Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կապույտի մեջ ընկած լուսնի շողը...

Կապույտի մեջ ընկած լուսնի շողը...

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երազե, նիրվանայե, արցունքե, սերե շինված էակն էր, անրջային արարած մը, փափուկ, գերզգայիկ... Աստված զանիկա ծաղիկ ստեղծած ըլլալու էր ...»:

Հրանտ Նազարյանց

 

Եվ, իսկապես, ընդամենը 17 տարվա գարուն տեսած պարմանուհին հենց կյանքը զարդարող ծաղիկ էր, այն անթառամներից, որ քաղելուց հետո էլ չի թոշնում ու չի կորցնում բնական հմայքը...  Հերանուշը Մեծարենցից (22) ու Դուրյանից (21) էլ կարճ ապրեց, սակայն իր համառոտ կյանքի ընթացքում հայ մտքի ու պոեզիայի մեջ թողեց արժանահիշատակ ու պայծառ հետք։ Նրա մասին տեղեկություններ կան արաբերեն, հունարեն, անգլերեն, իսպաներեն, պարսկերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով։ Նրա մասին գրել են Գառնիկ Ստեփանյանը, Սիմոն Հակոբյանը, Հրանտ Նազարյանցը, Վազգեն Գաբրիելյանը եւ այլք։ Հերանուշի կյանքը ի սկզբանե տխուր ընթացք ստացավ, սակայն կյանքին սիրահարված ու նրան պոեզիայի գունադիտակով ընկալող մատղաշ հոգին միշտ պահպանեց երդիկից ընկած արեւի շողի անհրաժեշտությունը՝ կյանքի գորշ պատերին անդրադարձումների  ու մխիթարության, հուսո լույսը չկորցնելու համար, քանզի

Ցավի բաժակն մինչեւ մրուր քամեցի,

Արյունելով շրթունքներըս կանացի...

Հերանուշ (Նարգիզ) Հակոբի Արշակյանը ծնվել է 135 տարի առաջ՝ 1887 թ. հուլիսի 28-ին, Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ արվարձանում։ Հայրն ակտիվորեն զբաղվում էր հանրային գործերով, սակայն աղջկան չվիճակվեց առավել իրական ճանաչել նրան, քանզի հայրը վախճանվեց, երբ դուստրն ընդամենը երեք տարեկան էր, սակայն ճակատագրի տխրագույն էջերը դեռ առջեւում էին՝ միաժամանակ մոռացության չտալով հոր կորստյան վիշտը. «Ամեն անգամ, որ նայվածքս հոն կհածի, կհիշեմ հորս գերեզմանը, որ հեռուն Շիշլիի գերեզմանոցին մեջն է»։ Չնայած ծանր կորստին ու նյութական սուղ կացությանը, կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում էր. տասը տարեկանում Հերանուշը հաճախում է Մաքրիգյուղի ֆրանսիական իգական վարժարան, տարիուկես անց փոխադրվում ծննդավայրի Մաքրուհյաց հայկական դպրոց, առաջադիմում ուսման մեջ, հատկապես գովասանքների արժանանում ինքնատիպ մտածողության ու դրանք գրավոր շարադրելու վարպետության համար։ Հերանուշը, տարաբախտաբար, նույն հյուծախտով, կիսեց Մեծարենցի ու Դուրյանի դառը ճակատագիրը եւ ստիպված եղավ բժիշկների խորհրդով ընդհատել ուսումը, տեղափոխվել գյուղական վայր՝ բնության գիրկը Էդի-Կուլեի մերձակա ագարակներից մեկում ապաստան գտած ներհուն պարմանուհին, պարուրված մահվան հեռանկարով, շարունակում է զմայլվել մայր բնության հրաշքներով. «Արտեր կանաչ, կանաչ կտրեր են. հեռուն Պոլիսը բլուրեն վար կտարածվի իր վիժանուտ թաղերով, ավելի անդին լեռներ մշուշը պլլված, ու Մարմարան անչափ աղվոր, անչափ սարսռուն արեւուն հրակեզ ճաճանչներուն տակ...»: Արեւմտահայերենի նրբին գեղեցկությամբ ծնվում են նրա բանաստեղծական հիացումները առ բնություն.

