Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Մեր բոլոր կապիտալ ծրագրերը գերակատարվում են. ՀՀ վարչապետը՝ կառավարության նիստում

Մեր բոլոր կապիտալ ծրագրերը գերակատարվում են. ՀՀ վարչապետը՝ կառավարության 
նիստում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հունիսի 23-ին կայացած նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը,  տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար: «2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թ. անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանս ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022 ընթացքում: Քննարկել ենք 2022 թ. պետբյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների հավելվածում ներառված կապիտալ բնույթի ծրագրերը և նախատեսում ենք դրանց մի մասը ևս ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»,-նշել է  նախարարը: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ  այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք, հակառակ պարագայում, պետք է մեկնարկեին 2023 թ. սկզբում:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավելի է կատարվել 147 միլիարդ դրամով. այսօրվա դրությամբ առկա է 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման առումով 46 միլիարդ դրամի ավելի հավաքագրում: «Մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտները, արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, ընդհանուր առմամբ՝ ավելին կլինեն, այսինքն՝ էլի կավելանան, և մենք գիտենք՝ կոնկրետ ինչի արդյունքում: Եվ մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որպեսզի նոր ծրագրեր ներկայացնեն: Հիշում եք՝ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էր տեղի ունենում, մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան: Հիմա խնդրում են այդ անհետաձգելի ծրագրերը բերեք»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախորդ կառավարության նիստում առիթ եղավ, ես հայտարարեցի, որ պատրաստվում ենք, մասնավորապես՝ Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը: Հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռցքամարտի դպրոցը: Կարծում եմ, որ այս շրջանակում միանգամից նախագծերը պատվիրենք և նաև մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք: Այստեղ կարևոր նրբություն կա՝ նրանք հետագա կառավարմանը նույնպես պետք է շատ կոնկրետ մասնկացություն ունենան: Կարծում եմ՝ այս  համատեքստում, բացի նոր ծրագրերից, պետք  տեսնենք, թե ինչքանով կարող ենք արագացնել մեր դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարիների,  ճանապարհների կառուցման տեմպերը»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է  գումարները  ճիշտ ծախսելու կարևորությունը: «Մեր բոլոր կապիտալ ծրագրերը գերակատարվում են:  Ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետևից չենք հասցնում: Ընդհակառակը՝ շինարարները մեր հետևից չեն հասնում, և դա խնդիր է:  Շատ կաևոր է, մամուլում էլ հրապարակումներ են եղել այն մասին, որ ինչ-որ շինարարներ հարցազրույց են տվել կամ բողոքել, որ իրենց գումարները չեն տրվում: Չեն տրվում այն գումարները, որոնք  որակով չեն իրականացվում: Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված  է: Բացառվում է նաև, որ պատշաճ կարգով ընդունված որևէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկ անգամ ևս կարևորելով  կապալառու ընկերությունների ռեյտինգավորման համակարգի մշակումը:

Վարչապետն անդրադարձել է նաև աշխատաշուկայի ցուցանիշներին և նշել, որ 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում  Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական  ռեկորդ է: «2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ  մեր աշխատատեղերը ավելի են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավելի են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով. «Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև  եկամտային հարկի ընդհանուր գումարին և նշել, որ այն մայիս ամսին կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ,  որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 8 միլիարդ 578 միլիոն դրամով: «Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին եկամտային հարկի հավաքագրումը 2020 թվականի նկատմամբ ավելի է եղել 29 մլրդ դրամով, 2019 թվականի նկատմամբ 36 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նկատմամբ 97 մլրդ դրամով: Իրականում՝ 124 մլրդ դրամով: Բայց մենք մեր հաշվառման մեջ, գիտեք, որ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմ ունենք, մենք մեր հաշվառումների մեջ վերադարձը հաշվի չենք առնում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ  2021 թվականին 32 մլրդ դրամ եկամտային հարկ է վերադարձվել:

Մեկ աշխատողի հաշվով՝ միջին ամսական աշխատավարձի առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն 2022 թ. մայիսին կազմել է 237 745 դրամ, որը 2021 թ. մայիսի նկատմամբ ավելի է 25 592 դրամով կամ 12 տոկսով. «Սա շատ կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը: Այսինքն՝ աշխատող մարդու միջին աշխատավարձը 12 տոկսով աճել է: 2019 թ. նկատմամբ ավելի է 50667 դրամով կամ 27 տոկսով, իսկ 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 61 306 դրամով կամ 34.7 տոկոսով: Սրանք, կարծում եմ՝ շատ կարևոր ցուցանիշներ են և պետք է հույս ունենալ, որ աշխատատեղերի աճի այսպիսի տեմպը մենք կկարողանանք պահպանել: Դրա համար կան նախադրյալներ, մնում է, որ մենք հետևողական լինենք մեր ծրագրերի իրականացման գործում և դրանք ավելի որակյալ դարձնենք»:

