1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լարերի տեսություն. STARMUS VI-ի խոսնակ Բրայան Գրինը՝ ֆիզիկայի ամենահեռանկարային ուղղության պիոներներից

Լարերի տեսություն. STARMUS VI-ի խոսնակ Բրայան Գրինը՝ ֆիզիկայի 
ամենահեռանկարային ուղղության պիոներներից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի պատմությունը սովորեցնում է, որ անգամ մեծագույն հայտնագործությունները, որոնք լույս են սփռում շրջակա աշխարհի վրա, ավելի շատ նոր հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս: 19-րդ դարի վերջերին ֆիզիկայում առաջացել էր իրավիճակ, երբ գիտնականները համոզված էին, որ ամեն ինչ արդեն բացահայտված է, մնացել է ճշտել մի քանի պարամետր, ինչից հետո նրանք անգործ են մնալու. հետագայում, հենց այդ «փոքրիկ պարամետրերի» ու «անճշտությունների» ճշտման փուլում, սկզբում՝ Ալբերտ Էյնշթեյնը, ապա՝ Մաքս Պլանկը կարողացան հայտնաբերել անսահման մեծ ու բարդ նոր աշխարհ, որը մինչ այդ թաքնված էր: Ու մինչ օրս այդ աշխարհի ուսումնասիրությունը շարունակվում է:

Էյնշթեյնը փորձում էր լուծել Իսահակ Նյուտոնի՝ գրավիտացիայի նկարագրության խնդիրները էքստրեմալ պայմաններում, երբ արագություններն ու զանգվածները զգալիորեն գերազանցում են առօրյա կյանքում եղածները: Հանճարեղ պայծառացման մի քանի դրվագների շնորհիվ Էյնշթեյնը հասկացավ, որ տարածության ու ժամանակի նյուտոնյան պատկերացումը դադարում է աշխատել մեծ արագությունների ու զանգվածների դեպքում. Նյուտոնը տարածությունն ու ժամանակը նկարագրում էր որպես բացարձակ, ամեն ինչից անկախ գոյություն ունեցող «թատերաբեմի» էլեմենտներ, որոնց ֆոնին տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդում ոչ տարածության, ոչ էլ ժամանակի վրա: Էյնշթեյնը ցույց տվեց, որ ավելի խորը ուսումնասիրության պայմաններում տարածությունն ու ժամանակը հանդես են գալիս ոչ միայն որպես մեկ միասնական ֆիզիկական օբյեկտ՝ տարածաժամանակային կոնտինուում, այլև դրանք ազդում են նյութական մարմինների վրա, իսկ նյութական մարմիններն ազդում են տարածաժամանակային կոնտինուումի վրա:

Տարածությունն ու ժամանակը մեծ արագությունների ու զանգվածների դեպքում կորություն են ձեռք բերում (ժամանակի դեպքում՝ դա ժամանակի դանդաղումն է), իսկ կորացած տարածությունը ստիպում է մարմիններին շարժվել հենց այդ կորությամբ: Նման կերպ Էյնշթեյնը «վերահայտնաբերեց» գրավիտացիան. օրինակ, Երկիր մոլորակի գրավիտացիան, ըստ Հարաբերականության ընդհանուր տեսության, դա մեր մոլորակի զանգվածի ազդեցության տակ կորացած տարածությունն է իր շուրջը, ու այդ կորության շնորհիվ է, որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ, իսկ մոլորակի մակերևույթի օբյեկտները տարածության կորության շնորհիվ «սեղմված են մնում» մակերևույթին ու չեն թռչում բաց տարածություն:

Մաքս Պլանկի բացահայտումը շատ ավելի փոքր մասշտաբների էր: Հիմնվելով էլեկտրամագնետիզմի թեմայով Ջեյմս Քլերկ Մաքսվելի աշխատանքների վրա ու փորձելով հաշվարկել, թե որքան էներգիա է ճառագայթում տաքացված մարմինը՝ Պլանկը եկավ տարօրինակ եզրակացության. ցանկացած տաքացված մարմնի ճառագայթած էներգիան անվերջ է: Անլուծելի թվացող պարադոքսալ խնդրի լուծումն էլ հենց Պլանկի հանճարեղ պայծառացումն էր. նա հայտնաբերեց, որ ճառագայթումը տեղի է ունենում ոչ թե անընդհատ, այլ դիսկրետ «կտորներով» կամ «փաթեթներով»՝ քվանտերով, ինչը թույլ է տալիս խուսափել անվերջություններից: Ու քանի դեռ Էյնշթեյնի տեսությունը մեծ հաջողությամբ նկարագրում էր ամենամեծ օբյեկտները՝ աստղերը, մոլորակները, գալակտիկաները, Պլանկի ստեղծած տեսությունը՝ քվանտային մեխանիկան, սկսեց աննախադեպ ճշգրտությամբ նկարագրել փոքրագույն մարմինների՝ ատոմների, էլեկտրոնների, պրոտոնների, ֆոտոնների և մյուս մասնիկների աշխարհը:

Այսպիսով, նախորդ դարի առաջին կեսին արդեն ձևավորվեցին ու ամրացան երկու կենտրոնական գիտական պարադիգմերը. Հարաբերականության ընդհանուր տեսությունը, որը նկարագրում էր գրավիտացիոն փոխազդեցությունն ամենամեծ մասշտաբներում՝ գործ ունենալով տարածության ու ժամանակի դինամիկ հատկությունների հետ և քվանտային մեխանիկան, որը նկարագրում էր մնացած երեք փոխազդեցությունները (էլեկտրամագնիսական, թույլ և ուժեղ)՝ գործ ունենալով տարրական մասնիկների տարօրինակ, հավանականությունների վրա հիմնված դիսկրետ հատկությունների հետ: Հետագայում այս տեսությունները զարգացվում էին միմյանցից անկախ, ընդ որում՝ յուրաքանչյուրն իր կիրառության սահմաններում ցուցաբերում էր աննկարագրելի ճշգրտություն գիտափորձերի ընթացքում: Սակայն անհաղթահարելի խնդիրն առաջանում էր այն ժամանակ, երբ փորձ էր արվում միավորել այս տեսությունները:

Առաջին հայացքից կարող է անիմաստ թվալ երկու հաջողակ տեսությունների միավորումը. մեկը նկարագրում է իրադարձությունները տիեզերական մասշտաբներում, մեծ արագությունների ու զանգվածների պարագայում, մյուսը՝ անտեսանելի, միկրոսկոպիկ մասշտաբներում: Սակայն լինում են իրավիճակներ, օրինակ՝ Տիեզերքի առաջացման պահին կամ սև խոռոչներում, երբ մեծ արագություններն ու զանգվածները համադրվում են շատ փոքր մասշտաբների հետ, ու այս իրավիճակում միավորումն անխուսափելի ու անհրաժեշտ է: Տասնամյակների ընթացքում գիտնականները փորձում էին միավորել գրավիտացիան մյուս փոխազդեցությունների հետ (այսինքն՝ միավորել ՀԸՏ-ն և քվանտային մեխանիկան), սակայն ապարդյուն: Ցանկացած նման փորձ առաջացնում էր անվերջություններ կամ այլ անիմաստ պատասխաններ: Ու միայն նախորդ դարի 60-ականների վերջին ստեղծվեց մաթեմատիկական տեսություն՝ լարերի տեսությունը, որը կարողացավ անել դա:

Վերջին 60 տարիների ընթացքում լարերի տեսության մասնագետները անդադար աշխատում են այն կատարելագործելու ուղղությամբ: Ու նրանցից մեկը ամերիկացի ֆիզիկոս Բրայան Գրինն է, ով ոչ միայն մեծ ներդրում է ունեցել տեսության տարբեր ուղղությունների ճշգրտման հարցում, այլև ակտիվորեն զբաղվել է այս բարդ մաթեմատիկական համակարգի հանրայնացման գործում՝ գիտահանրամատչելի գրքերի ու վավերագրական սերիալների միջոցով: Գրինի «Էլեգանտ Տիեզերք» գիրքն ընդհանրապես համարվում է ֆունդամենտալ ֆիզիկայի ոլորտում լավագույն գիտահանրամատչելի գրքերից մեկը՝ երկար ժամանակ գտնվելով բեսթսելերների ցուցակում: Դժվար է ասել, թե լարերի տեսությունը լուծել է ֆունդամենտալ ֆիզիկայի բոլոր խնդիրները, չկա անգամ համոզվածություն, որ հենց սա է բոլոր փոխազդեցությունները միավորող «ամեն ինչի տեսությունը», քանի որ խնդիրներն առայժմ շատ են, սակայն լարերի տեսությունը մարդկային մտքի ամենաբացառիկ ու բարդ արգասիքներից մեկն է:

Բրայան Գրինը լինելու է Հայաստանում անցկացվելիք STARMUS VI փառատոնի խոսնակներից:

Արման Գասպարյան             


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]