Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում որոշ տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում 
Սյունիքի մարզում որոշ տարածքներ կճանաչվեն հանրության գերակա շահ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուրը 570 միավոր հողամաս և առանց վերջիններիս օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով, ըստ էության,   նախատեսվում է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատում: «Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է պետական միջնաժամկետ ծախսային և պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների վերանայված ծրագիրը:

Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նշել, որ  2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության  ծրագրով սահմանված նպատակների և քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան և ներառում է հարկաբյուջետային և  ծախսային այնպիսի առանձնահատկություններ, որոնք պետք է  նպաստեն կառավարության ծրագրի արդյունավետ և ժամանակին իրագործմանը:

«Կառավարության 2021-2026թթ. ծրագրին համահունչ, 2023 թ. և հաջորդող երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պետական պարտքի կառավարելիության բարձրացման և այդպիսով՝ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում: Մեր նախնական գնահատականներով, հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում: Մասնավորապես, Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է և չի գերազանցի ՀՆԱ-ի 60%-ը (սահմանված էր 60.2%): Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4%-ը (որն այս տարվա համար սահմանված թիրախն է): Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումը ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում՝ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3%-ը»,- ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս տարվա հինգ ամիսների արդյունքում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը՝ 10.2%,  թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7% աճով: «Դեռևս սահմանված թիրախից բարձր է գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների և ծառայությունների գների զգալի բարձրացմամբ: Չնայած այն հանգամանքին, որ շարունակում են բարձր մնալ արտաքին տնտեսական միջավայրի հետ կապված անորոշությունները և դրա արդյունքում Հայաստանին փոխանցվող ռիսկերը, մեր ընդհանրական գնահատականն այն է, որ այսօրվա դրությամբ առկա են բավարար նախադրյալներ՝ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական արդյունքային ցուցանիշները Կառավարության ծրագրի գերակայություններին համահունչ պլանավորելու համար»,- նշել է նախարարը: 

Մասնավորապես, գալիք երեք տարիների տնտեսական աճի թիրախը սահմանված է 7%: Միջնաժամկետում թիրախին հասնելու նպատակին կնպաստի առաջիկա երեք տարիների ընթացքում ավելացնել կապիտալ ծախսերի ավելացումը, որոնք այս տարվա համար ծրագրված՝ ՀՆԱ-ի 4.5%-ից կբարձրանան և 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6%-ի սահմաններում: 2023-2025 թվականների ընթացքում պետական բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը կգտնվի ՀՆԱ-ի 28% սահմաններում: «Այստեղ կարևոր է երկու հանգամանք: Առաջինն այն է, որ կշարունակեն ավելանալ պետական բյուջեի հարկային եկամուտները. դրանք 2022-ի համար ծրագրված 23.4% մակարդակից կաճեն 1.4 տոկոսային կետով և 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 24.8% սահմաններում՝ ընդհուպ մոտենալով Կառավարության ծրագրով սահմանված 25% ծրագրային թիրախին:  Երկրորդ էական փոփոխություն այն է, որ աստիճանաբար կնվազի փոխառու միջոցների հաշվին ծախսերի ֆինանսավորումը. պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3% մակարդակից կկրճատվի և 2025-ի ավարտին կգտնվի 2.5-2.7% սահմաններում: Համապատասխանաբար տեղի կունենա ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի ցուցանիշների բարելավում. ծրագրի վերջին տարում այն կգտնվի ՀՆԱ-ի 55-56% սահմաններում»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ միջնաժամկետ հատվածում ծախսային քաղաքականության առաջնահերթություններ են համարվել տնտեսական և սոցիալական նշանակության ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանը միտված ոլորտներում ներդրումները. «Ինչպես նշվեց, ծրագրային ժամանակահատվածում կապիտալ ծախսերը այս տարվա բյուջեով սահմանված՝ ՀՆԱ-ի 4.5%-ից ավելացվելու են մոտ 1.5 տոկոսային կետով. դրանք 2025-ին կգտնվեն ՀՆԱ-ի 6% սահմանում: Զգալի չափով ավելացվելու են ներդրումներն այնպիսի ծրագրերում, որոնք ուղղված կլինեն տնտեսական և սոցիալական ենթակառուցվածների բարելավմանը: Դրանք առավելապես լինելու են ճանապարհային ենթակառուցվածքները, այդ թվում՝ հանրապետական և քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքները, ոռոգման ենթակառուցվածքները, ներառյալ՝ ջրամբարները, կրթական հաստատությունները, առողջապահական, սպորտի և մշակույթի ենթակառուցվածքները»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝  չնայած այն հանգամանքին, որ ընթացիկ առաջնային ծախսերն առաջիկա երեք տարիներին նվազելու են ՀՆԱ-ի 1.5 տոկոսային կետով, դա չի նվազեցնելու կրթության և առողջապահության ծախսերը. «Այս երկու ոլորտներում ծախսերի ավելացումը կատարվելու է այնպիսի չափով, որպեսզի նշված երկու ոլորտներին հատկացվող ֆինանսավորման հանրագումարը 2022-ի ՀՆԱ-ի 3.9%-ից ավելանա և 2025-ին կազմի 4.3%. այդ թվում՝ կրթության ոլորտում ֆինանսավորումը 2.3%-ից կավենանա մինչև 2.6%, իսկ առողջապահության ոլորտում՝ 1.6-ից կավելանա մինչև առնվազն 1.7%: Ընդ որում, նախատեսում ենք այս ուղղությամբ կիրառել արդյունքների վրա հիմնված ֆինանսավորման նոր մեխանիզմներ, ինչը կնշանակի, որ նշված ոլորտներում նախապես սահմանված բարեփոխումներից ակնկալվող արդյունքային ցուցանիշների արձանագրումը պետք է հիմք դառնա նախապես որոշված ֆինանսավորման չափերն ավելացնելու համար: Առաջիկայում աշխատանքներ կտանենք նշված մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նաև՝ վերը նշվածներից ավելի բարձր ֆինանսավորում սահմանելու համար»:  

Կառավարության ծրագրային նպատակներին համապատասխան, նախատեսվում է ավելացնել սոցիալական ապահովության ծրագրերին ուղղվող ծախսերը: «Արդեն 2023 թվականի ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը կավելացվեն ավելի քան 65 մլրդ դրամով կամ 11.3%-ով: Դա թույլ կտա բարձրացնել ինչպես կենսաթոշակները, այնպես էլ՝ սոցիալական աջակցության մյուս ծրագրերով սահմանված վճարների ներկա չափերը: Մասնավորապես, նոր սահմանաչափը թույլ կտա ավելացնել պետական կենսաթոշակներին հատկացվող միջոցները 33 մլրդ դրամով, ժողովրդագրական վիճակի բարելավման գծով իրականացվող ծրագրերին հատկացնել 16.5 մլրդ դրամով ավելի.  47.9 մլրդ դրամ՝ 2022թ. 31.4 մլրդ դրամի դիմաց,  և այլն»,-նշել է  Տիգրան Խաչատրյանը:

2023-ին լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հանրային ծառայողների աշխատավարձերի ավելացման համար: Նախատեսվում է աշխատավարձերի ֆինանսավորման ավելացմանն ուղղել 17.3 մլրդ դրամ:    2023 թ. նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրվող աջակցությունը պահպանել այս տարվա համար սահմանված բարձր մակարդակի վրա՝ 144 մլրդ դրամ:

