Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեղադրվեց եւ բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հուշարձան-խաչքարը

Տեղադրվեց եւ բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների 
հուշարձան-խաչքարը

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց եւ բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հուշարձան-խաչքարը ` բարերարությամբ ռուսաստանաբնակ ծովակցիներ Նվեր եւ Արթուր Մանուկյանների, նախագծմամբ Հունան Հարությունյանի եւ շինարարությամբ Կարեն Սարգսյանի։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հուշարձան -խաչքարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ, Ծովակի միջնակարգ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։

Հուշարձան-խաչքարը բացման պատիվը վերապահվեց բարերարներ Նվեր եւ Արթուր Մանուկյաններին։ Օրհնության կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգեւոր հովիվներ Տեր Տարոն եւ Տեր Հարություն քահանա Հունանյանները։ «Մենք միասին կատարեցինք օրհնության կարգը այս տաճար-խաչքարի, որի քանդակը չէ, որ մենք պաշտում ենք, այլ նրա խորհուրդը, քանզի այն պահին, երբ խաչվեց Տերը, խաչն արդեն դարձավ հաղթանակի եւ կյանքի խորհրդանիշ։ Եվ ինչպես Տեր Հիսուս տվեց իր կյանքը հանուն մարդկության փրկության, այնպես էլ Ծովակի 11 քաջերն իրենց կյանքը զոհեցին, որ ապրի մեր հայրենիքը, իրենց ընտանիքի անդամներն ու մերձավորները։Անմահ են նրանց սխրանքները, անմոռանալի են նրանց անունները»,-ներկաներին դիմեց Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Ոգեկոչման խոսքերով միջոցառման մասնակիցներին դիմեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Դարբինյանը, հրամանատարի տեղակալ Արման Մխիթարյանը, Ծովակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը։ Ծովակի միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան գրական-գեղարվեստական կատարումներով եւ անուն առ անուն ներկայացրին Արցախյան պատերազմներում հերոսացած Համլետ Բալաբեկյանի, Հովիկ Հակոբյանի, Սեւակ եւ Երեմ Գալստյանների, Գարիկ Մելքոնյանի, Արշակ Սահակյանի, Արտյոմ Ստեփանյանի, Համլետ Հարությունյանի, Արթուր Վարդանյանի, Թորգոմ Ավետիսյանի եւ անհետ կորած համարվող Ռոման Գեւորգյանի կենսագրությունները։

«Մեր դպրոցի պարծանք համարվող քաջեր, խոնարհումս ձեզ։ Դուք ոչ միայն դարձաք պատմություն կերտած հերոսներ, այլ նաեւ հայրենիքի համար տվեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը։ Հերոսածին ծնողներ, խոնարհումս ձեզ, դուք հայրենիքի փրկության համար տվեցիք ամենաթանկը՝ ձեր որդիներին։ Մեր դպրոցի մանկավարժական կոլեկտիվի անունից շնորհակալություն եմ հայտնում բարերարներին, նախաձեռնողին ու շինարարին, քանի որ դպրոցի բակում տեղադրված այս հուշարձան խաչքարը հայրենասիրության հավերժական դաս վարելու վայր է դառնում»,-եզրափակիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը։

Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հուշարձան-խաչքարին։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am