1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը փորձում է հարցը այնպես տանել, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ. վարչապետ

Ադրբեջանը փորձում է հարցը այնպես տանել, որ Հայաստանը շարունակի մնալ 
շրջափակման մեջ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացները առաջ տանելու հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ փուլում է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման գործընթացը, արդյոք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ադրբեջանի հետ կա համաձայնություն, թե որ ճանապարհներով են դրանք անցնելու, եթե դեռ ոչ, ապա որքան մոտ են համաձայնության գալուն:

«Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն է փորձում հետաձգել: Մինչդեռ, պետք է արձանագրենք, որ նախորդ հանդիպմանը, որ տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին, հենց համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում առնվազն մեկ ամիս անց, որովհետև կողմերը արձանագրել են, որ կա որոշակի աշխատանք քննարկման արդյունքներով, որը մեկ ամսից շուտ հնարավոր չի լինի անել: Ընդ որում, սա եղել է համատեղ առաջարկ և համատեղ որոշում: Բայց երբ կարդում ենք Ադրբեջանի հայտարարությունների տեքստերը և վերնագրերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը խուսափում է այդ աշխատանքին մասնակցելուց: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Պետք է արձանագրեմ, որ նախկինում էլ՝ մայիս ամսին, Հայաստանի Հանրապետությունը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է այդ քայլերով նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և Արցախի:

«Նույնն էլ ճանապարհների բացման թեմայով, Ադրբեջանը անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ  հայտարարությունների դրույթները իրագործել: Մինչդեռ, իրականությունը հակառակն է: Իսկ կա շատ կարևոր իրականություն, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վերջին 30 տարիներին և մի փոքր էլ ավել վարել է Հայաստանը շրջափակելու քաղաքականություն, և իրականում Ադրբեջանն է ձգձգում գործընթացը: Ինչո՞ւ, որովհետև նա մտածել և հաշվարկել է, որ Հայաստանի շրջափակելու քաղաքականությունը արդյունավետ է կամ առնվազն չարժե հիմա կայացվեն որոշումներ, որոնք Հայաստանին հնարավորություն կտան հաղթահարել շրջափակումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ տրանսպորտային կոմունիկացիաների բացման արդյունքում Հայաստանը երկաթուղային կապ կստանա Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի հետ, Սյունիքի մարզը երկաթուղային կապ կստանա Հայաստանի հյուսիսային հատվածների հետ և այլն:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է գործընթացը առաջ տանելու հարցում, սակայն Ադրբեջանը փորձում է  հարցը տանել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]