«Սրանք են 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական առանձնահատկությունները: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկումներ իրականացնել առանձին ոլորտային ծրագրերի և ակնկալվող արդյունքների շուրջ, ինչը կհուշի նաև, թե ինչպիսի ճշգրտումների կարիք կլինի 2023 թվականի պետական բյուջեն վերջնականացնելու փուլում»,-ասել  Տիգրան Խաչատրյանը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Միջնաժամկետ ծախսերի ծրագրով  պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում է  նախատեսվում: «Դա, իհարկե, կապ ունի այսօրվա հետ, որովհետև  Վիճակագրության կոմիտեն հրապարակեց մայիս ամսվա և առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշները: Եվ պետք է արձանագրել, որ ունենք բավականին լավ ցուցանիշներ, որովհետև առանձին վերցված մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13 տոկոս՝ նախորդ տարվա մայիսի համեմատ: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ աճի հիմնական լոկոմոտիվներից են շինարարության ճյուղը, որի աճը մայիսը մայիսի նկատմամբ կազմել է 18.1 տոկոս, ծառայությունների ոլորտը, որի աճը նախորդ մայիսի նկատմամբ կազմել է 30.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի աճը կազմել է 8.2 տոկոս և արտահանման աճը, որը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 33.7 տոկոսով: Իհարկե, այստեղ լավ ցուցանիշների մեջ կա նաև մտահոգություն առաջացնող ցուցանիշ, մասնավորապես՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ընդամենը 2 տոկոս: Եվ, իհարկե, գնաճի բարձր ֆոնն է պահպանվում, որը մտահոգիչ է: Բայց հնգամսյա ցուցանիշներով մենք դուրս ենք եկել երկնիշ տնտեսական աճի գոտի: Այսինքն՝ սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է, ոչ տնտեսական աճը, բայց դրանք շատ մոտ են լինում սովարաբար իրար: 5 ամսվա տվյալներով մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 10.2 տոկոս, շինարարության ծավալի աճը՝ 11.4 տոկոս, ծառայությունների աճը՝ 24.9 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 13.1 տոկոս, արտահանման աճը՝ 27.5 տոկոս: Այս թվերը որոշակիորեն արտահայտվում են նաև մեր բյուջետային եկամուտների հատվածում. Կիսամյակը դեռ չի ավարտվել, այսօր էլ  սպասում ենք հարկային մուտքեր, բայց կարող ենք ասել, որ կիսամյակի նախատեսված պլանն այս պահի դրությամբ գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Այսինքն՝ 47 մլրդ դրամ ավելի ենք հարկային եկամուտների մասով, քան կանխատեսել ենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ դեռ ունենք ստանալու՝ 10 մլրդից ավելի: Ինչու եմ մոտավոր ասում, որովհետև այս ընթացքում փոխարժեքի որոշակի տատանումներով պետք է հաշվարկվի: Այսինքն՝ մոտավորապես, վստահ ենք, կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով կենսաթոշակների բարձրացմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենաք կենսաթոշակների բարձրացում: Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասը կխոսենք: Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ժողովրդագրական ծրագրերի փոփոխությունները.  

«Գիտեք, որ 2020 թվականին որոշում կայացրեցինք, որ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում էինք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի ավելի էինք այդ նպաստը տրամադրում, քաղաքում կամ Երևանում՝ միայն աշխատողներին: Հիմա մենք ինչ որոշման ենք հանգել: Մենք հանգել ենք նրան, որ առաջինը՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք՝ 28600 դրամից պետք է դառնա 30700: Հաջորդը՝ մենք պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան՝ երեխայի խնամքի նպաստ տանք: Այսինքն՝ անկախ բնակավայրի, քաղաքային թե գյուղական բնակավայրերից է, անկախ նրանից աշխատող է, թե չաշխատող է: Իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին կրկնակի չափով այդ նպաստը վճարել, ինչը նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան արդեն 61400 դրամի չափով»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև գիտության ֆինանսավորումը 6 մլրդ դրամով  ավելացումը և նշել.

«Ուզում եմ հիշեցնել, որ ընթացիկ տարում մենք գիտության ֆինանսավորումը 82 տոկոսով ավելացրել էինք, ևս 6 մլրդ եթե հաշվենք,  ստացվում է, որ 2 տարվա մեջ մենք Հայաստանում գիտության ֆինանսավորումը, ըստ էության, կրկնապատկել ենք»:

Անդրադառնալով տնտեսական աճին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Ամենակարևոր նորությունը, կարծում եմ, նա է, որ մենք, ըստ էության, հիմա արդեն, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, 7 տոկոս տնտեսական աճն արդեն ավելի իրատեսական ենք համարում, որովհետև ես արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է: Ավելի լավ է՝ մենք առաջիկա  5 տարում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենանք, քան որոշ տարիներին ավելի, որոշ տարիներին պակաս: Ազդակներ կան, որ մենք, իսկապես, կարող ենք հասնել այս նպատակին: Եվ նաև պիտի ասեմ, որ մեր առևտրաշրջանառության ցուցանիշներն են դա ցույց տալիս: Նախորդ տարվա համեմատ Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է»:

Ամփոփելով՝ վարչապետը Միջնաժամեկտ ծախսերի ծրագիրը դրական է գնահատել և հորդորել է կառավարության անդամներին կենտրոնալ և առավել արդյունավետ աշխատել:

