Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

ԿԳՄՍ փոխնախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Գյումրիում ցուցասրահ- թանգարան կառուցելու ծրագիրը

ԿԳՄՍ փոխնախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է Գյումրիում ցուցասրահ-
թանգարան կառուցելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք:

Հանդիպման առանցքում Գյումրիում հայ-հնդկական մշակութային կենտրոն, մասնավորապես առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները. դրանք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Հայաստանի ազգային պատկերասրահ այցի շրջանակում նախորդ տարվա հոկտեմբերին ծանոթացել է  Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների գործերին (50 նկար) և տպավորված լինելով դրանցով՝ առաջարկել է Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ Հայաստանում առանձին ցուցասրահ կառուցել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նմանօրինակ նախաձեռնության և համատեղ համագործակցության համար՝ կարևորելով երկու բարեկամ երկրների միջև փոխհամագործակցության ամրապնդումը: 

Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալը ցուցասրահի կառուցման վայրի հետ կապված մի քանի տարբերակ է առաջարկել. նախնական որոշմամբ ընտրվել է Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքը: Գյումրեցի ճարտարապետն ասում է՝ ծրագրի իրականացման համար քաղաքաշինական առումով առաջարկվել են լավագույն տարածքները. «Շատ հեռանկարային վայր է: Գյումրին մշակութային լավ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթները վերականգնվում են, և  շատ ուրախ ենք, որ Գյումրին նաև միջազգային մշակույթի հանրահռչակման առումով կունենա կարևոր դերակատարություն»:

Մասնագետի խոսքով՝ ցուցասրահ-թանգարանը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղացիների համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը, և մասնավորապես գյումրեցիները շատ հետաքրքրված են հին ժողովուրդների մշակույթով և պատմությամբ:

Ցուցասրահի կառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 6 ամսից:

Հիշեցնենք՝ այս տարի նշվում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դեսպան Կիշան Դան Դեվալը նաև շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին` յոգայի միջազգային օրվա միջոցառմանը մասնակցելու և դրա անցկացմանն աջակցելու համար:

Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ նմանօրինակ միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]