Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի նախագահի 
պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը հայտարարություն է տարածել:

«2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ»,-նշել է Գևորգյանը:

Ըստ նրա՝ նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իր անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես, իր խոսքով,  դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո:

Պատգամավորը, սակայն, միևնույն ժամանակ հայտնել է, որ շարունակելու է աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են պետության համար:

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, նաև դադարեցրեց Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ևս 2 հանձնաժողովի ընդդիմադիր նախագահներին, նշել էր, որ Արմեն Գևորգյանն ունի բացակայությունների խնդիր, սակայն այդ պահին որոշում են կայացրել միայն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի հետ կապված, և, եթե հետագայում նոր որոշում լինի, կտեղեկացնեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]