Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

ՄԻՊ գրասենյակում կայացած քննարկմանն անդրադարձել են հայ գերիների խոշտանգման դեպքերի միջազգային իրավական գործընթացներին

ՄԻՊ գրասենյակում կայացած քննարկմանն անդրադարձել են հայ գերիների 
խոշտանգման դեպքերի միջազգային իրավական գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան» նվիրված քննարկում, որի մասնակցել են պետական կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը  և, շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նշել, որ քննարկման առաջին մասում առաջարկում է կենտրոնանալ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգման դեպքերին, դրանց միջազգային իրավական գործընթացներին և կարևորապես խոշտանգում վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցերին։ «Պաշտպանը շեշտեց, որ խոշտանգման զոհերին ու նրանց ընտանիքի անդամներին տրվող  պետական աջակցությունը հիմնականում արձագանքող ու ինտուտիվ է՝ հիմնված չէ յուրաքանչյուրի խնդիրների ու կարիքների օբյեկտիվ ու մասնագիտական գնահատման վրա։ 

Նշված թեմայի շրջանակներում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, ով ներկայացրել է 2020թ.-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի թույլ տրված խոշտանգումների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում մոնիտորինգի, փաստահավաք աշխատանքի արդյունքում արձանագրված դեպքերը և հետևությունները։ Ներկայացվել է նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ու շարունակվող խոշտանգումների, նվաստացումների, էթնիկ ու կրոնական հիմքով ատելությամբ պայմանավորված վատ վերաբերմունքի մասին հավաքագրված տվյալները։  Ներկայացվել է միջազգային հարթակներում Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքի ընթացքն ու խնդիրները։

Զեկույցով հանդես են եկել նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մանրամասնել են իրենց կազմակերպությունների կողմից կատարվող և կատարված աշխատանքները։ Քննարկվել են նաև գերությունից վերադարձող զինծառայողներին առանց հիմնավոր մասնագիտական գնահատականների, ծառայության ներգրավման, ինչպես նաև որոշ անձանց դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու խնդրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քննարկման երկրորդ փուլում թեման վերաբերել է Հայաստանում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի քննության և զոհերի աջակցության հետ կապված խնդիրներին:

«Այս թեմայով մանրամասն զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ով ներկայացրել է ՄԻՊ հաստատության հետևությունները, որոնք հիմնված են մշտադիտարկման արդյունքների վրա։

Առանձին զեկույցով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Խոշտանգում վերապրած անձանց հայկական  վերականգնողական կենտրոնի ծրագրի ղեկավար Իզաբել Լևոնյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները և Պաշտպանի աշխատակազմի մասնագիտական վարչության հետ համագործակցության առաջարկ ներկայացրել։

Մասնակիցներն ընդունել են, որ ներպետական մակարդակում խոշտանգման զոհերի աջակցության իրականացումը պետության դրական պարտականությունն է, և որ ներկայում անկատար են ինստիտուցիոնալ արձագանքման մեխանիզմները»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Նշվում է, որ տարբեր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի միջև համատեղ գործողությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]