Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 
մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում վազքի  և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) 2022 թվականի սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մանրամասնելով, որ մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից ժամը 13:00-ին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ, անձը հաստատող փաստաթղթով:

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար (2 կմ) (աղջիկներ և տղաներ),

2-րդ տարիքային խումբ՝ 2004-1987 թթ. ծնված կանայք, 2004-1982 թթ. ծնված տղամարդիկ, (10 կմ),

3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի  տղամարդիկ, (10 կմ), 

աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները, առանց տարիքային սահմանափակման խմբով, (10 կմ):

Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև՝ առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:

Մրցաշարին 3 տարիքային խմբերում, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

 1-ին տարիքային խմբի՝ 2 կմ վազքում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները պարգևատրվում են համակարգիչներով, իսկ  2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (10 կմ) (կանայք և տղամարդիկ)՝ դրամական մրցանակներով:

Դրամական մրցանակներ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի ու առանձնացված գործող աթլետների խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,

11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

ՀՀ քաղաքացի չհանդիսացող մասնակիցներին (միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ), մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավելու դեպքում, կտրվեն հավաստագրեր, մեդալներ, իսկ 1-ին տեղեր գրաված մասնակիցներին նաև հուշանվերներ:

Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերի շրջանակում նախատեսվում են նաև ուղիղ եթերի, շարժական բեմի և լեդ էկրանի ապահովում: Մասնակիցների գործուղման ծախսերը (գիշերակաց, սնունդ և ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները:

Նախարարությունից զգուշացնում են, որ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]