Անուշ զեփյուռը մեղմիկ

Գգվեր երեսը ծովին.

Ու մեղմով մը կը զարներ

Ալիքները ծովափին։

Շատ իրիկուն ես մենակ

Հոն կերթայի ու ժամեր

Կանգնած՝ աղվոր ծովակին

Կը հառնեի իմ աչքեր։

Իր տարիքի համեմատ Հերանուշն առավել վաղ ճանաչեց կյանքը, տառապանքն ու ցավը, մարդուն բաժին ընկած անարդարությունները ու թե երբեմն էլ տրվեց անձկության մելամաղձությանը, ապա լույսի շողն ափի մեջ ունենալով, այնքան որ հասուն էր ու իմաստնացած... Բանաստեղծուհու մտերիմների վկայությամբ՝ նրա գրիչը բավականին բեղուն էր՝ ծավալուն վեպ, նորավեպեր, ֆրանսերեն ոտանավորներ, հինգ տասնյակից ավելի հայերեն բանաստեղծություններ, որոնցից, սակայն, նրա մահվանից հինգ տարի անց հրատարակվեց մի գրքույկ, որում զետեղված էին ընդամենը 24 բանաստեղծություն եւ որոշ նամակներից հատվածներ։ Անգամ այդ փոքրիկ հիշատակով պարզ է դառնում, թե որպիսի գանձ է Հերանուշի պոեզիան մեր գրական անդաստանում։ Նրա բանաստեղծությունները տեղ են գտել դասագրքերում ու տարբեր ժողովածուներում, որոնցից են՝ «Լրում», «Երկու ճամփաները», «Հույս», «Ղարիպը», «Լացին գիշերը», «Մահվան մոտ» եւ այլն։ 1956 թ. Երեւանում լույս է տեսել «Հոգիներուն արցունքը», 1992-ին՝ «Լուսնյակ» (բանաստեղծություններ, արձակ), 2002-ին՝ կրկին «Լուսնյակ» (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ)... Ու թեեւ բաժին ընկած տխուր ճակատագրին, որ այնպես դառնորեն նկարագրում է նա (Աչքերուս մեջ արցունքներըս ցամքեցան, /Ինքըս իմ մեջ տառապեցա ես անձայն. /Եվ բառերով օրորվեցա մինչեւ որ /Հույսի բոլոր աղբյուրներըս ցամքեցան), բանաստեղծուհուն խորթ չեն մնում այլոց տառապանքները, որոնց հետ պատրաստ է կիսվել. «Ես ալ միեւնույնն սիրով կսիրեմ ամեն անոնք, որ կույր, տգեղ, հաշմանդամ են, բոլոր անոնք, որոնք մարդկութենեն հալածված են ամեն տեղ... ...Ուղեղս կծփա, եթե տառապողներ կան, ամոքողներ ինչո՞ւ չի կան շատ...»: Բանաստեղծուհին շատ լավ է հասկանում, որ ամեն չարություն մարդուց է ծնվում, եւ նրանից դուրս պետք չէ մեղավորներ փնտրել. «Մի ամբաստանեք աստված՝ ըսելով, թե անիկա դժբախտներ, զրկյալներ ըրած է. երբեմն մարդիկ են, որ իրարու կյանք կխորտակեն ու երբեմն ալ մենք մեր ոտքերուն տակ ցավի անդունդ մը կբանանք»։ «Օրերուն ոճիրը» բանաստեղծությունն ասես իր համար էր գրված. ասեղնագործ «կույս աղջիկը ծաղկատի» չի էլ զգում՝ ինչպես են անցնում օրերը, երբ հանկարծ աչքն ընկնում է փոշու մեջ մոռացված հայելուն ու զարմանքից քարանում.

Զի պատկերըն իր դեմեն

          ձյունաթույր

Ցույց տար մազերն իր գանգուր.

Արցունք մ՛ինկավ աչքերեն.

-Օրերն ի՜նչ շուտ սահեր են...

Հերանուշ Արշակյանի օրերն էլ սահեցին «մարտի արեւին հանգույն», եւ գարնանն էլ՝ 1905 թ. մարտի 27-ին վախճանվեց կյանքի սիրահար ու կյանքին կարոտ բանաստեղծուհին...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am