Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Մոծակի ոտքերով ռնգեղջյուրից մինչև սև խոռոչի գաղտնիքները. հետահայաց STARMUS II-ին

Մոծակի ոտքերով ռնգեղջյուրից մինչև սև խոռոչի գաղտնիքները. հետահայաց STARMUS 
II-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն պահին, երբ բանական մարդը հայացքն ուղղեց դեպի երկինք, մարդկությունը մեկընդմիշտ գերվեց Տիեզերքի գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ: Անգամ այսօր, երբ գիտությունը մեծ նվաճումների է հասել ու մարդկությանը հասցրել է ավելի հեռուն, քան երբևէ, Տիեզերքը շարունակում է իր անեզր տարածության մեջ թաքնված պահել գաղտնիքներ, որոնց բացահայտումը շարունակելու է մնալ մարդկության կարևորագույն առաքելություններից մեկը:

Տիեզերքի գաղտնիքները, գիտական մտքի նորագույն բացահայտումները և նորարարությունները քննարկելու ու հանրայնացնելու նպատակ ունեցող STARMUS փառատոնը յուրահատուկ հարթակ է՝ հանդիպելու ու զրուցելու մարդկության ապագայի, տիեզերագիտության նվաճումների մասին: Այս ամենը, իհարկե, զուգակցված բարձրորակ երաժշտությամբ, որն այս յուրօրինակ փառատոնը դարձնում է ավելի լիարժեք ու հրապուրիչ:

«Արմենպրես»-ը հատուկ հոդվածաշարի շրջանակում նախորդ շաբաթ պատմել էր STARMUS-ի առաջին փառատոնի ուշագրավ դեպքերի ու դեմքերի, հիշարժան ելույթների մասին: Ստորև ներկայացնում ենք STARMUS-ի երկրորդ փառատոնին նվիրված հոդվածը:

STARMUS II. «Սկիզբը. ժամանակակից Կոսմոսի առաջացումը»

STARMUS-ի երկրորդ փառատոնը նախորդի նման կազմակերպվեց Կանարյան կղզիներում՝ 2014 թվականի սեպտեմբերի 22-27-ը: Եթե 2011 թվականի փառատոնին մասնակիցների թիվը մոտ 300-ն էր, ապա այս անգամ այդ թիվը ավելի քան եռապատկվել էր՝ հասնելով 1000-ի, ինչը վկայությունն էր նրա, որ գիտության ու արվեստի յուրօրինակ փառատոնը ստացվել էր ու սիրվել գիտնականների, հետազոտողների, տիեզերագնացների ու պարզապես թեմայի սիրահարների կողմից, ովքեր աշխարհի տարբեր կետերից կրկին հավաքվել էին՝ լսելու ոլորտի հսկաներին, մարդկանց, ում մտքերն ու գաղափարները ժամանակին իսկական հեղափոխություն մտցրին գիտության մեջ, իսկ անցած ուղին ոգեշնչեց միլիոնավոր մարդկանց՝ երազելու ու գնալու հեռուն: Այս տարի փառատոնն անց էր կացվում «Սկիզբը. ժամանակակից Կոսմոսի առաջացումը» (Beginnings: The Making of the Modern Cosmos) խորագրի ներքո:

Միջոցառման կենտրոնական բանախոսներից էին տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, խորհրդային տիեզերագնաց և պատմության մեջ առաջինը բաց տիեզերք դուրս եկած Ալեքսեյ Լեոնովը, փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, «Ապոլոն 16»-ի աստրոնավտ, լուսնագնաց Չարլի Դյուքը, էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոուքինսը, Նոբելյան մրցանակակիրներ՝ քիմիկոս Հարոլդ Կրոտոն, ֆիզիկոս Ռոբերտ Ուիլսոնը և աստղաֆիզիկոս Ջոն Մաթերը և այլոք: Բոլոր մասնակիցները փորձում էին պատասխանել մարդկության ամենամեծ ու մինչ օրս անպատասխան հարցերին՝ որտեղի՞ց ենք մենք գալիս ու դեպի ո՞ւր ենք գնում:

Գուցե սև խոռոչներն իրականում այնքան էլ սև չեն

STARMUS II-ի կենտրոնական դեմքն, անկասկած, Սթիվեն Հոքինգն էր, ով ողջ աշխարհին հայտնի է սև խոռոչների ճառագայթման ու քվանտային գրավիտացիայի հետ կապված իր հեղափոխական տեսություններով: Փառատոնի շրջանակում Հոքինգը երկու ելույթ ունեցավ: Առաջին ելույթը նվիրված էր Տիեզերքի առաջացմանը, իսկ երկրորդ ելույթը, որը տեղի ունեցավ փառատոնի եզրափակիչ օրը և դարձավ գիտական տոնախմբության շռնդալից եզրափակում, վերաբերում էր սև խոռոչներին: Մասնավորապես, գիտնականը ներկայացրեց իր հիպոթեզն այն մասին, որ կա հավանականություն՝ ցանկացած մասնիկ, ընկնելով սև խոռոչի մեջ, կարող է դուրս գալ այլ Տիեզերքում: Սակայն, ըստ Հոքինգի, սև խոռոչով այլ Տիեզերք դուրս գալուց հետո այլևս հնարավոր չի լինի հետ վերադառնալ, ուստի նա կատակեց. «Թեպետ ես կողմ եմ տիեզերական թռիչքներին, սակայն չեմ պատրաստվում փորձարկել դա»:

Նկարում՝ Սթիվեն Հոքինգը STARMUS-ի բեմում դասախոսություն է կարդում սև խոռոչների մասին

Ելույթի ավարտին Հոքինգը, ով մշտապես աչքի էր ընկնում նուրբ հումորի զգացումով, նշեց.

«Այս դասախոսության ուղերձը հետևյալն է՝ սև խոռոչներն իրականում այնքան սև չեն, որքան պատկերվում են: Նրանք այն հավերժական ներկայությունը չեն, ինչպես կարծում էինք ժամանակին: Իրերը կարող են դուրս գալ սև խոռոչից՝ թե՛ դուրս, թե՛, հնարավոր է, դեպի այլ Տիեզերք: Ուստի եթե կարծում եք, որ հայտնվել եք սև խոռոչում, մի հանձնվեք: Ելքի ճանապարհ կա՛»:

 

Աստվածավախ Չարլի Դյուքը ու աթեիստ Հոքինգը

STARMUS II-ի բանախոսներից Չարլի Դյուքը, ով 1972 թվականին «Ապոլոն 16»-ի առաքելությամբ թռավ Լուսին՝ դառնալով Երկրի արբանյակի վրա քայլած տասներորդ մարդը, հետաքրքիր ելույթ էր պատրաստել՝ նվիրված լուսնային մակերևույթի վրա իրենց առաքելությանը: Ստացվել էր այնպես, որ Սթիվեն Հոքինգը բաց էր թողել Դյուքի դասախոսությունը: Փառատոնի գաղափարի հեղինակ Գարիկ Իսրայելյանը Դյուքի դասախոսության ևս մեկ՝ այս անգամ փակ լսում կազմակերպեց մոտ մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում և Հոքինգի ու Բրայան Մեյի համար: Չարլի Դյուքի դասախոսության առաջին մասը նվիրված էր Լուսնի վրա ունեցած փորձառությանը, իսկ արդեն երկրորդ հատվածում աստրոնավտը խոսում էր դրանից հետո Աստծո հետ իր փոխհարաբերությունների մասին:

Նկարում՝ Չարլի Դյուքը պատմում է Լուսնի վրա «Ապոլոն 16»-ի առաքելության մասին

Փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը հիշում է, թե ինչպես Դյուքի դասախոսության ավարտից անմիջապես հետո աթեիստական հայացքներով հայտնի Հոքինգը, ով իր հիվանդության պատճառով տեղաշարժվում էր հատուկ աթոռի և խոսում՝ էլեկտրոնային սարքի միջոցով, սկսեց ինչ-որ տեքստ հավաքել: «Վերջապես, Սթիվենն ակտիվացրեց իր գրած տեքստն ընթերցելու ձայնային ռեժիմը: Այդ անմոռանալի մեխանիկական ձայնն ասաց. «Աստված երևի հումորի մեծ զգացում ունի»,- հիշում է Մեյը:

 

Ձեզ հետաքրքրող հարցին կպատասխանի անձամբ Հոքինգը

STARMUS II-ի կազմակերպիչները յուրօրինակ՝ «Հարցրու Հոքինգին» խորագրով մրցույթ կազմակերպեցին գիտության սիրահարների համար, որի շրջանակում ոչ մասնագիտական հանրության անդամներին հնարավորություն ընձեռնվեց հարց ուղղել ժամանակակից գիտության ամենահայտնի դեմքերից մեկին: Մինչև STARMUS II-ի մեկնարկը ցանկացողներն ուղարկեցին իրենց հարցերը, ինչից հետո ժյուրին ընտրեց 5 մասնակցի, ովքեր հենց փառատոնի բեմում հնարավորություն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ Հոքինգից: 

Նկարում՝ գիտության սիրահարներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալուց հետո փառատոնի բեմում լուսանկարվում են Հոքինգի հետ

 

Երիտասարդներին պետք է սովորեցնել հարցեր տալ

Մեր օրերի կրթական համակարգի խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ պարզապես չեն ցանկանում որևէ ապացույց փնտրել. այս կարծիքին էր փառատոնին մասնակցող Նոբելյան մրցանակակիր, քիմիկոս Հարոլդ Կրոտոն, ով հայտնի է որպես գիտական կրթության/science education ջատագով: «Երիտասարդներին պետք է սովորեցնել հարցեր տալ. ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ այն, ինչ ինձ ասում եք, ճշմարիտ է»: 

