Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնը կանցկացվի նաև մարզերում

SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնը կանցկացվի նաև մարզերում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը, հունիսի 24-ից հուլիսի 2-ը կանցկացվի ոչ միայն Երևանում այլև մարզերում։ Այն հյուրընկալվելու է, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն, փառատոնի համահիմնադիր Հայկ Վարդանյանը նշեց, որ SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ 

Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), ով նման նախագիծ է իրականացրել բազմաթիվ երկրերում։ Հայաստանում Ֆաբիանը համագործակցում է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ փառատոնի օրերին հասանելի կլինի VR ներկայացումը («Սասունցի Դավիթ» սրահ, մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար):

«Այս տարի փառատոնի շարժիչ ուժն են նորագույն տեխնոլոգիաները։ Խաղացանկում ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաև QR կոդերի կիրառմամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս հետևել ժամանակակից մարդու մտածողության, հետևաբար՝ նաև ժամանակակից պարի զարգացումներին մեր գերինֆորմատիվ և գերտեխնոլոգիական դարում։ Արդեն հինգ տարի է աշխատում եմ VR խորեոգրաֆիայի մոտեցման վրա։ Կներկայացնեմ իմ 12 մեգաբայթ վայրկյանով նոր ներկայացումը, որը տեղեկատվության հավաքագրման մասին է»,- նշեց նա։

Ոլորտի մասնագետների համար փառատոնի գրեթե բոլոր օրերին գործելու են հրավիրված մասնագետների՝ ժամանակակից պարի և ջազային պարի դասարանները Պարարվեստի պետական քոլեջում։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են լսել, ոչ թե շարժվել, կարող են այցելել պարարվեստի տարբեր ոլորտներին նվիրված դասախոսություններ Միրզոյան գրադարանում։

«Չնայած այն բարդ իրավիճակին, որն այսօր ստեղծվել է աշխարհում, SUMMET-ը շարունակում է կապել Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի և անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի և մեծ նպատակների հետ»,- նշեց փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։

Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում է և ժամանակակից պարը «տանում» Հայաստանի մարզեր․ հունիսի 25-ին փառատոնը կայցելի գեղատեսիլ Լոռի։ COAF Սմարթ կենտրոնում (գյուղ Դեբետ) տեղի կունենա Ֆաբիան Պրիովիլի դասախոսությունը՝ նվիրված VR տեխնոլոգիաների և ժամանակակից արվեստի համակեցությանը, և Վալերիա Կասպարովայի ու Ballrider Vaggi-ի՝ ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասերը։ 

Փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը։ Հատուկ փառատոնի համար վերականգնվել է Արինա Արարատյանի՝ դեռևս 2005-ին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը, այնպես որ երևանյան հանդիսատեսին սպասում է ևս մեկ պրեմիերա։ 

Եվ կրկին SUMMEET-ն առանձին ծրագրով ներկայացնում է կինոյի ու պարի այնպիսի յուրահատուկ և Հայաստանում դեռևս ոչ այնքան տարածված ուղղությունը, ինչպիսին կինոպարն է (Screendance)։ ՀԲԸՄ հյուրընկալ դահլիճում ցուցադրվելու է Conny Janssen Danst պարային ընկերության (Նիդեռլանդներ) «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։

«Այս փառատոնի միջոցով պետք է հաղթահարենք նաև մասնագիտական մեկուսացումը, որ կա մեզանում՝ թե´ անհատների, թե´ կազմակերպությունների միջև։ SUMMEET-ը պետք է լինի կոնսոլիդացնող և նոր որակներ գեներացնող հարթակ։ Մեր ունեցած հրաշալի պարի ավանդույթները պետք է փոշիներից հանել թափ տալ և կարողանալ առաջ շարժվել , դրանով կարող ենք դառնալ շատ հետաքրքիր աշխարհի, զբոսաշրջության համար»,- ասաց ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը։ 

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը և Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]