Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ». ո՞վ եւ ինչ պայմաններում հայկական շունչ տվեց եվրոպական գրատպությանը

«Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ». ո՞վ եւ ինչ պայմաններում հայկական շունչ 
տվեց եվրոպական գրատպությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում հունիսի 29-ին տեղի ունեցավ ռեժիսոր Հակոբ Փափազյանի, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի եւ պրոդյուսեր Նվեր Մնացականյանի հեղինակած «Գիրք Հայրենիքը. Հակոբ Մեղապարտ» երեք մասանոց փաստավավերագրական ֆիլմաշարի առաջին սերիայի ցուցադրությունը: Այն հանրությանը ներկայացվում էր առաջին անգամ:

Հայ գրատպության 510-ամյակին ընդառաջ ֆիլմը բացառիկ վավերագրություն է 16-18-րդ դարերի հայ գրատպության պատմության, որում հեղինակները բացահայտում են նոր ոսկե դարաշրջանի լուսավոր ու մութ ծալքերը. ով եւ ինչ պայմաններում հայկական շունչ տվեց եվրոպական գրատպությանը։

Ֆիլմի ռեժիսոր Հակոբ Փափազյանը «Արմենպրես»-ին պատմեց, որ ժապավենի ստեղծումը մեծ ջանքեր է պահանջել, նկարահանումները մի քանի անգամ կանգնեցվել են:

«Նկարահանումները սկսվեցին 2012թ.-ից: Ինչպես հայ տպագրիչներն են 16-18-րդ դարերում մեծ չարչարանքների գնով տպագրություններ արել, այդպես էլ մենք՝  չարչարանքներով ֆիլմը ստեղծեցինք, շատ մեծ դժվարությամբ: Ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար, հատկապես խաղարկային դրվագները կերտելիս,  մեզ օգնել են Մխիթարյան միաբանության հոգեւորականները»,-պատմեց նա:

 Նկարահանման բացառիկ իրավունքով ֆիլմի հեղինակները փաստավավերագրական ժապավենում առկա հարուստ նյութը ձեռք են բերել Վենետիկից, Վիեննայից, Փարիզից, Ամստերդամից, Ստամբուլից, Ջուղայից եւ այլն

«Սցենարիստի առաջ խնդիր դրվեց անպայման կերպավորել մատուցվելիք նյութը: Արդյունքում ստացանք առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի մասին սցենարական յուրահատուկ լուծումներով, արհեստավարժ հայագետների վկայություններով հայկական ավանդական հանդերձանքով խաղարկային տպավորիչ դրվագներ, որ տալիս են բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Փաստորեն ունենք երեք ֆիլմ, որոնցում բարձր դասարանի աշակերտները իբրեւ դաս կարող են տեսնել ու հասկանալ, թե ինչպես ստեղծվեց հայ առաջին գիրքը, Աստվածաշունչը եւ այլն: Ֆիլմի սյուժեն հենց գրատպությունն է: «Գիրք հայրենիքը» ընդհանուր ֆիլմն է, որն ունի երեք մաս: Երկու մասը՝ «Ոսկան Երեւանցին», «Մխիթար Սեբաստացին» հանրայնացրել էինք, «Հակոբ Մեղապարտը»՝ ոչ, անավարտ լինելու պատճառով»,-նշեց ռեժիսորը:

Ինչպես հայտնի է՝ 16-րդ դարում հայ մշակութային կյանքի մեջ ամենախոշոր իրադարձությունը՝ հայկական տպագրության սկզբնավորումը, կապված է Հակոբ Մեղապարտի անվան հետ։  Իտալական իշխանություններից մեծ դժվարությամբ հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր եւ գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա եւ այլ սարքեր:

Ֆիլմի սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն ընդգծում է՝ հայ ժողովրդի պատմության մեջ շատ իրադարձություններ կան, որոնք մենք գիտենք հպանցիկ, այդ թվում, թե ինչպես է սկզբնավորվել հայ գրատպությունը:  

«1512թ.-ին գիրք տպագրելով ,հայերը նոր մեդիայի ժամանակաշրջան մուտք գործեցին: Ձեռագիրը շատ թանկ էր, իսկ գրատպությամբ այդ ամենը արագացավ եւ մեծացավ նաեւ լսարանը: Այդ դարաշրջանում կարողանալով Եվրոպայում, Նոր Ջուղայում գիրք տպագրել, մենք մշակութային եւ ինտելեկտուալ իմաստով համընթացության շանս ձեռք բերեցինք: Միայն  պատկերացնեք այն դժվարություններ, որ ի հայտ եկան հետազոտության ընթացքում: Պետք է ասեմ, որ ինձ համար էմոցիոնալ ցնցում էր»,-նշեց Մարտիրոսյանը:

Լիանա Սարգսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]