Կառավարությունն այս տարվա 6 ամսվա ընթացքում  273 սուբվենցիոն ծրագրի համար արդեն հատկացրել է 7 մլրդ 307 մլն դրամ

Գործադիրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի  1,385,124.6 հազար դրամ՝ սուբվենցոին ծրագրերի իրականացման համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հատկացվող գումարը նախատեսված է 18 բնակավայրի 24 ծրագրերի համաֆինանսավորման համար: «Ծրագրերից 22-ը ավարտված են, 2-ը ընթացքի մեջ են: Այսպիսով, եթե այսօրվա որոշուն էլ ընդունենք, կստացվի, որ այս 6 ամսվա ընթացքում  273 ծրագրի համար արդեն հատկացրել ենք  7 մլրդ 307 մլն դրամ»,-ասել է նախարարը: 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համաֆինանսավորվող ծրագրերը:  Մասնավորապես, Արագածոտնի մարզի  Աշտարակ համայնքում իրականացվել են  բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի կառուցման, առկա համակարգի ընդլայնման, վերազինման, արդիականացման աշխատանքներ, Կաթնաղբյուր համայնքում բարեկարգվել է  մսուր-մանկապարտեզի բակը բարեկարգում, ձեռք են բերվել խաղային գույքեր: Կաթնաղբյուր համայնքում վերանորոգվել են խմելու ջրի ներքին ցանցի վնասված հատվածները:  Արարատի մարզի Այգեզարդ  համայնքի Ա. Ղարիբյանի փողոցում  մասնակի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, Հովտաշեն  համայնքի վարչական մասնաշենքի տանիքի վրա կառուցվել է 20,02 կվտ արևային ֆոտովոլտային կայան, հիմնանորոգվել է Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը:   Հիմնանորոգվել է Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի  մարզասրահը,  հանդիսությունների սրահը:  Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի 8 բնակավայրերում իրականացվել են  խմելու ջրի ջրագծերի ներքին և/կամ արտաքին ցանցերի կառուցման և վերակառուցման, ինչպես նաև Շատջրեք գյուղի ոռոգման ջրի ջրագծի կառուցման աշխատանքներ: Իրականացվել են նաև  Գեղամասար համայնքի 10 գյուղերի  փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 2 գյուղերի լուսավորության ցանցի կառուցման և վերանորոգման, 1 գյուղի լուսավորության ցանցի վերանորոգման,  Գեղարքունիք  համայնքի ոռոգման ցանցի  վերանորոգման և կառուցման, Լուսակունք համայնքի ներհամայնքային հեղեղատարի մասնակի հիմնանորոգման, Վարդենիկ համայնքի ներհամայնքային  փողոցների  ճանապարհային պատվածքի  սալարկման աշխատանքներ: Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում իրականացվել է  խմելու ջրի ջրամբարի կառուցում, Լոռի Բերդ համայնքի Հովնանաձոր բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում:  Կահավորվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի մանկապարտեզը,  ընդլայնվել է Եղվարդ համայնքի Զորավան բնակավայրի ոռոգման ցանցը:  Սյունիքի մարզում, մասնավորապես,  իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ Գորիս համայնքի Արտաշեսյան փողոցի 960 մ հատվածի  ասֆալտապատում, Կապան համայնքի մի շարք  փողոցի մայթերի հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կավարտ գետակի մի հատվածի մաքրում և հենապատի վերանորոգում, Կապան քաղաքի Թումանյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կապան քաղաքի Ռ․ Մելիքյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կապան քաղաքի մի շաչք շենքների  բակերի հիմանորոգման աշխատանքներ, Կապան համայնքի Ծավ Արծվանիկ բնակավայրի բուժկետի վերանորոգում, Թիվ 3 երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում, Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի շենքի վերանորոգում: Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում ֆուտբոլի դաշտ է կառուցվել, Տավուշի մարզ Ազատամուտ համայնքում թվով 5 ԲԲՇ-ների տանիքներ են  հիմնանորոգվել:   

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում  որոշ տարածքներ կճանաչվեն  հանրության գերակա շահ

