Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորել է Վրաստանի վարչապետին

ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորել է Վրաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով:

Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:

Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին:

Վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը և պաշտոնական մակարդակում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշեն մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

Նիկոլ Փաշինյան»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am