Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

«Արմենպրես»-ին Մայր աթոռից տեղեկացրին, որ Նորին Սրբությունն, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով տիկին դեսպանին՝ նշանակման առիթով, մաղթել է արդյունավետ առաքելություն՝ ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների և գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է հայ-սիրիական պատմական կապերին` ընդգծելով Սիրիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը դրանց զորացման գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Սիրիայում՝ ահաբեկչական գործողությունների, իսկ Արցախում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով արձանագրված ցավալի կորուստներին ու պատճառված ավերածություններին՝ վստահություն հայտնելով, որ երկու բարեկամ ժողովուրդները լավատեսության ոգով ու զորեղ հավատքով կհաղթահարեն իրենց առջև ծառացած մարտահրավերները։

Նորին Սրբությունը նաև իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Դեսպան Նորա Արիսյանն իր հերթին Հայոց Հովվապետին ներկայացրել է Սիրիայում հակամարտության հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները՝ հաստատելով, որ Սիրիայի իշխանություններն ամեն ջանք ի գործ են դնում հայ համայնքի կացությունը բարելավելու ուղղությամբ։ Տիկին դեսպանը Սիրիայի առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորել է նաև սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթել է արդյունավոր գործունեություն՝ ի զորացումն հայ-սիրիական հարաբերությունների:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]