Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Կառավարությունը հաստատեց 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսային և 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

Կառավարությունը հաստատեց 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսային և 
2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության 2021-2026 թվականների ծրագրին համահունչ, 2023 թվականին և հաջորդող երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը` շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումն ու ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով` հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավվում:

«Կառավարության պարտքը կնվազի ավելի արագ, քան նախատեսված է և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը` սահմանված 60.2 տոկոսի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 տոկոսը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը: Տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրված ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10.2 տոկոս, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ ՀՆԱ-ի 7 տոկոս աճով»,-ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այսօրվա դրությամբ առկա են նախադրյալներ` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական արդյունքային  ցուցանիշները կառավարության ծրագրի գերակայություններին համահունչ պլանավորելու համար:

«Գալիք երեք տարվա տնտեսական աճի թիրախը սահմանված է 7 տոկոս, միջնաժամկետում թիրախին հասնելու նպատակին կնպաստի առաջիկա երեք տարում ավելացվող կապիտալ ծախսերի ծավալը, որոնք այս տարվա համար ծրագրված ՀՆԱ-ի արդյունքի 4.5 տոկոսից կբարձրանան և 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6 տոկոսի սահմաններում:

Զգալի չափով ավելացվելու են ներդրումներն այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված կլինեն տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կրթության ոլորտում ֆինանսավորումը 2.3 տոկոսից կավելանա մինչև 2.6, իսկ առողջապահության ոլորտում` 1.6 տոկոսից` 1.7 տոկոս: Նախատեսվում է ավելացնել նաև սոցիալական ապահովության ծրագրերին ուղղվող ծախսերը: 2023 թվականի ընթացքում այդ ծախսերը կավելանան ավելի քան 65 միլիարդ դրամով:

Նախարարի խոսքով` 2023-ին հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար կհատկացվի 17.3 միլիարդ դրամ: Կրթության ոլորտի ծախսերի ավելացումը կկազմի 31.6 միլիարդ դրամ, ընթացիկ ծախսերը կավելանան 18.3 միլիարդ դրամով` կապիտալ ծախսերը` 13.3 միլիարդ դրամով: Գիտության գծով կհատկացվի 36.3 միլիարդ դրամ, դրանով կբարձրացվեն գիտաշխատողների աշխատավարձերը, նաև կստեղծվեն համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոններ:

«Սուբվենցիոն ծրագրերի համար կհատկացվի 22 միլիարդ դրամ: 2023 թվականին նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը պահպանել այս տարվա համար սահմանված բարձր մակարդակի վրա` 144 միլիարդ դրամի չափով»,- ավելացրեց նախարարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]