Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Հայաստանից, Արցախից և սփյուռքից շուրջ 200 երիտասարդներ կմասնակցեն համահայկական ուխտագնացությանը

Հայաստանից, Արցախից և սփյուռքից շուրջ 200 երիտասարդներ կմասնակցեն 
համահայկական ուխտագնացությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի  առաջնորդությամբ այս տարվա հուլիսի 6-10-ը  հայրենիքում կանցկացվի «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» խորագրով համահայկական ուխտագնացությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման գրասենյակից, արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն մոտ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, ինչպես նաև՝ թեմակալ առաջնորդներ և հոգևորականներ,  ներկայացուցիչ՝ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։

Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։ Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր Օշական և այլ սրբավայրեր։

Երիտասարդները կայցելեն նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։

ՀԵՀԵՄ –ից հայտնում են, որ այս ուխտագնացությունը նախորդներից տարբերվում է ուսուցողական դասընթացների բաղադրիչով։ Կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։

ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: Վերջին տարիներին հիշարժան են հատկապես «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Հայրենիք» (2018թ.) և «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» (2019թ.) համահայկական ուխտագնացությունները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]