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը և ապահովել ֆինանսական միջոցների նպատակային օգտագործում

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  Ըստ այդմ, առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացնման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա սկզբից և շինարարական աշխատանքները` անմիջապես եղանակային բարենպաստ պայմաններում։ Որոշմամբ  առաջարկվում է հիմք ընդունելով համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի  հաստատման ժամկետը՝ կարգով սահմանել  նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման, շահագրգիռ և ոլորտային գերատեսչությունների հետ դրանց քննարկման ժամկետներն այնպես, որ համայնքների կողմից ամբողջական փաթեթները կազմելիս արդեն իսկ հաստատված լինեն համայնքների ՄԺԾԾ-երը՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով, ինչը հիմք կհանդիսանա ամբողջական փաթեթների գնահատման համար։ Այսինքն՝ առաջարկվում է ծրագրի իրականացմանը նախորդող տարվա հուլիս ամսից ներկայացնել սուբվենցիոն նախնական հայտերը, իսկ ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետ սահմանել նոյեմբերի 30-ը։ Ինչը հնարավորություն կտա դեկտեմբեր և հունվար ամիսների ժամանակահատվածում քննարկել ամբողջական փաթեթները միջգերատեսչական հանձաժողովի նիստերում,  իսկ համայնքները հնարավորություն կունենան դեկտեմբերի կեսերից, հունվար ու փետրվար ամիսներին  իրականացնել գնումների գործընթացը և արդյունքում շինարարական աշխատանքները սկսել մարտ ամիսից սկսած։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ համայնքների միավորման գործընթացները դեռևս չեն ավարտվել և հնարավոր է փոփոխություններով առաջարկող ժամկետներում որոշ բնակավայրերում  ընտրված համայնքի ղեկավար ու ավագանի չձևավորվի՝ մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով առաջարկվում է նմանատիպ համայնքների համար  սուբվենցիայի հայտերի ներկայացման այլընտրանքային ժամկետներ։ Միաժամանակ կարգում և հայտի ձևաչափում առաջարկվում է իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերում ամրագրված գումարների ներառմամբ, ինչը հիմք կհանդիսանա հայտերի գնահատման համար, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած առաջնահերթություննեը, առաջարկվում է «բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» ուղղության համար ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը բարձրացնել 5 տոկոսով՝ 50-ից մինչև 70 տոկոս։ Առաջարկվում է նաև հնարավորություն ընձեռել պետբյուջեի համաֆինանսավորումը կատարել նաև ըստ գնման չափաբաժինների։ Առաջարկության համար հիմք է հանդիսացել այն, որ համայնքների միավորումից հետո ներկայումս մեկ սուբվենցիոն ծրագրով առաջարկվում է իրականացնել 10 և ավելի օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Քանի որ  այն սովորաբար իրականացվում է տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից և փորձը ցույց է տալիս, որ կախված աշխատանքների ծավալից և շինարարական կազմակերպությունների կողմից ժամանակացույցով կատարվող աշպատանքների տարբերությունների պատճառով, հնարավոր չի լինում սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտած կազմակերպությանը կատարել վճարումները, քանի որ միևնույն ծրագրում ներառված մյուս շինարարական կազմակերպությունները չեն իրականացրել իրենց աշխատանքները։  Միաժամանակ առաջարկով կարգավորումներով նախատեսվում է հստակեցնել յուրաքանչյուր սուբվենիցայի ծրագրի ավարտից հետո դրա մշտադիտարկման դրույթի ընթացակարգը։

Կարևորելով նման փոփոխությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով փորձ է արվում լավարկել համակարգը, որպեզսի սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն: «Այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքը կսկսվի հուլիսից: Եվ ինչպես ասացինք, եկեք պայմանավորվենք, որ փետրվարի մեկը լինի այն ժամկետը, երբ արդեն ծրագիրը հաստատված պետք է վերադառնա համայնք, համայնքը մրցույթը հայտարարի, որպեսզի արդեն մարտին լինեն հաղթողներ և շինարարական աշխատանքները սկսվեն»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղական փողոցների սալարկման ծրագրին և նշել, որ այդտեղ կառավարության ֆինանսավորման տոկոսը ավելացվում է: Ըստ վարչապետի,  համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները. «Ճիշտ է՝ մեր օրակարգում առաջնային խնդիր է եղել և շարունակում է մնալ փողոցների, ճանապարհների, մայրուղիների կառուցումը, բայց չպետք է մոռանանք, որ կառուցումից հետո դրանք պետք է սպասարկվեն, որպեսզի ծախսված գումարը լինի մաքսիմալ արդյունավետ: Օրինակ, տեղեր են եղել, որ 6 ամիս առաջ արված աշխատանքն այսօր արդեն, ըստ էության, չի երևում, որովհետև չի սպասարկվում:

Սա պարտադիր է և կարևոր է:  Մենք պետք է մեր նշաձողերն անընդհատ բարձրացնենք: Այդ գյուղական փողոցներում պետք է գծանշում ունենանք, պետք է ճանապարհային նշան ունենանք և այլն: Նկատի ունեմ՝ այնպես չէ, որ մենք ասֆալտն արեցինք, սալարկեցինք՝  ավարտեցինք: Այս բոլոր սուբվենցիոն ծրագրերի մեջ մենք պետք է ֆինանսական սխեմա դնենք, որպեսզի համոզվենք, որ համայնքները հետագայում նաև սպասարկելու են, որովհետև դա նաև ծախսի արդյունավետության խնդիր է: Փոխվարչապետի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և մեր մարզպետների ուշադրությունը հրավիրում եմ այս հարցի վրա, որը  շատ կարևոր է: Ընդհանրապես՝ ինչ-որ պետական և համայնքային միջոցներով կառուցվում է, դրա հետագա սպասարկումը նույնքան կարևոր է, որքան բուն կառուցումը»:

ԱՄՆ ՄԶԳ-ը 120 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի՝ ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին

Գործադիրը հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության  ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացում: ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120,000,000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը նպատակների միջև հետևյալ կերպ՝ 68,565,000 ԱՄՆ դոլար ժողովրդավարության խթանման համար, 51,435,000 ԱՄՆ դոլար տնտեսական անվտանգության բարելավման համար: Հաշվի առնելով COVID-19 համավարակով և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմով պայմանավորված ցնցումները, ինչպես նաև 2021թ. կայացած արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունները՝ այս փաստաթղթով Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառություն է վերցնում աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման կայացման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի ՀՀ կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, պետական կառավարման համակարգի և պետական ինքնակառավարման բարեփոխումների համար: «Փաստաթղթով սահմանված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական և քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրում արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:    

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համաձայնագրի ստորագրումը և նշել. «120 մլն դոլարի ներդրում է իրականացվելու ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական անվտանգության և ինստիտուցիոնալ զարգացման բնագավառում: Իհարկե, ժողովրդավարության զարգացման առումով ներառում է նաև ընտրական իրավունքի և ընտրական համակարգի բարելավումը»:

Կառավարության ղեկավարն այս համատեքսում անդրադարձել է ընտրական գործընթացի բարեփոխումներին. «Մենք թվային բարեփոխումների շատ կարևոր մի փուլում ենք և քաղաքական առումով պետք է խնդիր դնենք: Դա հետևյալն է, որ ընտրական գործընթացն ի վերջո պետք  է տեղի ունենա մեկ միասնական փաստաթղթով՝ անձը հաստատող, և դա պետք  է լինի նույնականացման քարտը: Սա շատ կարևոր է, և ես ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա: Հիմա մենք մի քանի փաստաթուղթ ունենք ընտրական՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր: Ընդ որում,  պետք է ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր էլ ունենանք»:

Շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգով կձևավորվեն  նախաորակավորված մասնակիցների ցուցակներ

Գործադիրը հաստատել է  Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Ըստ հիմնավորման,  կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի համապատասխան հոդվածի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ: Մասնավորապես նախատեսվում է, որ ճանապարհների և տրանսպորտային օբյետների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Նախատեսվում է նաև, որ շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների  գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Նշված կարգի համաձայն պատվիրատուները կազմակերպում են նախաորակավորման գործընթաց, որի համար անհրաժեշտ որակավորման չափաանիշները սահմանվում են սույն կարգով: Նշված գործընթացի արդյունքում հաստատվում են նախաորակավորված մասնակիցների ցուցակները: Իսկ կարիքի առաջացման դեպքում պատվիրատուները հրավեր են ուղարկում այդ ցուցակում ներառված մասնակիցներին, որոնք կարող են հրաժարվել հայտ ներկայացնելուց:

Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ցուցակում կարող են ներառվել այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն որոշմամբ սահմանված չափանիշները: Մասնավորապես՝ կազմակերպությունը պետք է նորաստեղծ չլինի, պետք է ունենա առնվազն 5 տարվա ընթացքում գոնե 3 պայմանագիր, որը պատշաճ կատարել է: Օրինակ՝ ճանապարհների դեպքում պահանջվելու է, որ այդ կազմակերպության 3 պայմանագրերի հանրագումարային արժեքը պակաս չլինի 3 մլրդ դրամից:   

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախատեսվող փոփոխությունները ոլորտում իրականացվող բաևեփոխումների շրջանակում: «Մենք այս մեխանիզմը ստեղծում ենք, որպեսզի  ունենանք գործընկեր ընկերությունների ցանկ, որոնց հետ արագ կկարողանանք աշխատել»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն նույնպես ակտիվ մասնակցել է նախագծի մշակման աշխատանքներին. «Կուզենայի նշել, որ  գործող կարգերով տնտեսվարողների ընտրության պարագայում ռիսկերը հիմնականում ընկնում են պատվիրատուի վրա, իսկ այս պարագայում, ունենալով նախաորակորված կազմակերպությունների ցանկը, մենք կկարողանանք զգալի նվազեցնել այդ ռիսկերը»:

Հաստատվել են Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Գործադիրը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները: Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել  մայիսի 30-ին: Այն  ընթացել է  համալսարանի   կանոնադրության և  խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցած  խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: Տիգրան Վադունցը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Մեծ պատիվ և վստահություն է գլխավորել ՀՀ հարավային տարածաշրջանի համար կարևոր դեր ու նշանակություն ունեցող բուհը: Կանեմ հնարավորն ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացման ու առաջընթացի»:

Համակարգը պատրաստ է անկանխիկ գործարքների ավելացման գործընթացին

Կառավարության նիստում անդրադարձ է եղել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, ըստ որի մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Մանրամասներ են ներկայացվել գործընթացի կիրակումն ապահովելու համար իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես նշել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում որոշվել է, որ վճարային տերմինալներով վճարվող գումարները, եթե դրանք փոխանցվում ենք միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ ևս համարել անկանխիկ գործառնություն: «Ինչ վերաբերում է POS տերմինալներին և,  մասնավորապես՝ ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին, ապա հարցը մեծ հաշվով լուծված է այս պարագայում: Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռք բերման և այդ ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսերը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ հնարավորինս  մինիմալ լինի այս փուլում տնտեսվարողների բեռը: Մենք ունենք 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց վրա POS տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է ավելացվի: Մեր գերխնդիրն  է՝ այնպես անենք, որ մինչև հուլիսի 1-ը ամեն մի բնակավայրում գոնե լինի նման մեկ խանութ կամ տերմինալ լինի», -ասել է ԿԲ նախագահը:

Հուլիսի 1-ից  անշարժ գույքի ու ավտոմեքենանների առքուվաճառքը նույնպես  պետք է անկանխիկ եղանակով իրականացվի: Այս համատեքստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ համապատասխան օրենսդրությունը խախտելու դեպքում նախատեսված են մի շարք տուգանքներ: Մասնավորապես, ֆիզիկական անձն այն խախտելու դեպքում կտուգանվի 100 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանը համակարգում նախատեսվող այս բարեփոխումը համարել է  ինստիտուցիոնալ, որն ունի շատ էական նշանակություն տնտեսական, քաղաքակրթական, հակակոռուպցիոն, ինչպես նաև ստվերի կրճատման առումով:  

Հաստատվել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը: Որոշման նպատակը  հետվճար տրամադրելու միջոցով կենսաթոշակառուների գնողունակության բարձրացումն է՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս, ինչպես նաև անկանխիկ եղանակով գործարքների խթանումն է Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ հիմնավորման, կարգի մշակման փուլում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և գործընկեր բանկերի միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ կարգի իրացման մեխանիզմների և ընթացակարգերի շուրջ: Արդյունքում առաջարկվել է նաև քարտը թողարկած բանկոմատների միջոցով կոմունալ ծառայություններին ուղղվող վճարներից բացի՝ հետվճար կիրառել նաև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ակտիվ աշխատանք է տարվել գործընկեր բանկերի հետ՝ համապատասխան կարգավորումը լիարժեք իրագործելու  նպատակով: Այդ բանկերն են՝  «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը», որոնց  նպաստառուները և կենսաթոշակառուները կարող են միանալ նաև հուլիսի 1-ից հետո:

Վարչապետը հորդորել է շարունակել ծրագրերի վերաբերյալ ակտիվ իրազեկումը:    

