Հասարակական

Կայացավ գազաբալոնների վկայագրման 23-րդ լիցենզավորված կայանի բացումը. ՏԿԵ նախարարը ծանոթացավ սարքավորումներին

3 րոպեի ընթերցում

Կայացավ գազաբալոնների վկայագրման 23-րդ լիցենզավորված կայանի բացումը. ՏԿԵ նախարարը ծանոթացավ սարքավորումներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում և մարզերում այս պահին գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված կազմակերպություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցեց Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի 11 հասցում գտնվող «Գազաբալոնների ճնշաչափման կայան»-ի բացմանը և ծանոթացավ սարքավորումներին:

Կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Էդգար Ղամբարյանն ընդգծեց, որ տեղամասը գործում է գազաբալոնների վկայագրման օրենքին համապատասխան:

«Այստեղ կատարվում է գազաբալոնային համակարգերով կահավորված տրանսպորտային միջոցների գազաբալոնի պարբերական վկայագրում, որի մեջ ամենակարևոր բաղադրիչը ճնշափորձարկումն է, ինչպես նաև բալոնների արտադրման և շահագործման ժամկետների վերահսկումը»,- նշեց Ղամբարյանը:

Նրա համոզմամբ՝ օրենքի կիրառումը ազգաբնակչությանը մեծ ռիսկերից հեռու է պահելու: Գազաբալոնների վկայագրում կամ ճնշափորձարկում կատարելու համար կայանում պահանջվում է 12-15 հազար դրամ: Այս պահն արտադրման ավարտին է հասցված ևս 3 կայանի համար նախատեսվող հաստոցների խումբ: Մինչև տարվա վերջ նույն բրենդի ներքո նախատեսում է ևս 10 կայանի բացում:

Նախարար Սանոսյանը շեշտեց՝ կառավարությունը նման նախաձեռնությամբ հեշտացնում է վարորդների կյանքը: Նախարարը քաղաքացիներին հորդորեց մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում:

«Սա 23-րդ կայանն է: Նախարարությունում ևս 3 կայանի փաստաթղթեր են շրջանառվում, մոտ օրերս ևս 3 կայան գործունեության թույլտվություն կստանա: Հավանաբար, փոփոխություններ կկատարվեն նորմատիվների հետ կապված, քանի որ ուզում ենք, որպեսզի մի շարք տարածքներ նման կայաններ ունենալու հնարավորություն ունենան»,- նշեց Սանոսյանը:

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Եթե շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում են մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում