Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սյունիքն ու Արցախն ուղիղ 300 տարի առաջ բարձրացրեցին Հայաստանի ազատագրության դրոշը. Պատմության թանգարանում մեկնարկեց հանրապետական գիտաժողով

Սյունիքն ու Արցախն ուղիղ 300 տարի առաջ բարձրացրեցին Հայաստանի 
ազատագրության դրոշը. Պատմության թանգարանում մեկնարկեց հանրապետական 
գիտաժողով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Սյունիքն ու Արցախը, որոնք վերջին պատերազմից հետո բավական բարդ վիճակում են հայտնվել ռազմաքաղաքական առումով, Հայոց պատմության ողջ ընթացքում Հայաստանի ու Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է, բայց հայ ժողովրդի ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել: Դրա ամենավառ վկայությունն այն փաստն է, որ միջնադարյան ժամանակաշրջանում՝ հայկական թագավորությունների անկումից հետո, Սյունիքն ու Արցախը ինքնավար կարգավիճակ պահպանած հայկական քիչ երկրամասերից են: Հենց նրանք ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ., բարձրացրեցին Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Հայաստանի պատմության թանգարանում այսօր՝ հունիսի 23-ին, տեղի ունեցավ Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի հանդիսավոր բացումը:

«Դեռ անցած տարվանից Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնել է ամենամյա գիտաժողովների անցկացման մի այսպիսի նոր մոտեցում, ըստ որի՝ ամեն տարի թանգարանն անդրադառնալու է մեր երկրի, ժողովրդի և պատմության համար կարևոր մի իրադարձության արժևորմանը: Նախորդ տարվա հանրապետական գիտաժողովը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին: Այս տարի մենք որոշեցինք անդրադառնալ ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝ Սյունիք-Արցախյան ազատագրական պայքարի 300-ամյակին, որի հաշվարկը սկսում է Դավիթ Բեկի ապստամբությունից», - բացման խոսքում հայտնեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի խոսքով՝ Սյունիքի և Արցախի մասին հատկապես վերջին տարիներին են շատ խոսում, բայց հայկական այս երկրամասերը, որոնք միասին կարելի է նաև կոչել Լեռնահայաստան, միշտ են արդիական ու կարևոր եղել: Ըստ գիտնականի՝ Հայաստանի երկարատև պատմության ամբողջ ընթացքում Լեռնահայաստանը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն է եղել, և անընդհատ փորձ է արվել այդ ողնաշարը կոտրելու: Երբեմն եղել է այնպես, որ այն մասամբ կոտրվել է, բայց մեր ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել:

«Մենք այսօր էլ այդպիսի վիճակում ենք գտնվում՝ թեթևակիորեն մեր ողնաշարը կոտրված է, բայց մեր ուղեղը,  մեր արյան շրջանառությունը շատ լավ աշխատում է, և մենք շեշտը պիտի դնենք այդ ուղեղի և գիտակցության վրա, որպեսզի կարողանանք այսօրվա իրավիճակից դուրս գալ: Մեր մասնագիտության մեջ մենք, որպես կանոն, կարևորություն ենք տալիս պատմական փոփոխությանը՝ տրանսֆորմացիային, բայց մեր բնագավառը հետազոտում է ոչ միայն այդ տրանսֆորմացիան, այլև՝ անփոփոխը որևիցե մշակույթում, որևիցե իրականության մեջ: Եվ երբ մենք հասկանում ենք այդ անփոփոխը՝ կարողանում ենք ըստ էության այն փոփոխել: Եվ այսօր՝ մեր պետականության այս փուլում, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք մեր պատմության այդ անփոփոխ տարրը և հնարավորինս միասնական լինելով՝ փորձենք ինչ-որ բան փոխել առնվազն մեր բնագավառում», - շեշտեց Բոբոխյանը:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում պատմության, հնագիտության, ազգագրության և մշակութաբանության մասնագետներն իրենց զեկույցներով կպատմեն 1722 թվականին Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ բարձրացված ապստամբության, զուգահեռաբար՝ Արցախի մելիքությունների ազատագրական ձգտումների, տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական ակտիվ փոփոխությունների, արտատարածաշրջանային դերակատարների մրցակցության և նրանց ուժերի փոխդասավորության, ազատագրական շարժման առաջնորդների արտաքին կողմնորոշումների, շարժման վերջնական անհաջողության պատճառների, նաև՝ Սյունիքի ու Արցախի մշակութային ժառանգության, հնագիտական ուսումնասիրությունների մասին և կբացատրեն այդ ամենի արդիականությունը ներկա տարածաշրջանային իրավիճակի համապատկերում:

Ընդհանրապես, 1722-30 թթ. ժամանակահատվածը թե՛ Հայոց պատմության և թե՛ առհասարակ տարածաշրջանի պատմության ամենահետաքրքիր ժամանակաշրջաններից է: Ռազմաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում այն ժամանակ, իհարկե, էապես տարբերվում էր ներկա իրավիճակից, բայց արտատարածաշրջանային հիմնական դերակատարները նույն երեք տերություններն էին՝ Պարսկաստանը, որն այժմ կոչում են Իրան, Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը այսօրվա Թուրքիան է, և Պետրոս Մեծի հզոր ձեռքով թափ հավաքող Ռուսական կայսրությունը, որի ժառանգորդն այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է: Այլ էին նաև ռեգիոնում նրանց զբաղեցրած դիրքերը: Օսմանցիներն ու պարսիկները, որոնք վաղուց արդեն Հայաստանը բաժանել էին Արևմտյան և Արևելյան մասերի, խույս չէին տալիս առիթի դեպքում հայկական հողը միմյանց դեմ հակամարտության ռազմական թատերաբեմի վերածելուց, իսկ Պետրոս Մեծի առաջնորդությամբ հզորացող Ռուսիան առաջին քայլերն էր ձեռնարկում մերձկասպյան և այսրկովկասյան տարածաշրջան մտնելու ուղղությամբ՝ ձեռքի տակ ունենալով Իսրայել Օրու կողմից ներկայացված Հայաստանի ազատագրության ծրագիրը:

1720 թ. Իրանը ցնցվում է աֆղանների ապստամբությունից: 1722 թ. նրանք գրավում են Սպահանը, գահընկեց են անում շահ Սուլթան Հուսեյնին և նրա փոխարեն գահին են նստեցնում իրենց առաջնորդ Մահմուդ խանին՝ կործանելով երկրում ավելի քան 200 տարի իշխող Սեֆյանների դինաստիան: Օգտվելով Պարսկաստանի խառնակ իրավիճակից՝ Արևելյան Հայաստանում ինքնավարություն պահպանող Սյունիքի և Արցախի հայկական իշխանությունները ազատագրության և անկախության դրոշ բարձրացրեցին:

Սաստկացող կամայականություններից և բռնություններից ազատվելու ելքը շահական Պարսկաստանի հպատակ ժողովուրդները տեսնում էին զինված պայքարի մեջ: Անմասն չմնացին նաև հայերը, որոնք, օգտվելով Իրանում ստեղծված բարդ իրավիճակից և հուսադրվելով Ռուսաստանի զինված օգնության հեռանկարով, քայլեր ձեռնարկեցին օտար լուծը թոթափելու նպատակով: Ձևավորվում էր մի կարևոր քաղաքական ծրագիր, որի կենսագործման համար Ստեփանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Սյունիքի հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք գործուղվեց հայ զորավար Դավիթ Բեկն՝ իր 2000-անոց զորքով և երկու տասնյակ հարյուրապետերով: Հասնելով Սիսիան՝ Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զորքի կազմավորմանը: Զորահավաքի արդյունքում զինվորագրվեց շուրջ 4000 զորական: Նյութական և ռազմական կայուն հենարան ստեղծելու համար ընթացքում կառուցվեցին կամ վերանորոգվեցին բազմաթիվ ամրություններ: Այսպես սկսվեց Դավիթ Բեկի հռչակավոր ապստամբությունը, որը, ցավոք, մարեց 1728 թ. Բեկի հանկարծամահության, ներքին հակասությունների և 1730 թ. Մխիթար Սպարապետի սպանության պատճառով:

Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի մասին իր չափազանց հետաքրքիր և հարուստ զեկույցում մասրամասն պատմեց պատմաբան Սմբատ Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նշված ժամանակաշրջանը կարիք ունի պատմագիտական վերանայման, քանի որ այդ ժամանակաշրջանի մասին հետազոտությունների մեծ մասն արվել է խորհրդային ժամանակաշրջանում և օբյեկտիվ վերլուծության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մաղալյանը պատմեց Արցախի մելիքությունների և Ղարաբաղի խանության ծագման մասին՝ ընդհուպ մինչև 19-րդ դարի սկզբներին տարածաշրջանում ռուսական տիրապետության հաստատումը:

«Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակը Հայոց պատմության կարևորագույն տարեդարձերից մեկն է, և այդ առումով հիշելը և արժևորելը, ինչպես նաև գիտաժողովի նյութերի հրապարակումը, չափազանց կարևոր նշանակություն ունեն», - ընդգծեց պատմաբանը:

Մաղալյանի խոսքով՝ միջնադարյան այս ժամանակաշրջանում՝ Բագրատունիների թագավորության և Կիլիկյան Հայաստանի անկումից հետո, Արևելյան Հայաստանի կիսաանկախ իշխանություններից առավել հզորը հենց Արցախի մելիքություններն էին, որոնց ինքնիշխան տիրակալները՝ մելիքները, մի քանի դար շարունակ հանդիսացել են հայոց ազատագրական պայքարի դրոշակակիրները:

«Ողջ միջնադարի ընթացքում, իր նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ, Արցախը կարողացել է դիմակայել օտար ներխուժողների ավերածություններին և հիմնականում պահպանել է ոչ միայն իր քաղաքական ինքնուրույնությունը, այլև հայ ավատատիրական հասարակությանը բնորոշ սոցիալ-տնտեսական կառուցվածքը», - հավելեց զեկուցողը:

Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը տեղի կունենա հունիսի 23-25-ը: Հունիսի 23-ին պանելային քննարկումներ կլինեն նաև Սյունիքում և Արցախում մշակութային ժառանգության պահպանության թեմայով: Հունիսի 24-ին կներկայացվեն հնագիտությանն ու ազգագրությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ «Սյունիքի և Արցախի լեռների ժայռապատկերները», «Հայկական բանակի զինվորական հանդերձանքը (1918-1920 թթ.)», «Սյունիք-Արցախի կանանց ավանդական տարազի ակունքները նախաքրիստոնեական ժամանակաշրջանում» և այլն: Եռօրյա գիտաժողովի վերջին օրը կլինեն զեկույցներ 20-րդ դարի պատմական իրադարձություններին վերաբերող, այնուհետև տեղի կունենա գիտաժողովի փակման արարողությունը: Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 10-րդ համարում:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]