Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի հետ համագործակցության մեծ ներուժը բազմաթիվ ոլորտներում

Արարատ Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի հետ համագործակցության մեծ ներուժը 
բազմաթիվ ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է ժամանել Հնդկաստանի Արտգործնախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հուլիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:

Նիստի բացման խոսքում նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է իր հնդիկ գործընկերոջը և նիստի բոլոր մասնակիցներին՝ շեշտելով, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է:

«Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում: Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները և փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ», - ասել է նախարարը:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ հնդկական պատվիրակության ժամանումը խորհրդանշական է նաև այն առումով, որ այս տարի՝ 2022 թվականին, Հայաստանը և Հնդկաստանը նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Ըստ նախարարի՝ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում կողմերը մեծ աշխատանք են կատարել հայ-հնդկական հարաբերությունների և համագործակցության զարգացման ուղղությամբ: Միրզոյանը հիշեցրել է, որ վերջին շրջանում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, Հայաստանն ու Հնդկաստանը կազմակերպել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ:

Մասնավորապես՝ 2021 թ. հոկտեմբերին տեղի էր ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարի շատ կարևոր այցը Հայաստան, որի ընթացքում մշակվել էր հայ-հնդկական համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը նպատակամղված կյանքի է կոչվում: Իսկ այս տարվա ապրիլին արդեն Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն էր մեկնել Հնդկաստան: Աշխատանքային այցի ընթացքում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել նաև Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց շարունակելու հայ-հնդկական երկխոսությունը:

«Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավական լուրջ տնտեսական առաջարկներով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում և Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների համագործակցությունը», - շեշտել է նախարար Միրզոյանը:

Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրում է այն փաստը, որ վերջին 5-6 տարվա ընթացքում կտրուկ աճել է Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառությունը, և եթե 2016 թ. երկկողմ առևտուրը կազմում էր մոտ 21 մլն դոլար, ապա 2021 թ. արդյունքներով երկկողմ առևտրի ծավալները հասան 181 մլն դոլարի: Այս թվերն, իհարկե, չեն արտացոլում հայ-հնդկական առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և հայկական կողմը ակնկալում է առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:

«Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության, կրթության բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը նույնպես մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են երկու երկրների համար: Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների և գործարարների համար», - հավելեց Հայաստանի արտգործնախարարը:

Այս համատեքստում հատկանշական է Հնդկաստանը տեխնիկական օգնությունը Հայաստանին բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մասնավորապես՝ Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը Երևանում, ինչպես նաև՝ մարզային երկու դպրոցներում համակարգչային երկու սենյակների բացումը:

Հայաստանն ու Հնդկաստանը արդյունավետորեն համագործակցում են նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առնչությամբ նախարար Միրզոյանը ողջունում է ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա հայ-հնդկական միջկառավարական 8-րդ նիստի ավարտին:

Նախարարը Միրզոյանը կարևորեց նաև Հայաստանի և Հնդկաստանի արդյունավետ համագործակցությունը հումանիտար ոլորտում, որը ներառում է թե՛ կրթական, թե՛ մշակութային ծրագրեր: Այս պահի դրությամբ Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող՝ հիմնականում բժշկական մասնագիտություններով, և այս ոլորտում էլ հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու կրթական փոխանակումների ծրագիրը:

 

 

Լրագրող՝ Արամ Սարգսյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]