Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

«Հայրենիքի առաջնահերթային կարիքը մարդու կարիքն է…»

«Հայրենիքի առաջնահերթային կարիքը մարդու կարիքն է…»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահա այս երեք տարիների ընթացքում, մեր կյանքը պատասխանատվության շաղախով միախառնելով մեր ժողովրդի կյանքին, անձնապես համոզվեցինք, որ մեր վերանկախացյալ Հայրենիքի առաջնահերթային կարիքը մարդու կարիքն է: Ճշմարիտ, վավերական, պարկեշտ մարդու: Աստծու պատկերն իր մեջ անաղարտ ու կենդանի պահող մարդու: Հայրենիքը եւ ազգը իր անհատական անձից վեր դասել գիտցող մարդու: Ընդհանրական շահը մասնավոր ու խմբակցական շահերից գերադասել իմացող մարդու: Հանրային ժողովրդանվեր եւ հայրենաշինական պարտավորությունն անձնակենտրոն շահից գերակա ճանաչող եւ ըստ այնմ արժեցնող մարդու, ով ուզես լինի նա՝ հոգեւորական կամ պետական, կամ հասարակական սպասավոր եւ կամ պարզ քաղաքացի…»:

                                                                    Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս

 

Այսպիսին էր նա՝ Հայ առաքելական եկեղեցու 131-րդ աստվածընծա կաթողիկոսը, որին մոտիկից ճանաչելու բախտ եմ ունեցել այժմ Եռաբլուրի եղբայրական գերեզմանոցում ննջող տասներկու արծիվ-տղաներին նվիրված «Տասներկու արծվային թռիչք» գրքիս տպագրության առնչությամբ: Ասեմ, որ մինչ Վեհարանի հետ հույսեր փայփայելը որդեկորույս ծնողների հետ դիմել էինք մի քանի մեծահարուստների, բայց իզուր: Եվ ահա ժպտադեմ Վեհափառը սիրահոժար ընդառաջեց մեր խնդրանքին՝ հենց Մայր Աթոռի տպարանում 3000 օրինակով տպագրելով այն: Ես սա վերհիշեցի որպես հոգու պարտք բարձր ու առաքինի մեր Հովվապետի հիշատակի հանդեպ, ում, գրքի լույսընծայումից հետո, վերստին այցելեցինք նրա կենսատու մխիթարիչ խոսքը լսելու, ճաշակելու իր համեստ հյուրասիրությունը եւ համբուրելու լիաբուռն բացվող ու գթառատ սուրբ ձեռքը…

Այսօր նրա հիշատակի օրն է: Հանգամանորեն չանդրադառնալով նրա գործունեությանը` խոնարհ հարգանքով հիշատակենք հայրենանվեր այն գործերից մի քանիսը, որ հասցրեց կատարել՝ ի փառս Մայր եկեղեցու ու հայրենիքի:

1983-ին ընտրվելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս` սրբազանը զարկ է տվել ազգ-կրոնական, մշակութային եւ շինարարական աշխատանքներին: Հաստատել է քրիստոնեական դաստիարակության բաժանմունքը, նպաստել աստվածաբանական ուսուցման բարելավմանը, ընդարձակել ու արդիականացրել է Անթիլիասի դպրեվանքը, մեծ ուշադրություն դարձրել հրատարակչական գործին, հիմնել «Հասկ» գիտա-աստվածաբանական տարեգիրքը, նախաձեռնել թանգարան-մատենադարանի շենքի շինարարությունը: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ամենայն հայոց Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի հետ իր մասնակցությունն է բերել աղետի գոտու բնակավայրերի վերականգնմանը, կազմակերպել սփյուռքից օգնություն:

1995-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, Էջմիածնի հոգեւոր ճեմարանի գործունեության վերաաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության եւ քարոզչության կենտրոնի ստեղծմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, սոցիալական բնույթի կառույցների հիմնմանը, աստվածաբանական, հոգեւոր եւ հայագիտական գրքերի հրատարակմանը: Հայ եկեղեցու գործունեությունն առավել նպատակաուղղված դարձնելու նախանձախնդրությամբ՝ վերափոխել է Հայաստանի թեմական կառուցվածքը. 1996-ին հայաստանյան չորս թեմերի փոխարեն կյանքի են կոչվել ութ թեմեր, հիմնվել Ուկրաինայի, Հարավային Ռուսաստանի թեմերը: 1997-ին` 80-ամյա ընդմիջումից հետո, վերաբացվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, սկսվել ուսանողների համար նոր հանրակացարանի շինարարությունը: Կյանքի է կոչվել Վազգեն Ա-ի ծրագիրը. Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին, վերակառուցված շենքում հաստատվել է Մաշտոցի անվան՝ գիտական եւ մշակութային կարեւոր կենտրոնի վերածված դպրատունը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Վեհափառ հայրապետի ձեռամբ կատարվել է մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը:

Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Ա Քեսաբցուն հաջողվեց անել այնպիսի գործեր, որոնք  իրագործած Աստծո մարդուն կերազեին նմանվել բարձր դասի հոգեւոր շատ այրեր: Բայց նման բախտ ու հոգեկերտվածք միայն ընտրյալներին է տրված…

Փառավորումն հիշատակիդ, ասվածընծա Վեհափառ:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]