Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում բացվեց «Ռուսական կենտրոն»

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում  բացվեց «Ռուսական կենտրոն»

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի մշակույթի տանը հանդիսավորությամբ բացվեց  «Ռուսական կենտրոն»։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  կրթամշակութային կենտրոնը բացվում է Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ,  Գեղարքունիքի մարզպետարանի օժանդակությամբ եւ Վարդաձոր գյուղի բնակիչ, գործարար Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ։

Նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ եւ կգործեն  տարբեր խմբակներ։ Կենտրոնը կահավորված եւ հագեցած է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս՝ կազմակերպել ինտերակտիվ դասեր եւ քննարկումներ։   

 Կրթամշակութային  կենտրոնի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Մարտունի համայնքի ղեկավար  Հովհաննես Հովեյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում  գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ։

Կենտրոնի բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը եւ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Վահրամ Կարապետյանը, նշելով, որ Վարդաձորում բացված «Ռուսական կենտրոնը» թվով վեցերորդն է Հայաստանում։ Դրանցից չորս գործում են քաղաքային, երկուսը՝ գյուղական բնակավայրերում։   «Այս կենտրոնը մեծապես նպաստելու է հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա ամրապնդմանն ու խորացմանը, հայկական եւ ռուսական լեզվամշակութային կապերի մերձեցմանն ու զարգացմանը, եւ մենք Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու համայնքապետարանի  հետ անելու ենք հնարավորը, որպեսզի ապահովենք կենտրոնի անխափան ու մշտական գործունեությունը»,-նշեց Վահրամ Կարապետյանը։

«Նմանատիպ ծրագրերի իրականացումը  չափազանց կարեւոր է հայ-ռուսական քաղաքական, տնտեսական եւ մշակութային դարավոր կապերի ամրապնդման եւ հետագա զարգացման տեսանկյունից։ Առավել եւս, որ Գեղարքունիքի մարզը Ռուսաստանի Դաշնությունում ունի բավականին մեծ ու ծավալված համայնք, եւ մեր բարեկամական շփումները լինելու են մշտական ու պահանջված։ Սա առաջին կենտրոնն է մեր մարզում, ու համոզված եմ, որ շուտով նման նոր կենտրոններ կբացվեն նաեւ այլ բնակավայրերում, քանի որ մեր համագործակցությունը Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրինության հետ արդեն տեսանելի արդյունք է տվել»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։   

Այնուհետ միջոցառման մասնակիցներին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կուպորկինի  շնորհավորանքի խոսքը փոխանցեց Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Մարիա Կորոդինան։ Շնորհավորանքի խոսքեր հնչեցրին ու կենտրոնի գործունեությունը կարեւորեցին նաեւ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչ Յուրի Դեդովը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդաձոր գյուղի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը։ Հանդիսության ավարտին Վարդաձորի միջնակարգ դպրոցի աշակերտները ասմունքեցին ռուս դասական գրողների ստեղծագործություններից։

Վարդաձորի «Ռուսական կենտրոնը» դպրոցական տարիքի երեխաների առջեւ իր դռները կբացի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։

 

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]