Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Բենինի դեսպանը ԿԳՄՍ փոխնախարարի հետ հանդիպմանը հետաքրքրվել է ՀՀ բուհերում օտարերկրացի ուսանողների ուսանելու պայմաններով

Բենինի դեսպանը ԿԳՄՍ փոխնախարարի հետ հանդիպմանը հետաքրքրվել է ՀՀ 
բուհերում օտարերկրացի ուսանողների ուսանելու պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

«Փոխնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները՝ այդպիսով ընդգծելով համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ Բենինի Հանրապետությունում հայկական սփյուռքը մեծապես նպաստում է այնտեղ Հայաստանի մշակույթի, ավանդույթների և պատմության տարածմանն ու հանրահռչակմանը:

Դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հետագա ընդլայնված համագործակցության միայն սկիզբն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության, գիտության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հնարավոր հեռանկարները: Ինչպես տեղեկացրել է դեսպանը, իրենց նախատեսած ծրագրերի առանցքում առաջին տեղում կրթությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են բուհերի միջև համագործակցության, ուսանողների՝ գիտական համաժողովների մասնակցության, համատեղ նախագծերի իրագործման հնարավորություններին:

Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուն հետաքրքրվել է օտարերկրացի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսանելու պայմաններով, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը համառոտ ներկայացրել է ՀՀ բուհեր ընդունվելու ընթացակարգը՝ ընդգծելով, որ Հայաստանը օտարերկրյա ուսանողների հետ աշխատելու մեծ փորձառություն ունի:

Նշվում է, որ քննարկվել են նաև մշակույթի, սպորտի, երիտասարդության բնագավառներում փոխադարձ ներուժի իրացման հեռանկարները: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել և ընդգծել՝ նախարարությունը բաց է և պատրաստ՝ ցանկացած խնդրի լուծմանն օժանդակելու հարցում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]