Նկարում՝ Հարոլդ Կրոտոն խոսում է կրթության կարևորության մասին

Իր ելույթի ընթացքում Կրոտոն հիշեցրեց, թե ինչպես դարեր առաջ  բոլորը կարծում էին, թե Արեգակը պտտվում է Երկրի շուրջ, և միայն մի քանի համարձակներ՝ Գալիլեո Գալիլեյը, Ջորդանո Բրունոն, համարձակվեցին հարցականի տակ դնել բոլորի կողմից որպես ճշմարտություն ընդունված փաստը, ինչի հետևանքով թեպետ ենթարկվեցին ինկվիզիցիայի հաշվեհարդարին, սակայն տարիներ անց մարդկությունը հաշվի նստեց նրանց փաստարկների հետ:

«Մարդիկ այսօր էլ ընդունում են իրենց ներկայացվող իրականությունը որպես ճշմարտություն՝ կապված, թե տվյալ անհատի հանդեպ որքան հարգանքով են լցված՝ առանց փորձելու ինքնուրույն գտնել այդ իրականության ապացույցը: Եվ կարևոր չէ, թե հարցն ինչին է վերաբերում՝ գլոբալ տաքացմանը, միստիկ հավատալիքներին կամ այլ հարցերի: Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես ես որոշում՝ այն, ինչ ձեզ ներկայացնում են, ճշմարիտ է, թե ոչ»,-

ասաց Կրոտոն՝ ևս մեկ անգամ երիտասարդներին կոչ անելով որպես վերջնական փաստ չընդունել ամեն ինչ ու շարունակ հարցեր տալ՝ փորձելով գտնել նոր պատասխաններ ու բացահայտելով նոր ճշմարտություններ:

 

Էվոլյուցիոն կենսաբանը խոսում է այլմոլորակային կյանքի հնարավոր տարբերակների մասին

Մարդկությունը չպետք է զարմանա, երբ պարզի, որ այլմոլորակային կյանքն այնքան էլ չի տարբերվում Երկիր մոլորակի վրա առկա կյանքից, իսկ որոշակի տարբերություններ հնարավոր են՝ ելնելով շրջակա միջավայրի առանձնահատկություններից: STARMUS II-ի մասնակից, էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոուքինսը կարծում է, որ այլ մոլորակների վրա կյանքը, ամենայն հավանականությամբ, կրկին ծագել է Դարվինի տեսության սկզբունքների համաձայն, որտեղ ցանկացած կենդանի օրգանիզմ գոյատևման պայքարի մեջ է, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, ընձուղտները էվոլյուցիայի ենթարկվեցին՝ զարգացնելով երկար պարանոցը, որպեսզի կարողանան հասնել ծառերի վրա իրենց կենսական սնունդին:

«Գրազ եմ գալիս, որ այլմոլորակային կյանքն ամենայն հավանականությամբ դարվինյան է լինելու»,- հայտարարեց Դոուքինսը:

Նկարում՝ Ռիչարդ Դոուքինսը ներկայացնում է այլմոլորակային կյանքի հնարավոր տարբերակները

Գիտնականը հետաքրքիր հարցադրում արեց՝ թե ինչպիսի տեսք կունենա այլմոլորակային կյանքը Երկիր մոլորակից տարբերվող պայմանների դեպքում: Կենսաբանի կարծիքով՝ այլմոլորակային կյանքի վրա էական ազդեցություն կունենա գրավիտացիայի փոփոխությունը: Օրինակ, ցածր գրավիտացիա ունեցող աշխարհում մուկը, ամենայն հավանականությամբ, կունենա նույն պրոպորցիաները, ինչ ռնգեղջյուրը: Իսկ մյուս կողմից, նույն ռնգեղջյուրը կունենա չափազանց բարակ ոտքեր, ինչպիսին սարդինը կամ մոծակինն են:

Դոուքինսը չբացառեց, որ այլմոլորակային կյանքի տեսակները կարող են աճեցնել անիվներ՝ ավելի հեշտ տեղաշարժվելու համար, կամ կարող են ամենօրյա կյանքում օգտագործել ռադիոհաճախականություններ: Վերադառնալով մեր Արեգակնային համակարգ՝ էվոլյուցիոն կենսաբանը չբացառեց Կարմիր մոլորակի վրա կյանքի որևէ տեսակ գտնելու հավանականությունը՝ նշելով. «Այդ ժամանակ մենք հստակ կարձանագրենք, որ Տիեզերքը լի է կյանքով»:

 

STARMUS II-ը՝ ամփոփված մեկ գրքում

STARMUS II-ի ավարտին փառատոնի համահիմնադիրները հեղինակեցին «Տիեզերքի ծագումը» խորագրով գիրք, որն իր մեջ ամփոփեց գիտության ու երաժշտության երկրորդ փառատոնի կարևորագույն պահերն ու առանցքային ելույթները:

Կարդացեք նաև`

STARMUS I. Լուսնային մարդու վերջին ելույթից մինչև բաց տիեզերքում առաջինը քայլած տիեզերագնացի դիտարկումները 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]