Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Տիկնիկային թատրոնը երեք նոր ներկայացում կբեմադրի, որից մեկը «Հարի Փոթերն» է. Ռուբեն Բաբայան

Տիկնիկային թատրոնը երեք նոր ներկայացում կբեմադրի, որից մեկը «Հարի Փոթերն» է. 
Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական տիկնիկային թատրոնում «շնչելու» ժամանակ չկա. խաղացանկում՝ նոր ներկայացումներ, հյուրախաղեր, փառատոներ են: Մի խոսքով՝ գերհագեցած տարի է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝  այս պահին 3 նոր ներկայացման վրա են աշխատում, որոնցից երկուսը հայ դրամատուրգների գործեր են: Ժամանակից շուտ չակերտները բացել չցանկացավ թատրոնի ղեկավարը, միայն երրորդի մասին է խոսում. «Հարի Փոթերի վրա ենք աշխատում: Երեքն էլ տիկնիկային ներկայացումներ են»:

Ի դեպ, թատրոնն այս տարի մասնակցել է մի քանի միջազգային փառատոների՝ Սանկտ Պետերբուրգում՝ «Ռադուգա» փառատոնին, Թբիլիսիի մանկապատանեկան փառատոնին ունեցել է երկու ներկայացում՝ «Մատնաչափիկը» եւ «Կոկորդիլոսը»: Վերջինը մրցութային փառատոն էր: Օրեր առաջ էլ ԱՄՆ մեկնած թատերախումբը կրկին մրցանակներով վերադարձավ:

«ԱՄՆ-ի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» թատերական միջազգային փառատոնին էին մասնակցում, 6 մրցանակ են բերել, որից 2-ը մասնակցության համար, իսկ 4-ը՝ ժյուրիի կողմից տրված գնահատականներն են: «Քրիստոֆեր» ներկայացումը ստացել է լավագույն ստեղծագործական կազմ եւ լավագույն ադապտացիա մրցանակները, Թումանյանի «Գելը» ներկայացումը` լավագույն տիկնիկային ներկայացում, լավագույն ստեղծագործական կազմ մրցանակները:

Բացի ներկայացումներից, մերոնք անցկացրել են նաեւ վարպետության դասեր՝ տիկնիկավարություն, տիկնիկագործություն, մնջախաղ, պար: Մի քանի օրից «Կոկորդիլոս» ներկայացումը կմեկնի Իրան, հետո կունենանք փառատոնի մասնակցություն Տոմսկում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց Բաբայանը:

Անդրադառնալով հարցին, թե հասարակության մտածողության մեջ ի՞նչ պետք է փոխվի, որ քաղաքականացված հայ մարդու կյանքում առանցքային նշանակություն ունենա մշակույթը՝ պատասխանեց.

«Նախ մենք պիտի որոշենք՝ մեզ համար զարգացում ասելով ի՞նչ նկատի ունենք: Դա քաղաքակրթական ընտրություն է, որպես մեծագույն արժեք ընկալվում  է մարդու կյանքը: Սա օրենքներով եւ պարտադրանքով չի լուծվում, սա արվեստով է լուծվում, որովհետեւ արվեստն է, որ մարդկանց մոտ զարգացնում  է հանդուրժողականությունը, դեպի ուրիշ մարդ հարգանքը: Մենք հաճախ բողոքում ենք այն ատելության մթնոլորտից, որ տիրում  է մեր հասարակության մեջ: Այդ ատելությանը կարող ենք հաղթել, միանշանակ, արվեստի միջոցով»:

Ինչ վերաբերում  է թատերական կյանքին, թատերական արվեստին, Տիկնիկային թատրոնի ղեկավարը նկատում է՝ վերջին տարիներին բազմաթիվ հետաքրքիր անուններ են ի հայտ եկել՝ դերասաններ, ռեժիսորներ: Ինքը հատկապես հիանում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ծավալած գործունեությամբ, ասում է՝ հետաքրքիր ներկայացումներ կան նաեւ Սունդուկյանում, Մնջախաղի թատրոնում, Կամերայինում, Օպերային թատրոնում:

«Կառավարման համակարգը չի փոխվել վերջին 35 տարվա ընթացքում: Ժամանակները փոխվել են, հասարակարգը փոխվել է, բայց մնացել է կարծրացած սովետական համակարգը, որը թույլ չի տալիս, որ գան նոր ուժեր: Ստեղծագործական անձնակազմին այդ վիճակը խանգարում է: Կառավարության կողմից, իհարկե, կա մեծ ուշադրություն. վերազինվում են թատրոնները, համերգասրահները, որը շատ կարեւոր է: Բայց ես մշտապես ասել եմ, որ միայն պետական աջակցության վրա հույսը դնելը սխալ է: Զարգացած երկրներում շատ տարածված է հովանավորչությունը, որը կարեւոր է ոչ միայն մշակութային ոլորտ նոր ֆինանսներ բերելու համար, այլ նաեւ բիզնեսի ու արվեստի կապը հաստատելու համար: Մի խոսքով՝ անելիք շատ կա, պարզապես ցանկություն  է պետք»,-եզրափակեց Բաբայանը:

Լիանա Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]