Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դիմորդների մեծ հետաքրքրությունը Տնտեսագիտական համալսարանի նկատմամբ վստահության և վարկանիշի բարձրացման արդյունք է. Դիանա Գալոյան

Դիմորդների մեծ հետաքրքրությունը Տնտեսագիտական համալսարանի նկատմամբ 
վստահության և վարկանիշի բարձրացման արդյունք է. Դիանա Գալոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը երկար տարիներ լրացնում է երկրի ֆինանսական-տնտեսական ոլորտի կադրային բացը՝ պատրաստելով բարձրակարգ մասնագետներ, անընդհատ քայլելով ժամանակին համահունչ, ներդնելով նորարարական գործիքակազմ:   

Բուհի հաջողությունների, իրականացված բարեփոխումների, ծրագրերի և այլ հարցերի շուրջ  «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանի հետ:

Տիկին Գալոյան, երկար տարիներ ՀՊՏՀ-ն ապահովում է ուսանողների բարձրագույն կրթությունը և թողարկում բարձրակարգ մասնագետներ: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

- Դուք ճիշտ նկատեցիք, հատկապես վերջին երեք տարիներին ՀՊՏՀ-ի նկատմամբ դիմորդների հետաքրքրությունն աստիճանաբար աճել է. անընդմեջ եղել ենք հանրապետությունում երկրորդ բուհը դիմորդների և ընդունվողների քանակով, իսկ 10 ամենապահանջված մասնագիտությունների 50 տոկոսն այս տարի Տնտեսագիտական համալսարանի առաջարկած մասնագիտություններն են: Եվ սա, առաջին հերթին, բուհի նկատմամբ վստահության և վարկանիշի բարձրացման արդյունք է, իսկ բուհի վարկանիշը բարձրացել է կատարված աշխատանքի շնորհիվ:

Ես՝ որպես ղեկավար, շատ եմ կարևորում բուհում ձևավորված աշխատանքային մթնոլորտը, որն ազդում է ընդհանուր արդյունավետության վրա: Կարևորում եմ բոլոր այն բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք և իրականացնում ենք, այն նվիրվածությունը, որն աշխատակազմը ցուցաբերում է   բուհի հանդեպ: Այն ամենն, ինչ մինչ օրս իրագործել ենք, մեր երազանքների ու ծրագրերի  գագաթնակետը չէ, և կարծում ենք՝ Տնտեսագիտական համալսարանի մասին դեռ շատ կլսեն մեր երկրում, մեր ներուժով և աշխատանքով դեռևս ծանրակշիռ ներդրում կունենանք երկրի տնտեսության զարգացման, տնտեսական բարեփոխումների իրականացման գործում՝ թե՛ մասնագետներ պատրաստելով և թե՛ անմիջապես քաղաքականություն մշակողներ դառնալով:

- Կրթության որակի բարելավման ուղղությամբ ի՞նչ առանցքային աշխատանքներ ու ծրագրեր եք իրականացնում այսօր, ո՞ր ուղղություններն են առաջնահերթ (ենթակառուցվածքների բարելավում, թվային նոր տեխնոլոգիաների ներդնում, դասախոսական կազմի վերանայում):

Կրթության որակի բարձրացումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է, և այս ուղղությամբ նախաձեռնել և իրականացնում ենք մի շարք ծրագրեր: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ նախորդ տարի ՀՀ կենտրոնական բանկի փորձագետների, որակի ազգային ապահովման կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետների և մեր ներքին փորձագետների համատեղ ջանքերով ամբողջապես վերափոխեցինք և արդի պահանջներին համապատասխան բակալավրական ու դրանցից բխող մագիստրոսական ծրագրեր մշակեցինք: Մագիստրոսական կրթական ծրագրերի առումով ցանկանում եմ առանձնացնել մեկուկես տարի տևողությամբ ծրագրերը, որոնք մշակել և իրականացնում ենք գործատուների հետ: Օրինակ, «Բանկային գործ» մագիստրոսական ծրագիրն իրականացնում ենք մի շարք բանկերի հետ, ինչի արդյունքում մեր ուսանողները հնարավորություն են ունենում փորձառություն անցնելու հենց այդ բանկերում: Ուսանողներից շատերն էլ կարողանում են աշխատանք գտնել մեր գործընկեր մյուս գործատուների մոտ:

