Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պետք է վերականգնել Հայոց բանակի հաղթական ավանդույթները. տեղի ունեցավ ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարը

Պետք է վերականգնել Հայոց բանակի հաղթական ավանդույթները. տեղի ունեցավ ՀՀ 
վետերանների միավորման 14-րդ համագումարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թ. հունիսի 1-ի դրությամբ ապրում է հիտլերյան Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմի 101 վետերան: Նրանք ամեն տարի հպարտությամբ են տոնում ինչպես նացիստների դեմ մեծ հաղթանակի, այնպես էլ անկախ Հայաստանի ազգային բանակի տոները՝ գլուխ խոնարհելով Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակի առջև և իրենց հայացքն ուղղելով դեպի ապագա՝ Հայոց բանակի հաղթական ավանդույթները վերականգնելու հույսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ հունիսի 24-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 14-րդ համագումարը, որի արդյունքներով ընտրվեցին Վետերանների միավորման խորհրդի և նախագահության կազմերը, ինչպես նաև՝ Վետերանների միավորման խորհրդի նախագահը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

ՀՀ վետերանների միավորման խորհրդի պաշտոնում բաց քվեարկությամբ միաձայն վերընտրվեց գնդապետ Սիմոն Եսայանը:

Հայաստանի վետերանների միության նախագահն իր ելույթում ներկայացրեց 2018-2022 թթ.-ին կազմակերպության կատարած աշխատանքների հաշվետվությունը՝ ի թիվս այլ հարցերի խոսելով նաև Հայաստանում ապրող վետերանների, այդ թվում՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների օկուպացման պատճառով փախստական դարձած հայ վետերանների բազմաթիվ խնդիրների, Հայաստանում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների վիճակի, Արցախի օկուպացված տարածքներում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների, մասնավորապես՝ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի և Արմենակ Խանփերյանցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանների ավերման մասին:

«1941-45 թթ. պատերազմի, այդ տարիներին թիկունքային, աշխատանքի և զինծառայության վետերանների սոցիալական ապահովվածության բարելավումը, նրանց օրինական իրավունքների և արտոնությունների պաշտպանությունը, մարդկային հոգատարության դրսևորումը, միայնակ, անօգնական վետերանների կարիքների պահանջների բավարարման ուղղությամբ նախատեսված ծրագրերը միշտ եղել են մեր վետերանական կազմակերպությունների նախագահների ուշադրության կենտրոնում: Մեր հաջորդ կարևորագույն խնդիրը դարձյալ եղել և մնում են նախազինակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հետ տարվող աշխատանքները», - հաղորդեց Սիմոն Եսայանը:

2022 թ. հունվարի 28-ին Հայաստանի վետերանների միությունը նշել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը: Ինչպես միավորման նախագահն է ասում՝ հայ վետերանները միշտ հպարտությամբ նշել Հայկական բանակի տոնը՝ իրենց երախտագիտությունը հայտնելով բոլոր այն անհատներին, պետական և զինվորական գործիչներին, որոնք կանգնած են եղել ազգային բանակի ձևավորման ակունքներում, բարձրաստիճան գեներալներին, սպաներին ու զինվորներին, կամավորականներին ու աշխարհազորայիններին, որոնք իրենց սխրանքներով են կռել Հայոց բանակի համբավն ու ապահովել Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը:

Հիշելով այս ամենը, գիտակցելով հայկական պետականության անվտանգության արդի սպառնալիքները և ընդգծելով, որ ադրբեջանա-թուրքական հրոսակները եղել և մնում են տարածաշրջանի անվտանգության հիմնական սպառնալիքը, հայ վետերանները գլուխ են խոնարհում ինչպես ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ Արցախյան պատերազմներում, բոլոր ժամանակների մարտական գործողություններում զոհված զինծառայող նահատակների հիշատակի և նրանց հարազատների առջև:

«Այդ անհավասար պայքարում հայ զինվորն ու սպան, երկրապահն ու ազատամարտիկը ցույց տվեցին մինչև վերջ կռվելու վճռականության և բարոյակամային ամենաբարձր հատկանիշներ։ Չպետք է հուսահատվենք: Պետք է լրջորեն վերլուծել ու հետևություններ անել, պետք է հիմնովին վերակառուցել Հայոց բանակը, բարձրացնել նրա մարտունակությունը և վերականգնել նրա հաղթական ավանդույթները», - շեշտեց գնդապետ Եսայանը:

ՀՀ վետերանական կազմակերպությունների հաշվետվությունների տվյալների համաձայն՝ 2022 թ. հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում ունենք Հայրենական մեծ պատերազմի 101 վետերան, այդ թվում՝ 11 կին մասնակիցներ, համակենտրոնացման ճամբարի 5 նախկին անչափահաս գերիներ, Լենինգրադի բլոկադայի մեջ գտնված 9 մարդ, ինչպես նաև՝ 80 այրի, զինծառայության 1715 վետերաններ, աշխատանքի 15 206 վետերաններ: Ընդհանուր թիվը կազմում է 17 102 վետերան: Այս տվյալները ևս հաղորդեց Վետերանների միավորման նախագահը:

Վետերանների միավորման 14-րդ համագումարի ընթացքում ԱՊՀ վետերանների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, պահեստազորի գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և նրա տեղակալ Նիկոլայ Լապտևը ՀՀ պաշտպանության նախարարի անունից պարգևատրվեցին «Մարշալ Հովհաննես Բաղրամյան» շքանշանով:

 

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Մխիթար Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]