Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան
20:56, 27 Հունիս 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցությամբ Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև զբոսայգու» 2-րդ հատվածում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի անմիջական հարևանությամբ, ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, տնտեսվարողը մի քանի անգամ զգուշացվել է կառույցը սեփական նախաձեռնությամբ քանդելու անհրաժեշտության մասին, ավելին՝ տրվել էին խելամիտ ժամկետներ, որոնք քաղաքացու կողմից անտեսվել են:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինի կառուցապատման ցանկացած փորձ դատապարտված է լինելու նույն ճակատագրին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում