Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-25/22. Սևադա, Սելինջեր, արքայադուստրեր, Սարգսյան

«Նոր գիրք»-25/22.    Սևադա, Սելինջեր, արքայադուստրեր, Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Սյունե Սևադա, «Աղի թեյ»

2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում են մանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

«Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու...երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել՝ ի հեճուկս դժվարությունների: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականություն. Ջ. Դ. Սելինջեր, «Փրկիչը տարեկանի արտում»

Ամերիկյան հռչակավոր գրող Ջերոմ Դ. Սելինջերի հանրահայտ վեպը առաջին անգամ է հայ ընթերցողին ներկայացվում բնագրից կատարած թարգմանությամբ: Նախորդ հրատարակությունների «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վերնագրի փոխարեն առաջարկվող «Փրկիչը տարեկանի արտում» (“The Catcher in the Rye”) վերնագիրն առավել հարազատ է բնագրին, թեպետ կարող է ոչ միանշանակ ընկալվել: Թարգմանությունն անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. «20 հեքիաթ արքայադուստրերի մասին»

«20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Թարգմանիչ՝ Աննա Կարապետյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն. Վազգեն Սարգսյան, «Վերջին անգամ եմ ասում»

Գիրքը ներկայացնում է մտավորական գործչի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի և վարչապետի դիրքորոշումը ազգային-պետական մի շարք հիմնահարցերի, քաղաքականության թիրախների և նպատակների վերաբերյալ: Նա կարևորում է բանակաշինության գործընթացը, հանրության ուշադրությանը ներկայացնում օրախնդիր այլ հարցեր, ընդգծում միջոցները կենտրոնացնելու անհրաժեշտությունը: Խոսելով մեր պայքարի անկյունաքարի մասին՝ Սպարապետն անդրադառնում է Արցախին, որը պետք է վերածել մի վայրի «...որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ: Դա է Արցախի փրկությունը, և մենք՝ ժողովուրդ-պետությունով, կուսակցություններով, յուրաքանչյուր մարդ իր կարեցածի ու հնարավորությունների չափով պիտի նպաստի այդ գործին»: Հորդորելով ստորադասել անձնական-պաշտոնեական նկրտումները՝ Սարգսյանն ընդգծում է համազգային շահը. «Մտածե՛ք էս երկրի մասին»։

Կազմող՝ Կարինե Մեսրոպյան, խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]