի առաջին նստաշրջանի ինստիտուտը որոշակիորեն մոտարկելով՝ կիրառել նաև ավագանիների դեպքում: Առաջարկվում է ներդնել առաջին նստաշրջանի ինստիտուտը, որն իր հստակ օրակարգով, կանոնակարգումներով, քայլերի հաջորդականությամբ օրենքով սահմանվում է»,-ասաց Հովակիմյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]