Կառավարության որոշմամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Սիսիան-Քաջարան նոր հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները կճանաչվեն հանրության գերակա շահ:  Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել II տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցման աշխատանքներ։ Նախագծային փաստաղթերի համաձայն՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուրը 570 միավոր հողամաս և առանց վերջիններիս օտարման հնարավոր չէ ծրագրի իրագործումը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ դրանով, ըստ էության,   նախատեսվում է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության համար անհրաժեշտ շինհրապարակի ազատում: «Այդ ճանապարհն անցնում է այնպիսի տեղերով, որտեղ մասնավոր հողակտորներ կան: Մենք հիմա գերակա շահ ենք ճանաչում, որպեսզի քաղաքացիներից գնենք այդ հողակտորները և տրամադրենք Հյուսիս-հարավի կառուցման համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՍԴ  դատավորի պաշտոնում առաջադրվել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը

Կառավարության որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Ինչպես նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, մայիսի 31-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ՍԴ նախագահի կողմից գրություն է ստացվել, որի համաձայն ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 10-ին:

Սեդա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հավատի,  վստահության համար: «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանդարական արդարադատության իրականացմանը կստացվի, և չեք   զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»,-ասել է Սեդա Սաֆարյանը:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ. «Մենք առաջադրում ենք և Ազգային ժողովում է ընտրությունը տեղի ունենալու: Իհարկե, առաջադրելիս մենք բնականաբար քննարկումներ ենք ունեցել նաև խորհրդարանական մեր գործընկերների հետ, նաև «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունում է քննարկվել այդ հարցը և որոշում ընդունվել: Այնպես որ, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը և տրամաբանական է այս դեպքում»:

Կվերականգվի և կդյուրացվի ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը վերականգնելու և Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի և Վիետնամի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ստացումը դյուրացնելու նպատակով։ Հիմնավորման համաձայն՝ COVID-19 համավարակով պայմանավորված օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով   կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի որոշմամբ կատարված փոփոխության և լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Որոշմամբ առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը և Վիետնամը։ 

Մեկ այլ որոշմամբ էլ  առաջարկվում է հստակեցնել այն պետությունները, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, էլեկտրոնային E-VISA համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Նախատեսվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ 21 երկրների քաղաքացիների համար։ Նշված երկրները ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի և ուղևորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։  51 երկրների քաղաքացիների համար կսահմանվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների, այդ թվում՝ ԵՄ և Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա։ Այս չափանիշն ընդհանուր առամամբ ներառում է 45 երկրներ։ Կստակեցվի ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Նախատեսվում է նաև  դյուրացնել վարչարարությունը՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի սկզբունքներին: Կսահմանվի նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն:

Վեց ամսով կերկարաձգվի  տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է  6 ամսով երկարաձգել  տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն  կտա ապահովելու շուրջ 3.0 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանում, ինչպես նաև  կազմակերպելու 2022 թվականին ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։ Ըստ այդմ,  առաջարկվում է կառավարության նախկինում ընդունած որոշման մեջ կատարել փոփոխություն, ըստ որի՝ տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության տրամադրումն երկարաձգվում է 6 ամսով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 30-ը։

Գործադիրը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում, ըստ որի պտուղբանջարեղենի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվող պայմանագրերի կնքման համար սահմանված մինչև հունիսի 1-ը վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 1-ը։ Արդյունքում հնարավորություն կտրվի պտուղբանջարեղենի գնումներ կատարող ընկերություններին ծրագրից օգտվելու նպատակով հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կնքելու պտուղբանջարեղենի գնման պայմանագրեր, որով կապահովվի պտղի, մասնավորապես՝ ծիրանի մթերումների և դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։ Հիմնավորման համաձայն, ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հունիսի 1-ը։ Հիմնավորման համաձայն, մինչև հունիսի 1-ը շուրջ 1361 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է հումքի գնման 1510 պայմանագիր։ Պայմանագրերի գերակշիռ մասը կազմում են բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի գնման պայմանագրերը, իսկ պտղի մասով կնքված պայմանագրերը շատ փոքր տոկոս են կազմում։  Վերջին օրերին արտահանման լոգիստիկ խնդիրներով պայմանավորված լուրջ խնդիրներ են առաջացել պտղի, մասնավորապես՝ ծիրանի արտահանման համար և անհրաժեշտություն է առաջացել արտադրված ծիրանի բերքի իրացումն ապահովել վերամշակողների կողմից մթերելու միջոցով, մինչդեռ ծրագրի շրջանակում պտուղբանջարեղենի մթերման պայմանագրերի կնքման՝ մինչև հունիսի 1-ը սահմանված վերջնաժամկետը խոչընդոտում է տնտեսավարողներին նոր պայմանագրեր կնքելու և մթերվող բերքի արժեքը վճարելու համար։

Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող անշարժ գույքը կօտարվի  դասական աճուրդով

Կառավարության որոշմամբ Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևանի Մոսկովյան փողոց 37, թիվ 37 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը կօտարվի  դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 113 790 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 35 265 012 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  193 164 դրամը։

Օրենսդրական նախաձեռնություններ. հարկային մարմնին հնարավորություն կընձեռվի պատշաճ հսկողություն սահմանել նաև  կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ

Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ հարկային մարմնին հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընթացիկ հսկողության գործիքակազմով, մասնավորապես` հսկիչ գնման ուսումնասիրությամբ, պատշաճ հսկողություն սահմանվի նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ: Հնարավորություն կնախատեսվի շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոց։

Կառավարությունը հավանություն է տվել  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվող փոփոխությամբ կամրագրվի քննչական մարմնի ղեկավարը լիազորությունների արդյունավետությունը, բացառելով կազմակերպչական-տեխնիկական բնույթի հարցի կապակցությամբ որոշումների կայացումը և դրանց վերաբերյալ համապատասխան վերադաս դատախազի գրավոր համաձայնության առկայությունը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներին: Օրինագծերի ընդունմամբ հարկային (մաքսային) մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրումը կիրականացվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

Կկազմակերպվի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների ամառային հանգիuտը

Մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թ. ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ այդ աշխատանքները կանոնակարգելու և կազմակերպելու համար: Հանձնարարվել է ՀՀ մարզպետներին և  առաջարկվել  Երևանի քաղաքապետնին ներկայացնել մանկական առողջարանական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները և կազմակերպել տեղափոխության ապահովումը:  1600 երեխաների 1-ին հերթափոխի մեկնումը նախատեսված է հուլիսի 1-ին:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 67.303,00 հազար դրամ՝ Մարտիրոս Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն  քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու  նպատակով: Հիմնավորման համաձայն, մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մարտիրոս Խաչիկի Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման վերաբերյալ: Մարտիրոս Քոչարյանը  ներկայացրել է  փաստաթղթեր առ այն, որ իր առողջական վիճակից ելնելով անհրաժեշտ է ևս 3 վիրահատություն:

Գործադիրը փոփոխություններ ու լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում մի շարք հարցերի կարգավորման համար: Մասնավորապես, առաջարկվում է շահառուների ցանկում, որոնց վրա չեն տարածվում որոշմամբ սահմանված սահմանափակումները, ավելացնել  դատական կարգով անհայտ կորած ճանաչված անձանց ծնողները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով  զոհված զավակների ծնողները:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերականգնել  Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար: Հիմնավորման համաձայն, անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային համապատասխան հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա և վերացնել վտակը (փակել մուտքը և ելքը) հետագա փլուզումներից խուսափելու համար: Ինչպես նաև առաջարկվում է  նախատեսել սահմանային համապատասխան  նշանի մոտ, Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը: Ըստ այդմ, 22,380.0 հազար դրամ գումարը կվերաբաշխվի պետբյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ» միջոցառման գծով նախատեսված աշխատանքների՝ գնումների ընթացակարգերի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին։

Գործադիրը հաստատել է «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և  վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և  Եվրոպայի առաջնությունների հաղթողներին,  մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական  խաղերում,  աշխարհի  առաջնություններում   4-8-րդ տեղը գրաված մարզիկներին  և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը:  Որոշումը կնպաստի  սպորտային նպաստի վճարման ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների  սոցիալական վիճակի բարելավմանը,  ինչն էլ որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով  բարձր նվաճումների խթան, ապահովելով  բարձր արդյունքների ձեռքբերումը՝ բարձրացնելով ՀՀ վարկանիշը համաշխարհային մրցասպարեզներում:       

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]