Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ մարդու խոնարհ կյանքի գեղագետն ու օրհներգուն, կարմիր զնդանի հալածյալ զոհը

Հայ մարդու խոնարհ կյանքի գեղագետն ու օրհներգուն, կարմիր զնդանի հալածյալ զոհը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլեւ կյանքում: Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը… Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ եւ ագահաբար կհամբուրեր.

 -Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ…

Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, ուր ապրում եւ ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլեւս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում՝ նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս… Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր: Եվ այդպես էլ մնաց իմ հուշերում…»:

Գուրգեն ՄԱՀԱՐԻ

Հիրավի, դժբախտ էր մեր գրականության այն սերունդը, որը լույս աշխարհ էր եկել՝ թողնելու շռայլ իր հունձքը հայ բառուբանի անդաստանում, բայց կյանքի կես ճանապարհին ծաղկի նման գլխատվեց ստալինյան դավադիր ժամանակաշրջանի մարդահունձ գերանդիով: Գրական այդ առաքյալների շարքում էր նաեւ Ակսել Բակունցը՝ մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչը, ինչպես Իսահակյանն էր բնութագրում նրան. «Այնպես նուրբ են հյուսված այս պատմվածքները, այնպես նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ են տեսնում, այնպես կախարդորեն սուզվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա եւ իրական, ներկան դառնում է երազ…»:

Իր ժողովրդի վշտի ու թախծի, հրճվանքի ու հիասթափության, հայ մարդու խոնարհ կյանքի գեղագետն ու օրհներգուն ծնվել է Գորիսում, ավարտել տեղի ծխական դպրոցը: Եվ քանի որ «խելացի էր եւ ընդունակ», 152 համագյուղացիների խնդրագրով՝ հասցեագրված ժամանակի հայոց կաթողիկոսին՝ «հույժ գովելի աշակերտն» ընդունվել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարան, ավարտել կրթօջախի դասարանային բաժինը: Երեւելի մտավորականներ էին ուսուցանել ապագա գրողին՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Հովհաննես Հովհաննիսյան: Հետո՝ ուսուցչություն Զանգեզուրի Լոր գյուղում, ապա՝ 1917-1918 թվականներին՝ շարքային զինվոր, մասնակցություն Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին, Սարդարապատի հերոսամարտին:

Հետաքրքիր է, որ դեռեւս ճեմարանական տարիներից ստեղծագործել սկսած Բակունցն ուսումնառությունը շարունակել է բոլորովին ոչ «կանխատեսելի» հաստատություններում՝ Թիֆլիսի պոլիտեխնիկական, Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտներ, որոնք բնավ կապ չունեն գրողի կոչման ու ձիրքի հետ: Ոչ էլ աշխատանքն էր առնչվելու գրողական միջավայրին՝ գավառական գյուղատնտես Գորիսում, գավգործկոմի հողաբաժնի վարիչ, իսկ մայրաքաղաքում՝ հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ: Այս զբաղվածություններին զուգահեռ՝ համագործակցություն «Մաճկալ» թերթի, «Նոր ուղի» հանդեսի հետ: Այդուհանդերձ, նա արդեն հասցրել էր լույս աշխարհ բերել հայ արձակի շողուն մարգարիտներից շատերը՝ «Մթնաձոր», «Սպիտակ ձին», «Սեւ ցելերի սերմնացանը», «Անձրեւը» պատմվածքների ժողովածուները՝ գրված 1924-1934 թվականներին: Մինչ այդ՝ 1918-ին գյուղատնտես-գրողը հրատարակել էր քնարական պատկերներ՝ «Աշոտը», «Անտառում», «Աղոթք», 1920-30-ականներին, պատմվածքներից զատ, տպագրել գեղարվեստական արժեք ունեցող ակնարկներ, որոնք պատկերացում են տալիս արձակի փոքրածավալ ձեւերի մեջ գրողի գեղագիտության առանձնահատկությունների մասին:

Երեսունականների սկզբներից, երբ նա արդեն զբաղված էր զուտ գրական գործունեությամբ, մանավանդ գրչակից կարմիրապաշտ վարակակիրներն սկսում են այլախոհի պիտակներ կպցնել գրողին, քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են հասցեագրում՝ հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական: Նախանձից, չարակամությունից ծնունդ առած այս նողկալի հերյուրանքները տեղ էին հասնելու, եւ 1936-ի օգոստոսի 9-ին ձերբակալում են Բակունց ազնվագույն մտավորականին: Տասնմեկ ամիս անընդմեջ շարունակվում են դժոխային կտտանքները՝ պահանջելով ինքնախոստովանանք: Բայց ո՞ր չգործած մեղքը խոստովաներ, այն, որ ինքն իբր տեռորիստական խմբի լիդերներից մե՞կն է, ով նպատակ ունի վերացնելու գլխավոր հրեշին՝ Ստալինին, նրա ձեռքի արյունոտ գործիք Բերիային… Գրողի ոչ մի դիմում-խնդրագիր չի փոխում սպասվելիքի ընթացքը: «Ծանր է, շա՜տ ծանր…- գրում է զրպարտանքների զոհ հալածյալը…-Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետեւում… Երբ ես հարցնում եմ, թե ինչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Ի՞նչ է լինելու ինձ հետ… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՛տ տվեք…»:

Ապարդյուն. վճիռը վաղուց էր կայացված. ընդամենը 25 րոպե տեւած դատավարությունից հետո իջնում է մահվան վարագույրը՝ գնդակահարություն՝ իր իսկ ձեռամբ փորված գերեզմանափոսի եզրին… Այնուհետեւ աքսորվում է նաեւ կինը, իսկ մայրը, որ կարծում էր, թե որդին հեռավոր սիբիրներում է, շուրջ երեք տասնամյակ սպասելու էր որդու վերադարձին ու հանգչելու՝ ցավը սրտում, դավին անտեղյակ…

Ամփոփենք Վախթանգ Անանյանի վերհուշի մի պատառիկով. «Երբեմն նստում էր դիմացս եւ խոսեցնում մեր սարերից, տավարածների կյանքից: Ու լսում էր թաքուն համակրանքով, եւ ես զգում էի դա:

-Քեզնից հողի հոտ եմ առնում,- մի օր ասաց ինձ կամաց, եւ ես թախիծ զգացի նրա աչքերում:- Ախ, ուրիշ բան չեմ ուզում, քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ, ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները եւ չոքեինք, խմեինք քչքչացող զուլալ ջուրը…

Արցունքներ երեւացին կապույտ աչքերում: Ես ցնցված էի, վահ, այսքան էլ կարո՛տ…»:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]