Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Անհնարինը հնարավոր դարձրած արվեստագետը

Անհնարինը հնարավոր դարձրած արվեստագետը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետք է շատ ավելի խորապես նվիրված լինել մեր ազգային մշակույթին: Ազգային ասելով ես նկատի չունեմ միայն ֆոլկլորը, թեեւ ե՛ւ ֆոլկլորը, ե՛ւ քաղաքային ֆոլկլորը, ե՛ւ դասական երաժշտությունը ու, այսպես ասած, ռաբիսը մերն են: Ազգային մշակույթ ասելով ես նկատի ունեմ այն նմուշները, որոնք նաեւ համաշխարհային չափանիշների համաձուլվածքն ունեն եւ միաժամանակ ունեն մեր երկհազարամյա արտավազդյան թատրոնի, երկհազարամյա եկեղեցական, ճարտարապետական, մանրանկարչական մշակույթի սինթեզը:

Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը շատ ավելի վստահ լիներ, չգնար անընդհատ դրսին նմանակելու ճանապարհով, իմանար, որ ինքն ունի այնպիսի արժանիքներ, որոնց համար դրսում իրեն են նախանձում՝ եւ իր ազգային երաժշտության, եւ իր տաղանդի… Ճիշտ է, կան դրսեւորումներ, հատկապես հեռուստատեսային ոլորտում, որոնք բնավ սազական չեն մեր մշակութային ազգին, բայց մեր երիտասարդները հիմնականում շատ տաղանդավոր են: Երբեմն նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես անվերջանալի է մեր ազգային հունդը, մեր ազգային ավիշը, որն ավելի է զարգանում ժամանակի հետ…»:

Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ

 

Մեծանուն արվեստագետը հենց ինքն այդ հունդի ու ավիշի կրողն էր ի սկզբանե եւ կարող էր իր ես-ը հաստատել մշակույթի տարբեր ոլորտներում՝ երիտասարդական տարիքում պարել է, նկարել, քիչ ավելի ուշ՝ գրել պատմվածքներ ու բանաստեղծություններ: Արվեստում նրա համար ամեն ինչ էր հրապուրիչ ու հասանելի: Պատանի Տիգրանին երեւանցիները ճանաչել են որպես երգող տղայի, ով օպերային թատրոնի բակում կիթառ էր նվագում ու հնչեցնում իր զուլալ ձայնը՝ շուրջը հավաքելով անցորդներին: Հետո գալու էր մասնագիտություն ընտրելու պահը, եւ նա դիմելու էր թատերական ինստիտուտ: Ասես որոշված էր իր անցնելիք ուղին, սակայն ճակատագիրն այլ բան էր կանխորոշել. թատերականն ավարտելուց ժամանակներ անց ուսանում է Մոսկվայի նույնանուն ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժնում, իսկ երգեցողական արվեստը յուրացնում Գոհար Գասպարյանի մոտ: Սրանում արդեն նախախնամության խորհուրդը կար, որը փոխելու էր Տիգրան Լեւոնյանի կյանքի ողջ ընթացքը: Նրա դասական վոկալի առաջին ուսուցիչը   անփոխարինելի մարդ էր դառնալու ցկյանս: Չնայած 12 տարվա տարբերությանը, երիտասարդ երգիչը համարձակություն է ունենում հավերժական սիրո խոստում տալ ու հավատարիմ մնալ աշխարհահռչակ Հայոց սոխակին: Շատերն էին խոսակցության նյութ դարձնելու նրանց միությունը, թերահավատորեն էին նայելու, սակայն իզուր: Նրանց միությունը նշանակալի ազդեցություն էր ունենալու մեր օպերային արվեստում: Երգչի բացառիկ ընդունակությունները երաշխիք էին՝ գործուղվելու Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում կատարելագործվելու: Վերադառնալուց հետո նրան էին վստահվելու ամենապատասխանատու դերերը թատրոնում, որտեղ մեներգիչ էր 1962-ից, իսկ 1970-1979 թթ.՝ միաժամանակ՝ ռեժիսոր, այնուհետեւ՝ գլխավոր ռեժիսոր, իսկ 1991-1999 թվականներին՝ նաեւ գեղարվեստական ղեկավար:

Աննախադեպ հաջողություններից հետո ժողովրդական արտիստ Տիգրան Լեւոնյանին է բաժին ընկնում անկախ Հայաստանի համար հետպատերազմյան ծանրագույն ժամանակահատվածում ղեկավարել օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Ծայրահեղ պայմաններն ստիպում են կրճատել խաղացանկը, արտիստներից շատերը հեռանում են թատրոնից: Տաղանդավոր ամուսինները ոչ միայն չհեռացան, այլեւ հավելեցին իրենց նվիրումն ու եռանդը: Գեղարվեստական ղեկավարն անհնարինը հնարավոր է դարձնում՝ նոր ներկայացումներ կյանքի կոչելով թատրոնի համար ծայրահեղ սուղ պայմաններում: Շատերն էին խոստովանում, որ եթե չլիներ Տիգրան Լեւոնյանը, ապա անհասկանալի կլիներ թատրոնի ճակատագիրը ճգնաժամային այդ ժամանակներում: Ավելին. ի հեճուկս թեւաթափ անող պայմանների՝ նա «Արշակ Երկրորդ» էր բեմադրելու, «Անուշ» ու «Օթելլո» ու նաեւ «Պողիկտոս», ինչը կատարյալ իրադարձություն էր հայ օպերային թատրոնի կյանքում՝ հատկապես աննախանձելի այդ շրջանում: Նա իրապես վերակենդանացրեց մշակութային կարեւորագույն այս կառույցը՝ ոսկետառելով իր անունը օպերային թատրոնի պատմության էջերում:

Բացառիկ այս անհատականությունը, որ փառավորեց Սարոյի կերպարը «Անուշ»-ում, Տիրիթին՝ «Արշակ Երկրորդ»-ում, Մանրիկոյին՝ «Տրուբադուր»-ում, Օթելլոյին՝ նույնանուն ներկայացման մեջ, դեռ այնքան տալիք ուներ հարազատ թատրոնին: Ցավոք, վաթսունութ տարվա կյանք էր վերապահված: Ու նաեւ դառնություն՝ հեռանալուց առաջ… Բայց չծավալվենք ու չամփոփենք մեր խոսքը տխուր այս վերջաբանով, այլ գերադասենք վերհիշել նրա խոսքը, որ ասվել է՝ ի պաստասխան քաղաքականության հետ իր առնչությունների.

«Ես, իհարկե, քաղաքական գործիչ եմ: Եվ իրագործում եմ Հայաստանի մշակույթի կարեւորագույն, գուցե նաեւ ամենաբարդ ճյուղի՝ օպերայի եւ բալետի թատրոնի ազգային քաղաքականությունը, ձգտում եմ աշխարհի բազմերանգ մշակույթի մեջ նրա տեղի, դեմքի, էության ու նկարագրի բյուրեղացմանն ու կատարելությանը: Իմ քաղաքականությունը մշակույթն է, որ ազգի գերագույն քաղաքականությունն է: Որեւէ ազգի մշակույթը նրա թե՛ քաղաքականության, թե՛ քաղաքակրթության վկայագիրն է…»:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

  

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]