Ծաղկունք գյուղում կայացել է Արցախյան վերջին պատերազմի հերոս Վարդան Կարապետյանին նվիրված հուշամրցաշար
ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Կարապետյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են ծաղկունքցի երիտասարդ ֆուտբոլիստները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից՝ մինչ ֆուտբոլային մրցաշարի անցկացումը տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որի ընթացքում դպրոցի սաները հայրենասիրական երգերով, մեր հերոսներին նվիրված բանաստեղծական տողերով իրենց հարգանքի տուրքն են մատուցել Վարդանի եւ նրա ընկերների հիշատակին:
Մրցաշարին մասնակից ծաղկունքցի ավագ եւ պատանի սերնդի ֆուտբոլիստները պարգեւատրվել են Վարդան Կարապետյանի անվան մեդալներով եւ պատվոգրերով: Ֆուտբոլային երկու գավաթներից մեկը հանձնվել է Վարդան Կարապետյանի ընտանիքին, իսկ մյուսը տեղադրվել Ծաղկունքի բաց դպրոցում՝ վերջերս Վարդան Կարապետյանի անունով անվանակոչված դասասենյակում:
Օրվա խորհուրդն ամփոփվել է Վարդանի շիրմին կատարված այցելությամբ։
Մարզական ինքնատիպ միջոցառման մասնակիցները, Վարդանի հարազատները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հերոսի շիրմին։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում