Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը Նիցցայում մասնակցել է Պարսամյան դպրոցի 35-ամյակի հանդիսությանը

Աննա Հակոբյանը Նիցցայում մասնակցել է Պարսամյան դպրոցի 35-ամյակի 
հանդիսությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 26-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աննա ՀԱկոբյանի գրասենյակից, վարչապետի տիկինը համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել է դպրոցի հիմնադրման պատմությանը, կարևոր իրադարձություններին և ավանդույթներին։ Աժդերհանյանը նշել է, որ այժմ 85 աշակերտ ունեցող Պարսամյան դպրոցը տոնում է հիմնադրման 35 ամյակը։

Համալիրի ղեկավարի խոսքով՝ դպրոցը թեև ունի ֆրանսիական հանրակրթական դպրոցի գրանցում, սակայն դասավանդման ծրագրում պահպանել է հայերենի ամբողջական բաղադրիչը, գործում է նաև երգչախումբ, թատրոն և ժողովրդական պարի համույթ։

Աննա Հակոբյանը համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական Խորհուրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ համատեղ քննարկում է ունեցել։ Նորընտիր պատգամավոր Քրիստելլե Դինտորին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ էր պատգամավոր  ընտրվել, իր իսկ խոսքով ՝ տեղեկանալով Աննա Հակոբյանի այցի մասին, շտապել էր օգտագործել առիթն՝ անձամբ տիկնոջ հետ ծանոթանալու համար:

Մտքերի փոխանակությունից հետո մեկնարկել է Պարսամյան դպրոցի հիմնադրման 35 ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունը։ Կիրկոր Աժդերհանյանն իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին վարժարանի 35-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու հրավերը ընդունելու համար՝ ընդգծելով Հակոբյանի այցի կարևորությունն ինչպես իրենց կրթահամալիրի, այնպես էլ Նիցցայի հայ համայնքի համար։

Ելույթով հանդես են եկել նաև պատգամավոր Էրիկ Սիոտտին, ով իր խոսքում նշել է, որ իր և հայկական համայնքի սերտ կապը տասնամյակների պատմություն ունի: Պատգամավորը հույս է հայտնել, որ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ էլ ավելի կսերտանա հայ-ֆրանսիական կապը:

«2018 թվականին մենք ուշի ուշով հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին: Այն, ինչ արեց հայ ազգը պարոն Փաշինյանի գլխավորությամբ, դեմոկրատիայի մի մեծ քայլ էր»,-շեշտեց Սիոտտին:

Հայաստանի հետ էլ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու մասին խոսեց նաև պատգամավոր Քրիստելլե Դինտորնին՝ նշելով, որ տիկին Հակոբյանի գործունեությանը հետևում է վաղուց։

«Դուք ինձ համար օրինակելի կին եք եղել դեռ այն տարիներից, երբ աշխատում էիք որպես լրագրող: Ես լավ եմ հետևել ձեր անցած ճանապարհն ու հույս ունեմ, որ իմ գործունեության մեջ կկարողանամ ձեզ նմանվել»,-նշել է պատգամավորը՝ ևս մեկ անգամ շեշտելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը:

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին, ով բազմիցս է Հայաստանում եղել և քաջատեղյակ է քաղաքական զարգացումներից, իր խոսքում նշել է, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Երևանից է հետևել:

«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Հայաստանի և մեր քույր քաղաք Երևանի համար, այս տարի ևս ապրիլին Երևանում էի հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը և հանդիպելու քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ նրանց հանձնելով քաղաքապետի հատուկ նամակը ի նշան հետագա համագործակցության»,-ասել է Պիեռ Ֆիորին:

Աննա Հակոբյան իր ելույթում, շնորհավորելով դպրոցի 35 ամյակի կապակցությամբ, ընդգծել է, որ եղբայրական Ֆրանսիայի հայ համայնքն իր հարուստ պատմությամբ ու ժառանգությամբ, ֆրանսիական հասարակության մեջ ունեցած բարձր հեղինակությամբ, սփյուռքի կարևորագույն համայնքներից մեկն է։

«Երբ «Պարսամյան» վարժարանի հիմնադրման 35 ամյակի առթիվ ստացա հրավերը, մերժել պարզապես չէի կարող, որովհետև կրթությանն առնչակից ցանկացած թեմա ինձ հոգեհարազատ ու սիրելի է: «Պարսամյան» վարժարանն իրոք յուրահատուկ է. լինելով ֆրանսիական հանրակրթության դպրոց՝ դասավանդելիս պահպանում է հայկական կրթության ողջ բաղադրիչը՝ սկսած հայոց լեզվից մինչ հայկական մշակույթ, երգ, պար, թատրոն», - շեշտել է Աննա Հակոբյանը։

Վարչապետի տիկինը հատկապես կարևորել է այն փաստը, որ սփյուռքի հայկական դպրոցների առաջին համագումարը տեղի է ունեցել Պարսամյան դպրոցում.

«Եկեք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղենք դպրոցի հիմնադիր բարերարներին՝ Թորոս, Լյուսի և Սյուզան Պարսամյաններին: Թող Կոտ դ'Ազուրի հայ համայնքում այսպիսի նշանակալի հոբելյանները շատ լինեն, մշտապես օրակարգում մնան հայկական թեմաներն ու դրանք քննարկվեն մայրենի լեզվով»:

Եզրափակելով ելույթն՝ Աննա Հակոբյանը հույս է հայտնել, որ իրենց հաջորդ հանդիպումը լինի Երևանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]