Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Լիոնի մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետին

Լիոնի մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ: Ամփոփելով համատեղ ծրագրերն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ կողմերը հստակեցրել են հետաքրքրություն ներկայացնող գործակցության ոլորտները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Լիոնի և Լիոնի մետրոպոլի առաջատար մասնագետների աջակցությամբ կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը երթևեկության կառավարման, Երևանի գլխավոր հատակագծի մշակման և փորձաքննության, ինչպես նաև լանդշաֆտային ձևավորման բնագավառներում:

«Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքի հետ և անդամակցում է միջազգային ու տարածաշրջանային 8 կազմակերպության` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը՝ փորձի փոխանակումների և տեխնիկական աջակցության միջոցով։ Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում 2020թ. Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելուն ուղղված Ֆրանսիայի մոտ 100 ՏԻՄ-երի տրամադրած աջակցության համար»,- իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Ըստ աղբյուրի՝ Լիոնի մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնվող բոլոր նոր ծրագրերի լիարժեք իրագործման գործում: «Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մետրոպոլի միջև ձևավորված գործակցությունը տասնամյակների պատմություն ունի և այսօր մեզ համար մեծ պատիվ է էլ ավելի ընդլայնել գործընկերային կապերը: Մենք ընտրել ենք այնպիսի ուղղություններ, որոնք կարևոր են և խնդրահարույց: Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կկարողանանք լուծումներ տալ այդ խնդիրներին», - ընդգծել է Լիոնի Մետրոպոլի նախագահը:

Նշվում է, որ Լիոնի, Լիոնի մետրոպոլի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործակցությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եռամյա նոր ծրագրով: Նախագծի մշակումը կմեկնարկի 2023թ.:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]