Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանությունը բացում է Հայաստանում․ ՀՀ ԱԳ նախարարը ողջունում է որոշումը

Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանությունը բացում է 
Հայաստանում․ ՀՀ ԱԳ նախարարը ողջունում է որոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում․ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին իր երկրի այդ որոշումը համարում է հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցության ավելացման կարևոր երաշխիք։

«Սա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և կավելացնի Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Քանի որ կայունություն ու անվտանգություն ապահովող կանոնները ենթարկվում են մարտահրավերների, Կանադան կաշխատի հանուն գլոբալ խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության»,-նշել է Կանադայի ԱԳ նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ռեզիդենտ դեսպան ունենալու Կանադայի որոշումը։ «Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,-նշել է նախարար Միրզոյանը։

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց էր ունեցել իր կանադացի գործընկերոջ հետ։ Կողմերը գոհունակությամբ էին արձանագրել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը և ընդգծել փոխադարձ հանձնառությունը՝ ջանքեր գործադրելու հայ֊կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Նախարար Միրզոյանը ողջունել էր Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարևոր դրույթներ է պարունակում՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով:

Դեսպան Դիոնն այս տարվա փետրվարին այցելել էր Հայաստան՝ տարբեր հանդիպումներում շեշտադրելով, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղով և իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է:

Այսպիսով՝ Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանությունը բացում է Հայաստանում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]