Իհարկե, կրթության որակի բարձրացման երկրորդ և ամենակարևոր բաղադրիչներից մեկը նաև ակադեմիական կազմն է, որի առումով նույնպես մեզ մոտ էական բարեփոխումներ են տեղի ունենում: Վերջերս կրկին  ներդրել ենք  դասախոսական կազմի վերապատրաստման և ատեստավորման կարգ. երեք տարին մեկ պարտադիր  իրականացնում ենք դասախոսների վերապատրաստում, ընդ որում՝ այդ վերապատրաստումները ոչ միայն մասնագիտական են, այլ նաև օտար լեզուների, համակարգչային հմտությունների, ինչպես նաև դասավանդման և հետազոտական աշխատանքի նոր ուղղություններով: Վերապատրաստումներ իրականացնում ենք հայաստանյան, ինչպես նաև արտերկրի լավագույն մասնագետների ներգրավմամբ: Այս գործընթացներին զուգահեռ համալսարանում չի անտեսվում  գիտահետազոտական ուղղությունը, որովհետև, կարծում եմ, որ դասախոսական կազմը պետք է պարտադիր կերպով գիտությամբ զբաղվի:

Այս առումով, մեծ ներդրում ունի մեր համալսարանական ուղեղային կենտրոնը՝ «Ամբերդը», որն աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունեցող գիտահետազոտական կենտրոն է և ընդգրկված է աշխարհի 100 լավագույն ուղեղային կենտրոնների շարքում,  որի գործունեության շնորհիվ  կարողացել ենք մեր համալսարանի գիտական ամսագիրը՝ «Բանբերը», համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին՝  տպագրելով արժեքավոր և գիտական նորույթ պարունակող աշխատություններ: «Ամբերդում» ներգրավում ենք նաև մեր սովորողներին, ինչը նրանց հնարավորություն է տալիս զարգացնելու հետազոտական կարողությունները։

Վերջին մի քանի տարին և հատկապես այսօր ուսանողների շրջանում ո՞ր մասնագիտություններն են ավելի պահանջված:

- Տնտեսագիտական համալսարանում տարիներ շարունակ «Ֆինանսներ» և «Կառավարում» մասնագիտությունները եղել են ամենապահանջվածները, սակայն վերջին տարիներին մի փոքր բարձրացել է հետաքրքրվածությունը «Մարքեթինգի» հանդեպ: Դրա համար նախորդ տարի լիցենզավորեցինք «Մարքեթինգ» մասնագիտության ևս 50 տեղ: Եթե դիմորդների քանակով ենք առաջնորդվում, ապա այս տարի «Կառավարումն» էր առաջին տեղում, նախորդ տարի՝ «Ֆինանսները»: Սակայն, եթե դիտարկում ենք լիցենզիոն տեղեր-դիմորդների քանակ հարաբերակցությունը, ապա, թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի «Մարքեթինգ» մասնագիտությունն առաջնային կարևորություն է ստացել:

Սակայն, ի ուրախություն ինձ, վերջին տարիներին բավականին մեծացել է հետաքրքրությունը նաև  STEM (Science, technology, engineering և mathematics / Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա)  ուղղությունների նկատմամբ։

Ժամանակի ընթացքում առաջ են գալիս նոր մասնագիտություններ, արդյոք մասնագիտական ցանկի վերանայման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որպեսզի բուհն ընթանա ժամանակին համաքայլ:

- Ակադեմիական միջավայրում որակյալ կրթական ծառայությունների մատուցման հարցում միանգամայն կարևորում եմ ժամանակի պահանջներին ու արդիականության ոգուն համահունչ գործունեությունը: Այդ նպատակադրմամբ կրթական ծրագրեր ենք իրականացնում երեք հիմնական ՍՏԵՄ ուղղություններով՝ «Վիճակագրություն և տվյալագիտություն», «Տեղեկատվական համակարգեր», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»:

Բուհն այս առումով ունի բավականին մեծ ճկունություն և ինքնավարություն, ինչը հնարավորություն է տալիս քայլելու ժամանակին համընթաց: Եվ եթե ի հայտ են գալիս նոր ոլորտներ, որտեղ կա մասնագետի պահանջ, ապա հնարավորություն ունենք նոր կրթական ծրագրեր լիցենզավորելու: Այս պահի դրությամբ ունենք բակալավրական 11 և մագիստրոսական 30-ից ավելի կրթական ծրագրեր:

Հատկանշական է, որ վերջերս մեր համալսարանի կողմից կրկին լիցենզավորվել և իրականացվում է «Առողջապահության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը, որովհետև, մեր խորին համոզմամբ՝ բժշկական հաստատությունների ղեկավարներ պետք է լինեն ոչ թե մասնագիտությամբ բժիշկները, այլ՝ մասնագիտությամբ կառավարիչները, որոնք ունեն համապատասխան գիտելիք և հմտություններ: Այստեղ ևս, ի ուրախություն մեզ, ունենք հաջողություններ։ Այս առումով էլ պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում և անհրաժեշտության դեպքում կազմակերպում դասընթացներ, ներդնում գործիքակազմ:

