Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

ԿԳՄՍ-ն ներկայացրել է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանելու մասին նախագիծը

ԿԳՄՍ-ն ներկայացրել է դասարաններում սովորողների առավելագույն թիվ սահմանելու 
մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների դասարանների կազմավորման կարգի նախագիծը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ-ից:

Դասարանների կազմավորման համար նախատեսվում է պարտադիր դարձնել տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում՝ առավելագույնը 20 սովորող ունենալը։ Նոր նախագծով ամրագրված այս կարգավորումն իրականություն է դառնալու հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց։ Նշված դրույթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թ. սեպտեմբերից՝ հաշվի առնելով ՀՀ-ում նոր չափորոշիչն ամբողջությամբ ներդնելու, ինչպես նաև կիրարկումն ապահովելու համար նախանշված ժամկետները: Մինչ այդ առաջիկա մի քանի տարիները կօգտագործվեն դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների՝ իրավիճակային կարգավորումները պլանավորելու համար։

Նշենք, որ գործող կարգով ուսումնական հաստատություններում սովորողների առավելագույն քանակը սահմանված է 35։ Լինում են դեպքեր, երբ այդ նորմերը չեն պահպանվում, և աշակերտների թիվը դասարանում 35 սովորողից գերազանցվում է։ Տարիներ շարունակ ուսումնական գործընթացի պատասխանատուները, նաև սովորողների ծնողները դժգոհություն են հայտնել այն արդարացի հիմնավորմամբ, որ գերհագեցած դասարանում կրթության որակ ապահովելն անհնար է։

Ներկայացվող կարգավորումները պայմանավորված են դասարանների կոմպլեկտավորման սկզբունքները ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաև փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում արդյունավետ և որակյալ կրթություն կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց՝ կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը։ Մասնավորապես, ըստ նախատեսվող կարգավորման՝ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ, արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքերում կգործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Այսինքն` հիմնական նպատակներից մեկը բազմահամակազմ դասարանների պրակտիկայից առավելագույնս հրաժարվելն է:

Հաշվի առնելով, որ բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցչի համար առկա են մի շարք դժվարություններ և լրացուցիչ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն՝ առաջարկվում է նաև երկհամակազմ և եռահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին համապատասխանաբար տրամադրել նվազագույն դրույքաչափի 50 տոկոսի և 75 տոկոսի չափով հավելավճար՝ վերջիններիս վարձատրության բարելավման նպատակով։ Այս մոտեցումը ուսուցիչների համար խթան կհանդիսանա ոչ միայն դասավանդման որակի, այլև դպրոց մուտք գործելու հիմքեր ստեղծելու առումով։

Նոր նախագծով քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում։ Այս մոտեցումը նախատեսվում է փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակում։

Հանրակրթության նոր չափորոշչի պահանջը սովորողների կոմպետենցիաների վրա հիմնված կրթության մատուցումն է, որը պետք է սկսել ուսումնառության սկզբից և հատկապես զարգացնել ավագ դպրոցում՝ հոսքային ուսուցման միջոցով։ Նշված ուսուցման հիմքում դրված է սովորողի նախասիրություններն ու մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու կարևորությունը։ Ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում հնարավոր է դառնում սովորողի նախընտրությամբ դասացուցակի ձևավորումը, որի արդյունքում հնարավոր կդառնա նաև ձևավորել ուսումնական մեկ խումբ՝ անկախ սովորողների թվից։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնելու երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում։ Այս մոտեցումը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է Տավուշի մարզում՝ նոր չափորոշչի ներդրման շրջանակում։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 2-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]