1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարևորը՝ խաղաղություն լինի. նորակոչիկները բարձր տրամադրությամբ են մեկնում զինվորական ծառայության

Կարևորը՝ խաղաղություն լինի. նորակոչիկները բարձր տրամադրությամբ են մեկնում 
զինվորական ծառայության

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում սկսվել է 2022 թ. ամառային զորակոչը, որին նորակոչիկները գալիս են մարտական բարձր տրամադրությամբ՝ առանց որևէ մտավախության և բանակային կյանքի մասին նախապաշարումների: Երիտասարդները ՊՆ հավաքակայանում կիսվել են «Արմենպրես»-ի թղթակցի հետ իրենց տպավորություններով՝ գրեթե միաբերան շեշտելով, որ առաջիկա երկու տարվա զինվորական ծառայության ընթացքում ամենագլխավորն իրենց համար խաղաղությունն ու կայունությունն է սահմաններին և ամբողջ երկրում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Իջևանցի Մհեր Դովլաթբեկյանի համար նշանակություն չունի՝ ո՞ր զորատեսակում կամ ո՞ր զորամասում ինքը կծառայի: 18-ամյա երիտասարդը զինվորական ծառայության է գնում շատ լավ տրամադրությամբ՝ նշանակություն չտալով երկրորդական հարցերին:

«Շատ լավ տրամադրությամբ եմ գնում: Կարևորը՝ խաղաղություն լինի, թե չէ՝ ուրիշ ոչ մի բան չեմ ուզում», - «Արմենպրես»-ին հայտնեց նորակոչիկը:

Մհերի հասակակից Էրիկը Տավուշի Կողբ գյուղից է: Շփման մեջ նա ավելի ամաչկոտ էր, բայց Հայրենիքին իր պարտքը տալու վճռականությամբ չէր զիջում իր ապագա ծառայակիցներին:

«Շատ լավ եմ տրամադրված: Սահմանին էլ կծառայեմ, տարբերություն չկա», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նորակոչիկ Էրիկ Սիմոնյանը:

Ի դեպ, ժամկետային զինծառայությունից հետո Էրիկը ցանկանում է ծառայել սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային:

Նորակոչիկ Խաչիկ Ոսկանյանն էլ ապագա ծրագրավորող է՝ Երևանից: Զինվորական ծառայության դժվարություններից նա չի վախենում՝ ասելով, որ դրանք զինվորի և տղամարդու համար են: Կարծում է, որ ծառայության երկու տարին շուտ կանցնի: Խաչիկի ծնողներն ու հարազատները ուրախությամբ են իրենց զավակին ճանապարհել դեպի հավաքակայան և դեպի նոր՝ բանակային կյանք: Իրեն և իր հասակակիցներին նորակոչիկը միայն մի բան է մաղթում՝ «լավ ծառայել և հասնել իրենց ծնողներին ու ընկերներին»:

«Արմենպրես»-ի հնարավորություն չունեցավ հետևելու Խաչիկի, Էրիկի, Մհերի և մյուս լուսավոր երիտասարդների վիճակահանության հետագա ընթացքին, թե ո՞ր զորամաս նրանք «ընկան», հանրապետության ո՞ր հատվածում են այս ժամերին նրանց դիմավորում իրենց ապագա ծառայակիցները և ո՞ր զորքերում են նրանք ծառայելու առաջիկա երկու տարիներին, բայց ամեն դեպքում նույնպես բոլոր զորակոչիկներին մաղթում է անփորձանք և բարի ծառայություն, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը երկու տարի անց ողջ և առողջ վերադառնա իր ծնողներին ու հարազատներին: Վստահ ենք, որ այդ խաղաղությունը, որի մասին խոսում էին մեր հերոսները, հենց իրենք՝ Հայոց բանակի զինվորներն են ապահովելու:

 

 

Լրագրող՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]