1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր».Աղաբաբյանն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2022

«Երևանյան բեսթսելեր».Աղաբաբյանն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց, սովորաբար, նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Երկրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա. Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ՝ կխեղդվի...

Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը երրորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը՝ բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ: Այս վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որում նկարագրվում է, թե ինչ է լինում սիրելուց հետո: Գիրքը սովորեցնում է խնամել սերը, չհամարել այն ուղղակի պարտականություն կամ բեռ, որովհետև այս զգացմունքը մեռնում է, երբ հարաբերություններում վաղուց կյանք չկա և, մյուս կողմից՝ կարող է շունչ առնել, եթե ինքներս ուզենանք… Վերջինս վիպակում հնարավոր է դառնում միայն կարոտի և կապվածության վախը հաղթահարելու շնորհիվ, որը պիտի բերեր որոշման` սիրած մարդուց հեռանալու: Վիպակում ցույց է տրված, որ հենց այդ որոշումը, ինչպես նաև պատահականությունները կամ գուցե ճակատագիրն իրենց հերթին գիտակցել են տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ րոպեն կարող է և չսկսվել, ինչը սթափեցնում է մարդուն` ստիպելով կյանքին այլ աչքերով նայել:

Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» չորրորդ հորիզոնականում է: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն հինգերորդ տեղում է։ «Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը, կարծես, կորստի խորհրդանիշ է։

Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին: Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։ «Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո՝ վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ:

Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ»-ը վեցերորդն է։ Բակունցի արձակը հայերենի ծես է, որտեղ կողք կողքի ներկայանում են մեր լեզվի բոլոր պերճությունները։ Գրողը վարպետորեն ստեղծել է անհատական ոճ, դրականորեն տարբերվող կառույցներ՝ դուրս շարահյուսական ընդունված համակարգերից։ Նրա գրականությանը բնորոշ են քնարականությունը և բանաստեղծականությունը։

Պատմվածքների հերոսները գյուղաշխարհի մարդիկ են, որոնք ունեն իրենց իրականությունն ու օրենքները՝ մեծ աշխարհի վարքուբարքից անջատ։ Ահա այդ մարդկանց նկարիչն է Բակունցը, որի ներկապնակն իսկապես հարուստ է, աչքը՝ նկատող, լեզուն՝ մշակութային, հույզը՝ զգացած։

Յոթերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։

Ութերորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին լույս տեսած երկհատորյակը: Այն լույս է տեսել Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ: 

Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» իններորդ տեղում է։ Վեպը գյուղացի մի խումբ երեխաների հետաքրքիր, լարված ու բացահայտումներով լի արկածների պատմություն է: Մինչև վերջ սպասումների ու լարվածության մեջ պահող սյուժեն միևնույն ժամանակ գրավիչ է նրանով, որ ընթացքում բացահայտվում են որսորդական բազմաթիվ գիտելիքներ, կարևոր տեղեկություններ գազանների մասին, ինչպես նաև՝ պատկերվում են նվիրումի և ընկերասիրության տպավորիչ դրվագներ։

Տասներորդ տեղում է Վանո Սիրադեղյանի «Դուռը»։ Վանո Սիրադեղյանը նախորդ դարավերջի ամենատաղանդավոր և ընթերցված-սիրված արձակագիրներից մեկն է՝ այլևս դատապարտված այդպիսին մնալու։ Նրա արձակը որքան դասական, այնքան էլ ժամանակակից է։ Պատմություններ մարդկանց, նրանց մտածողության, խնդիրների, երազանքների ու ապրումների մասին։ «Դուռը» ժողովածուն ամփոփում է հեղինակի բոլոր նախորդ գրքերում («Կիրակի», «Ծանր լույս», «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից», «Երկիր։ Ցպահանջ») տեղ գտած պատմվածքները՝ այսպիսով դառնալով նրա գեղարվեստական արձակի՝ ընթերցողին հայտնի ստեղծագործությունների համահավաք ժողովածու։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Աշոտ Աղաբաբյան, «Թակարդ» 

Բուկինիստ 37
2 +2

Գոհար Նավասարդյան, «Ինձ պիոններ չնվիրես»

հեղ․հրատ 26
3 -2

Գոհար Նավասարդյան, «‎Սիրելուց հետո» 

հեղ․հրատ 22
4 0

Աշոտ Աղաբաբյան, «Մենակը»

Բուկինիստ 20
5  նոր

Եղիշե Չարենց․ «Երկիր Նաիրի»

Վերնատուն 18
6 նոր

Ակսել Բակունց, «Ալպիական մանուշակ»

Վերնատուն 18
7 -1

Գոհար Նավասարդյան, «Հուշացած ակնթարթներ»  

հեղ․հրատ 18
8 *

Վարդգես Պետրոսյան, «Ապրած և չապրած տարիներ» 

Դարակ 17
9 նոր

Վախթանգ Անանյան, «Հովազաձորի գերիները» 

Անտարես 16
10 *

Վանո Սիրադեղյան, «Դուռը»

հեղ․հրատ 14

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]