- Նախկին շրջանավարտները հնարավորություն ունենո՞ւմ են բուհում պարբերաբար վերապատրաստվելու և վերաորակավորվելու:

- Իհարկե, դա մեր առաջնահերթություններից մեկն է: Համալսարանն ունի շարունակական կրթության բաժին, որն զբաղվում է վերապատրաստումներով, կարճաժամկետ դասընթացներով և որակավորման բարձրացման ծրագրերով:

- Բուհի միջազգայնացման գործընթացում արտասահմանցի ուսանողների ներգրավումն ի՞նչ տեղ է զբաղեցնում։

- Այս տարի վերջապես ստացել ենք բակալավրիատում և մագիստրատուրայում «Կառավարում» և «Բիզնես վարչարարություն» ուղղություններով օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն: Եվ, ի ուրախություն մեզ, այս տարի կունենաք օտարերկրացի ուսանողներ: Արդեն իսկ շատ արձագանքներ ենք ստացել և մի շարք դիմումներ: Հույս ունենք՝ սեպտեմբերից կունենանք մեծ թվով արտասահմանցի ուսանողներ:

- Անդրադառնանք բուհի նախագծերին. ի՞նչ նոր և հետաքրքիր մտահղացումներ եք իրագործում, որի՞ն կցանկանայիք անդրադառնալ:

Նախագծերն, իհարկե, շատ են, բայց առանձնացնեմ այն, ինչն այս պահին իրականացման ընթացքում է: Վերջերս հանդիպումներ ունեցա մի շարք դպրոցների տնօրենների հետ, և ապագա դիմորդների համար մի հետաքրքիր գաղափար ծնվեց: Որոշեցինք ստեղծել ամառային դպրոց և հուլիս ամսից մեր պոտենցիալ դիմորդներին առաջին անգամ հնարավորություն տալ մոտիկից ծանոթանալու իրենց ապագա բուհին: Նախատեսում ենք, որ աշակերտները ճանաչողական և բովանդակալից ժամանակ կանցկացնեն բուհում, մեր աշխատակիցների օգնությամբ կծանոթանան ուսումնական գործընթացին, դասախոսական կազմին և առօրյային:

Բուհի կարևոր ուղղություններից է նաև Change Lab նորարարական կենտրոնը, որտեղ ուսանողների հետ աշխատում ենք՝ նրանց բիզնես գաղափարները զարգացնելու, գործարար հմտություններ փոխանցելու ուղղությամբ:

- Ի՞նչ ուղղություններով է ընթանում բուհի միջազգայնացումը:

- Այս պահին համատեղ կրթական ծրագրեր ենք իրականացնում Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի (Գերմանիա) և ևս վեց երկրների համալսարանների հետ համատեղ՝ «Կառավարում» և «Ինֆորմատիկա» մասնագիտությունների ուղղությամբ: Արդյունքում, մեր ուսանողները հնարավորություն կունենան իրենց ընտրությամբ 1 կիսամյակ կրթությունը շարունակելու այդ վեց երկրների համալսարաններից մեկում՝ առանց վարձավճարի փոփոխության:

Բացի դրանից, Ռուսաստանի Ֆինանսական ակադեմիայի հետ ենք պատրաստվում իրականացնել «Մաթմեթոդների կիրառումը տնտեսագիտության մեջ» մագիստրոսական ծրագիրը, մի շարք այլ ծրագրեր ու նախագծեր: Միջազգայնացումը մեր ռազմավարական նպատակներից է, և հետևողական աշխատանքներ ենք կատարում, որպեսզի այն դարձնենք մեր հիմնական ուղղություններից մեկը:

- Ի՞նչ խորհուրդ եք հաճախ տալիս Ձեր ուսանողներին:

Որպես բուհի ղեկավար՝ առաջին կարևոր խորհուրդը, որ տալիս եմ՝ սովորել և ինքնակրթվելն է, ավելի պահանջկոտ լինելը սեփական անձի հանդեպ: Յուրաքանչյուր ոք իր երազանքի տերն է և պետք է իմանա՝ ինչ անել, որպեսզի երազանքներն իրականություն դառնան: Բայց մի բան անքննելի է՝ առանց գիտելիքի, սովորելու և շարունակաբար ինքնակրթվելու հաջողության չես հասնի:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]