Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

ՀՀ փոխվարչապետն Արագածոտնի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետն Արագածոտնի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով 
իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 29-ին այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, այցի ընթացքում նրան ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը,  Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետերը, այլք։

Աշխատանքային այցի առաջին կանգառը Թալինի հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինհրապարակում էր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թվականի հունիսին, նախատեսում են ավարտել ու հիվանդանոցը շահագործման հանձնել  2023 թվականի տարեվերջին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը շրջել է շինհրապարակում, զրուցել բուժանձնակազմի հետ, բժշկական կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել զարգացման ծրագրերը։

Աշխատանքային այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև Գառնահովիտ բնակավայրում կառուցվող մոդուլային դպրոցի տարածքում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։  Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ զրույցում փոխվարչապետը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, մասնագիտական որակավորումը բարձրացնելուն զուգահեռ բարձրացնել նաև աշխատավարձի չափը։

Համբարձում Մաթևոսյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները՝ կապված մթերումների, ոռոգման ջրի, այգեհիմնման աշխատանքների հետ, այնուհետև ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հորդորել է օգտվել այդ  հնարավորություններից ու Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրում փոխվարչապետն այցելել է Հայրենական պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տեփանյան Արտյոմի շիրիմին և ծաղիկներ խոնարհել  զոհված հերոսների հիշատակին։

Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագածոտն բնակավայրում վերակառուցվող մանկապարտեզն էր, որտեղ, ծանոթանալով իրականացվող աշխատանքներին, փոխվարչապետ Մաթևոսյանը հայտարարել է, որ անորակ աշխատանք չի ընդունվելու։ Մարզպետ Մովսիսյանը հավաստիացրել է՝ եթե շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, աշխատանքը չի ընդունվի։

Աշտարակ քաղաքում Համբարձում Մաթևոսյանը շրջել է նաև Կոմիտասի անվան բարեկարգվող պուրակում, ծանոթացել քաղաքի ասֆալտապատման աշխատանքների որակին, տվել է մի շարք հանձնարարականներ։

Այցի ավարտին փոխվարչապետ Մաթևոսյանն Արագածոտնի մարզպետարանում հանդիպել է համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ղեկավար կազմին և մարզի մթերող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Համայնքների ղեկավարների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է ստացվող սուբվենցիայի ծրագրային հայտերի որակին, հայտերի ներկայացման ժամկետների փոփոխությանը, հորդորել է պարբերական դարձնել համայնքների բնակիչների հետ շփումներում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և ընդգծել․ «Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը, և, նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ, անելու է առավելագույնը՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ»։

Մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է առկա խնդիրներից, դրանց լուծման հարցում Կառավարության հնարավոր աջակցության ձևաչափից, այնուհետև պատասխանել է նրանց կողմից բարձրաձայնված հարցերին։

Փոխվարչապետի կողմից մարզային այցերը շարունակական բնույթ են կրելու։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]