Էկվադորի Հանրապետության քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի

Կառավարությունն ընդունել է «Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Էկվադորի Հանրապետության քաղաքացիները կարող են այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն  կնպաստի Հայաստանից այդ երկիր քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Էկվադորի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը պայմանավորված է ՀՀ և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում: Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ: Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։ Էկվադորի հետ վիզային ռեժիմի վերացումը հաջորդական կարևոր քայլ է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի պետությունների քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցնելու առումով:

Հավանություն է տրվել  «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած իրավիճակում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ հաշվարկների իրականացման և միմյանց բյուջեներ փոխադարձ փոխանցելու անհրաժեշտությամբ։ Արձանագրությունը ստորագրումը թույլ կտա առկա իրավիճակում անխափան իրականացնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխհաշվարկները։

Գործադիրը գումար է հատկացրել  զինծառայողների շարունակական բժշկական օգնությունը կազմակերպելու համար

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ զինվորական ծառայության ընթացքում, այդ թվում նաև 2020 թ. պատերազմի ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողների հատուկ մասնագիտացված վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է 105,120 հազար դրամով  ավելացնել «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին շուրջ մեկ տասնյակ նախկին զինծառայողներ տարբեր էտապներով երկարատև բուժօգնությունից հետո շարունակում են մնալ նույն վիճակում, և  անհրաժեշտ է նրանց հատուկ մասնագիտացված համալիր բուժական-վերականգնողական ծառայությունների մատուցել: Մեկ անձի համար այս ծառայության տարեկան արժեքը կազմում է շուրջ 11,680.0 հազար դրամ։

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց: Որոշմամբ սահմանվել  է նաև, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Գործադիրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները: Ըստ հիմնավորման, ԶՈՒ կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն ունեն առանձնահատուկ բնույթ՝ համապատասխան գնման առարկայի սահմանափակ հասանելիության, ինչպես նաև այդ շուկայի առանձնահատկությունների հետ կապված: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հնգամյա ծրագիր, ՍՌՏ ձեռքբերումների գերակշիռ մասը կազմում են միջազգային ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող գնումները, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը և արտահանումը, միջնորդական գործունեությունը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեություն, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշակի առանձնահատուկ ընթացակարգեր նախատեսել ՍՌՏ գնումների կատարման համար՝ դրանց հիմնավորվածությունը և նպատակայնությունն ապահովելու, գործընթացին մասնակցող ստորաբաժանումների և այլ մասնակիցների գործողությունները հստակեցնելու, գնման գործընթացները «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստներով տնտեսող, արդյունավետ և օգտավետ սկզբունքով իրականացնելու նկատառումներից ելնելով: 

Այլ որոշումներ. կպարզեցվի և  քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, կանոկարգել ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, այդ թվում՝ երեխաների ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերությունները: Արդյունքում, կհստակեցվեն նաև քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերը, կպարզեցվի հիշյալ հարաբերություններում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։ Մասնավորապես, սահմանվել է, որ երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ծնողը դիմում է անձամբ, լրացնում դիմում-հարցաթերթ, որի ձևը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերի ցանկը ևս հաստատվում են սույն նախագծով։ Բացի այդ, փոփոխության են ենթարկվել նաև պետական մարմինների կողմից իրականացվող գործողությունների համար սահմանված ժամկետները. հաշվի առնելով, որ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները քննարկելու համար նախատեսվել է 90 աշխատանքային օր, ուստի քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմիններին վերապահված գործառույթների իրականացման ժամկետները սահմանվել են այնպես, որպեսզի 90 աշխատանքային օրում հնարավոր լինի ապահովել գործերի ամբողջական ուսումնասիրություն, ՀՀ նախագահին համապատասխան առաջարկություն ներկայացնելը և վերջինիս կողմից հրամանագրի ստորագրումը։ Պարզեցվել է նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար անձանց կողմից լրացվող հարցաթերթիկների ձևերը, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանցով պահանջվող տեղեկատվության մեծ մասի անհրաժեշտությունը բացակայում է, և պրակտիկայում որևէ կերպ չի ազդում գործի ելքի վրա, մինչդեռ, հարցաթերթը լրացնելը ավելորդ ժամանակ և խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը օրենքի պահանջներին համապատասխան սահմանելու նպատակով: Ըստ այդմ՝ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների համար կսահմանվի երդման արարողությունը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն և ընթացակարգ։

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ առաջարկվում է սահմանել, որ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում գործունեությունը կասեցված հարկ վճարողների ցանկի ձևը։ Արդյունքում՝ կհստակեցվի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերում ներառման ենթակա հարկ վճարողների շրջանակը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]